Ընտրությունները կվերահսկեն մարզպետարանները

08/09/2005

Ի տարբերություն 2003թ. ՀՀ նախագահական ընտրությունների նախօրյակին
պաշտոնական մամուլում տպագրված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների
(ԸԸՀ) կազմի, օրերս հրապարակված ԸԸՀ-ների նոր կազմը բավականին անթափանցելի
է` անտեղյակների համար։ Եթե նախորդ ցուցակներում նշված էր, թե անդամներից
ովքեր են ՀՀ նախագահի կողմից նշանակված կամ ով ինչ կուսակցության անդամ է,
ապա այժմ այդ մանրամասները չկան։ Ինչպես նախորդ ցուցակներում, այս անգամ
էլ չի մատնանշված, թե հանձնաժողովականներից ովքեր ինչ պաշտոններ են
զբաղեցնում զուգահեռաբար։ Ահավասիկ, այս անգամ էլ ցուցակներում ընդգրկվել
են մարզպետարանի պաշտոնյաներ։

Լոռու մարզի թիվ 30 ընտրատարածքում, որն ընդգրկում է Վանաձորը,
հանձնաժողովի նախագահը մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի
վարչության պետն է` ՀՀԿ անդամ։ Թիվ 31-ում քարտուղարը մարզպետի
օգնականներից մեկն է, ով քարտուղար էր նաեւ նախորդ ընտրությունների
ժամանակ։ Ընդ որում, թիվ 31-ն ընդգրկում է Ալավերդու տարածքը, բայց
քարտուղարը, չգիտես ինչու, ընտրված է Վանաձորից։ Նույն կերպ թիվ 31-ի
հանձնաժողովի նախագահն է Վանաձորից` «ՕԵԿ» անդամ։

Թիվ 29-ում էլ հանձնաժողովի անդամ է մարզպետարանի մեկ այլ պաշտոնյա` կրկին
մարզպետի օգնական։ Մարզի այլ տարածքներում էլ որպես հանձնաժողովի անդամ
ընդգրկվել են մարզպետարանի այլ պաշտոնյաներ։ Հետաքրքիր է, ե՞րբ են
հասցնելու նրանք իրենց հիմնական գործում աշխատել, եթե պետք է զբաղված
լինեն մեկ այլ աշխատանքով։ Նշենք, որ ԸԸՀ-ները մշտական գործող
հանձնաժողովներ են` պետբյուջեից ֆինանսավորվող։

Կարծում ենք, վերոնշյալ առումով վիճակը նույնը կլինի նաեւ այլ մարզերում։