Քաղաքական ճգնաժամը շարունակվում է

13/03/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հինգշաբթի երեկոյան հրապարակել է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը, որտեղ, ինչպես միշտ, ծավալուն անդրադարձ կա նաեւ Հայաստանի մասին:

Հայաստանին վերաբերող հատվածի` մոտ 80 էջ կազմող փաստաթղթի գլխավոր նյութը այս անգամ էլ 2008թ. նախագահական ընտրություններն են, Մարտի 1-ը, 10 զոհերն ու իշխանությունների ողջ գործողությունները մինչեւ 2009-ի ավարտը: Զեկույցը ծայրից ծայր վերաբերում է մեր իշխանությունների կատարած խախտումներին: Զեկույցում նշված է, որ էական խախտումներով անցկացված նախագահական ընտրությունների եւ 10 մարդու մահվան հանգեցրած հետընտրական բախումների հետեւանքով Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը շարունակել է լարված պահել մթնոլորտը երկրում: 2009թ. Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին անդրադարձում Պետդեպարտամենտը կրկին 2008-ի նախագահական ընտրությունների ու Մարտի 1-ի վրա է շեշտը դրել, որովհետեւ անցած ողջ տարին ՀՀ իշխանությունները զբաղված էին այդ իրադարձությունների հետեւանքները քողարկելով եւ ընդդիմադիր գործիչներին հալածելով: Զեկույցում անդրադարձ կա Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցին: «Հանձնաժողովը, որը կոչված էր ուսումնասիրելու հետընտրական զարգացումները, սեպտեմբերի 16-17-ին հրապարակել է զեկույց, որում կա քննադատություն եւ՛ ընդդիմության, եւ՛ իշխանության հասցեին, սակայն բռնությունների եւ բախումների համար հիմնականում պատասխանատու է համարվում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ընդդիմությունը»,- նշված է Պետդեպարտամենտի զեկույցում:

ԱՄՆ Պետդեպարտամենտը գտնում է, որ ողջ 2009թ. ընթացքում Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը չի կարգավորվել, ավելին` գրանցվել են մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ նոր դեպքեր: Նշել են, որ նախագահական ընտրություններում տեղի ունեցած կեղծիքներն ու բռնությունները շարունակվել են նաեւ 2009-ի մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: «Իշխանությունները սահմանափակել են կառավարությունը ազատ եղանակով փոխելու քաղաքացիների իրավունքը մայրաքաղաք Երեւանի ավագանու ընտրություններում: 2009-ի ընթացքում իշխանությունները հետապնդել են քաղաքական ընդդիմախոսներին, կամայական ձերբակալություններ են կատարել, մարդկանց երկար ժամանակով պահել են նախնական կալանքի պայմաններում, կիրառել են ընդդիմախոսներին բյուրոկրատական մեթոդներով ահաբեկելու կամ նրանցից վրեժ լուծելու գործելակերպ»,- գրված է մեր երկրին վերաբերող հատվածում:

«Իշխանությունները ուժ են գործադրել քաղաքական ցույցերի մասնակիցների դեմ եւ խափանել են դրա վերաբերյալ տեղեկատվություն տարածելու քաղաքացիների փորձերը: Ոստիկանները ծեծի են ենթարկել ձերբակալվածներին, Ազգային անվտանգության ծառայության գործակալների եւ ոստիկանների կողմից մարդկանց իրավունքները խախտելու դեպքերն անպատիժ են մնացել: Ամբաստանյալներին զրկել են արդար դատավարության հնարավորությունից»,- շարունակում են ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի հեղինակները:

Եվ ընդհանրապես այդ զեկույցում մանրամասն անդրադարձել են 2009, նաեւ 2008 թվականներին Հայաստանի ներքաղաքական լարված իրավիճակին ու տեղի ունեցած գրեթե բոլոր իրադարձություններին՝ սկսած մարտի 1-ից, մինչեւ համաներումն ու դեռեւս գոյություն ունեցող քաղբանտարկյալների խնդիրը: Դա դեպքերի ոչ միայն գնահատականն է, այլեւ մանրամասն ժամանակագրությունը: Անդրադարձ կան նաեւ զանգվածային լրատվամիջոցների աշխատանքին: «ԶԼՄ-ներին եւ հատկապես հեռարձակվող լրատվամիջոցներին բնորոշ է ինքնագրաքննության բարձր աստիճան: Իշխանությունները սահմանափակում են մամուլի բազմակարծությունը, ինչի վկայություններից մեկը հեռարձակման արտոնագրերի տրամադրման սառեցումն է։ Գրանցվել են լրագրողների վրա հարձակումների նոր դեպքեր»,- փաստում է զեկույցն ու մանրամասն անդրադառնում 2008-2009թթ. ընթացքում լրագրողների նկատմամբ կատարված բռնություններին:

Հատուկ հիշատակում կար կա «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ձերբակալության ու դատավարությունների մասին: Զեկույցն առանձին-առանձին անդրադարձել է ընդդիմության ձերբակալված բոլոր գործիչներին: Նաեւ` գործարար Խաչատուր Սուքիասյանին ու նրա ընտանիքի բիզնեսի դեմ կատարված բոլոր ոտնձգություններին` սկսած «Պիցցա դի Ռոմայից», մինչեւ «Բջնի» գործարանի վաճառքը:

Ասվում է, որ ՀՀ իշխանությունները սահմանափակել են ժողովների եւ հավաքների ազատությունը, բազմիցս մերժել են կոնկրետ վայրերում ցույցեր անցկացնելու քաղաքական ընդդիմության դիմումները, միջամտել եւ ցրել են մարդկանց ինքնաբուխ հավաքները: Ծավալուն անդրադարձ կա նաեւ իրավապահ բոլոր` Ոստիկանության, Ազգային անվտանգության ու դատական համակարգին: Մանրամասն նշվում է կատարված անօրինականությունների ու խախտումների բնույթը: ԱՄՆ Պետդեպարտամենտը նաեւ գտնում է, որ Հայաստանում լուրջ խնդիր է մնում համատարած կոռուպցիան: «Եվ իշխանությունները չեն դիմում վճռական քայլերի՝ այն հաղթահարելու համար»,- շեշտում են զեկույցի հեղինակները:

ԱՄՆ Պետդեպարտամենտի անցած տարվա «Մարդու իրավունքները 2008 թվականին» զեկույցն ուներ գրեթե նույն շեշտադրումները: Անցած տարի իշխող` ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «հերյուրանք» էր որակել ՀՀ-ին վերաբերող հատվածը: Ու քանի որ այս տարի էլ այդ զեկույցում ՀՀ իշխանություններին վերաբերող որեւէ դրական բան չկա, պատգամավորը դրան տվեց «գորշ» որակումը: «Դրա հետ մենք չենք կարող համաձայնել, եւ չեմ էլ կարծում, որ դա այն փաստաթուղթն է, որի հետ մենք պիտի հաշվի նստենք: Բավականին լուրջ բաղադրիչներ ունենք այդ խնդիրների ուղղությամբ եւ փորձելու ենք դրանց լուծումներ տալ: Զեկույցը շատ գորշ է եւ կողմնակալ: Եթե մի զեկույցում որեւէ դրական բան չեն տեսնում, ուրեմն դա իրենց խնդիրն է»,- ասաց Գ.Սահակյանն ու ԱՄՆ Պետդեպարտամենտին խորհուրդ տվեց «փոխել ակնոցները»:

Գ.Սահակյանն, այնուամենայնիվ, համաձայնեց, որ մեր երկրում մարդու իրավունքների եւ կոռուպցիայի հետ կապված խնդիր կա, որ անհրաժեշտ են իրավական բարեփոխումներ եւ այլն: Պատգամավորը, սակայն, չհամաձայնեց լրագրողներին վերաբերող հատվածին ու համոզմունք հայտնեց, թե ՀՀ լրատվական դաշտը «վերածվել է անարխիայի»: Երեկ Հայաստանում մարդու իրավունքների խնդրին է անդրադարձել «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը, ով մեզ հետ զրույցում անդրադարձավ Պետդեպարտամենտի զեկույցին. «Այդտեղ մեկնաբանելու բան չկա, ամեն ինչ հասկանալի է: ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածի տակ է դնում Հայաստանի իշխանությունների իբր թե բացահայտումը` Մարտի 1-ի իմիտացիան: Միանշանակ դատապարտում է, եւ ես համաձայն եմ: Ինձ թվում է, որ ՀՀ իշխանությունները պիտի պատասխան տան այդ հարցադրումներին: Գուցեեւ այն ժամանակ ՀՀ իշխանությունները կարողացան պլստալ եւ հարցերին լուծում չտալ, բայց ժամանակը ամեն ինչ իր տեղն է բերելու: Անցյալ տարի ՀՀ իշխանությունները ոչ մի օրենքի մեջ դեպի լավը փոփոխություն չարեցին, ոչ էլ պատրաստվում են անել: Ամեն ինչը խոսում է այն մասին, որ նրանք ոչ մի քայլ չեն ձեռնարկում դեպի դեմոկրատիա շարժվելու համար»: ՀԱԿ իրավական աջակցության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն էլ գտնում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն իր զեկույցում վեր է հանել այն խնդիրները, որոնց համար իրենք միշտ պայքարել են: «Բնականաբար, Գ.Սահակյանն այս զեկույցի մեջ նշված թերությունները չի տեսնի: Այս անգամ կարող է ասել, որ դա ԱՄՆ նախագահի վարսավիրի կամ պետքարտուղարի վարորդի կողմից գրված զեկույց է: Բայց զեկույցում բարձրացված են խնդիրներ, ինչ մենք բարձրացրել ենք այս տարիների ընթացքում։ Ընդդիմությունը մշտապես պնդել է, որ այս իրավունքների ոտնահարումը կա, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, որ ընտրական գործընթացներով իշխանություն ձեւավորելու կարեւոր սկզբունքը ոտնահարված է եղել: Իշխանությունների կողմից գոնե պետք է ազատ արձակեին քաղբանտարկյալներին, ինչը չեն արել: «Ա1+»-ը չի բացվել, նշանակում է, որ լրատվական դաշտում ԶԼՄ-ների հետ կապված խնդիրներ կան: Հանրահավաքների ազատությունը չի ապահովվել, նշանակում է, որ ժողովրդավարական կարեւոր հաստատություն, ինչպիսին հանրահավաքի իրավունքն է, չի գործում ՀՀ-ում: Անձնական անձեռնմխելիության խնդիր կա, եւ այլն»,- ասում է Ա.Խաչատրյանը:

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն էլ ավելացրեց, որ թեեւ ցավալի է, որ այդպիսի գնահատականներ են ներկայացված, սակայն դրանք օբյեկտիվ են: «Ըստ էության, բոլոր գնահատականները, բացի բառային ձեւակերպումներից, կարելի է նույնացնել ՀԱԿ-ի վերջին 2 տարվա ընթացքում հնչեցրած բոլոր գնահատականներին կապված թե՛ քաղաքացիների քաղաքացիական իրավունքների զանգվածային ոտնահարումների, անձի անձեռնմխելիության, ազատության իրավունքների ոտնահարումների հետ, թե՛ դատաիրավական համակարգի բացակայության ու չգոյության, քաղաքական նպատակներով հարյուրավոր դատավարությունների, հազարավոր վարչական ու հարկային հետապնդումների, ոստիկանական տեռորի հետ: Այս բոլոր գնահատականները օբյեկտիվ են, ինչքան էլ ՀՀ իշխանությունների համար անընդունելի կամ կոշտ լինեն»,- ասաց Գ.Ջհանգիրյանը: