«ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի զեկույցը մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ խայտառակ պատկեր է արտացոլում եւ ներկայացնում միջազգային հանրությանը»,- երեկ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա` զեկույցը ցույց է տալիս, որ այսօր բանտերում պահվող եւ արդեն ազատ արձակված քաղբանտարկյալների նկատմամբ անարդար դատավճիռներ են կայացվել: Ըստ նրա` զեկույցի միակ թերությունը դրա ուշացած լինելն է, քանի որ, եթե այն ավելի շուտ հրապարակվեր, ապա լուրջ ազդեցություն կունենար դատավարությունների արդյունքների վրա: Նա համոզված է, որ զեկույցը պատրաստ է եղել դեռեւս մի քանի ամիս առաջ, բայց այն չի հրապարակվել քաղաքական նկատառումներով. «Մեր տպավորությունն այն է, որ գործարք է տեղի ունեցել: Զեկույցը պատրաստ էր, սակայն չի հրապարակվել մինչեւ վերջին` Նիկոլ Փաշինյանի դատավարության ավարտը»: Իսկ քաղաքական նկատառումը, ըստ Զուրաբյանի, այն է, որ միջազգային հանրությունը ՀՀ իշխանություններից լուծումներ է ակնկալում ղարաբաղյան հիմնախնդրում եւ հայ-թուրքական հարաբերություններում: «Այդ պատճառով էլ ռեժիմի որոշ խնդրանքների հետ հաշվի են նստում»,- ընդգծել է նա: Ի դեպ, Լ. Զուրաբյանին այս զեկույցը չի գոհացնում այն պատճառով, որ «արձանագրելով աղաղակող իրողությունը` ԵԱՀԿ-ն քաղաքական գնահատական չի տալիս դրան»: «Բայց ոչինչ: Մեզ համար կարեւոր է նաեւ փաստերի արձանագրումը, ինչը մեր ձեռքում միջազգային հանրության առջեւ կարող է զենք լինել»,- հայտարարել է նա: