«Արձանագրությունները զոհվելու են»

13/03/2010

«Քանի դեռ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ ճանապարհային քարտեզ չի ներկայացվել, եւ երկու երկրների նախագահները չեն հայտարարել, թե առաջընթաց է արձանագրվել Ղարաբաղի խնդրում, Թուրքիան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները»,- երեկ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 73-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում հայտարարեց թուրք պատվիրակ, «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչ Սուաթ Քընքընօղլուն: Ըստ նրա` «ԱՄՆ-ը այդ ուղղությամբ աշխատում է, բայց թե ուր կհասնեն եւ ինչ կհաջողվի նրանց, դժվար է ասել, նրանք ասում են, որ դժվար է»: Անդրադառնալով հայկական կողմից հնչող այն հայտարարություններին, թե արձանագրությունները պետք է վավերացվեն «ողջամիտ ժամկետներում», Քընքընօղլուն ասել է. «Նախ ասում էին, թե թուրքական կողմը մինչեւ նոր տարի պետք է վավերացնի, հիմա ասում են, թե մինչեւ ապրիլ: Ես հիմա հայտարարում եմ, մինչեւ ապրիլ չեն վավերացվելու արձանագրությունները»: Իսկ հետո հավելեց. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած 252 բանաձեւը բարդացրեց առանց այն էլ բարդ իրավիճակը: Եթե այսպես շարունակվի՝ հայ-թուրքական արձանագրությունները կմահանան, կզոհվեն»:

Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան, ադրբեջանցի Թաբիբ Հուսեյնովն էլ հայտարարեց, թե մինչեւ Հայաստանի ՍԴ` հունվարի 12-ի որոշումը, ստորագրված արձանագրությունները բխում էին ադրբեջանցիների եւ թուրքերի շահերից, քանի որ «հայկական կողմը հրաժարվում էր Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից` ճանաչելով սահմանը, եւ հրաժարվում էր մի բանից, որ իրենք անվանում են ցեղասպանություն. դա համոզմունքի խնդիր է, ոչ թե պատմական իրողություն»:

Իսկ ՍԴ կայացրած որոշումից հետո, ըստ նրա` արձանագրությունների կյանքի կոչումն այլեւս իրենց շահերից չի բխում: Սակայն Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի գնահատմամբ` ՀՀ ՍԴ որոշումը որեւէ փոփոխություն չի մտցրել արդեն ստորագրված արձանագրությունների մեջ: Ըստ նրա` արձանագրությունները վավերացնելու դեպքում Թուրքիան կշահի այն, որ ՀՀ-ն կճանաչի Թուրքիայի սահմանները, եւ դրանով վերջ կդրվի պատմական տարածքների հանդեպ հայկական կողմի, սփյուռքահայերի պահանջատիրությանը: Ս. Ֆրեյզերի հավաստմամբ` նույն կերպ էին մտածում նաեւ Թուրքիայում: Իսկ ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա, ըստ նրա` արձանագրությունների վավերացմամբ ՀՀ-ն կշահի այն, որ առանց նախապայմանի կբացվի սահմանը 70 միլիոնանոց, զարգացող Թուրքիայի հետ, եւ «սահմանը կբացվի ավելի շուտ, քան կսկսի աշխատել պատմաբանների ենթահանձնաժողովը»:

Նա հայկական կողմին կոչ արեց չառարկել, որ Թուրքիան Շվեյցարիայից գրավոր պատասխան ստանա ՍԴ որոշման վերաբերյալ, ու համաձայնվի պատմաբանների ենթահանձնաժողովում պատմական հարցերի քննարկմանը: Իսկ Թուրքիային էլ կոչ արեց կենտրոնանալ ոչ թե ընդհանրապես Հարավային Կովկասում իրավիճակի բարելավման խնդրի վրա, այլ երկկողմ` հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա: Մյուս կողմից էլ թուրքերին կոչ արեց համոզել Ադրբեջանին, որ հենց իրենց շահերից է բխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Սեմինարին ներկա ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանն էլ ընդգծեց, որ մեր պատմական խնդիրները եղել են Օսմանյան կայսրության հետ, ոչ թե Թուրքիայի Հանրապետության: «20-րդ դարասկզբի եղածը ցեղասպանություն է` 3 մլն մարդ չէր կարող հակառակվել Թուրքիայի պետական շահին, բայց նրանք վերացան, հայերը Թուրքիայի արեւելյան հատվածներից վերացան, դա ցեղասպանություն է»,- ասաց Ա. Կիրակոսյանը: Նրան, սակայն, հակադարձեց Քընքընօղլուն` ասելով. «Եթե այդքան վստահ եք, որ ցեղասպանություն է, ինչո՞ւ չեք համաձայնում քննարկել այդ հարցը պատմաբանների հանձնաժողովում, եկեք ու ապացուցեք, որ եղել է ցեղասպանություն»:

Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնախնդրին, ապա Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Թաբիբ Հուսեյնովն ասաց. «Ադրբեջանն ավելի ու ավելի անհամբեր է դառնում: Կարծում եմ, որ ստատուս-քվոն օգտագործվում է Հայաստանի կողմից լուծում գտնելու համար: Ցանկացած փոփոխություն ստատուս-քվոյի, որը չի պահանջում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչում, ընդունելի է Ադրբեջանի համար»: Սակայն, ըստ Հուսեյնովի` չնայած դրան` հայկական եւ ադրբեջանական հասարակություններում զարգացումները շարունակում են մտահոգիչ լինել. «Ես չեմ ուզում մեղադրել սովորական մարդկանց: Կարծում եմ, որ Ադրբեջանում եւ Հայաստանում էլիտան եւ ղեկավար շրջանակներն օգտագործել են հանրային մտահոգությունները՝ բանակցություններում իրենց դիրքերը ուժեղացնելու համար: Եվս մի խնդիր, որը թույլ չի տալիս առաջ քաշել խնդրի լուծումը` դա հաղթողի եւ պարտվողի սինդրոմն է Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններում: Շատ մարդիկ Հայաստանում կարծում են, որ որպես հաղթող կողմ` ավելի շատ կորցնելու բան ունեն «Մադրիդյան սկզբունքների» առաջարկների ներքո»,- ասաց Հուսեյնովը: