ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Ս. Սարգսյանն ասել է, որ հայ-լեհական հարաբերությունները շատ մեծ ներուժ ունեն, եւ Հայաստանը ցանկանում է այն լիարժեք իրացնել` խորացնելով փոխգործակցությունը քաղաքական, տնտեսության, մշակույթի եւ այլ բնագավառներում: Ս. Սարգսյանի խոսքով` «դրա համար երկու շատ կարեւոր հիմքեր կան` մեր ժողովուրդների լավ փոխհարաբերությունները եւ Եվրամիության Արեւելյան գործընկերությունը, որի հեղինակներից մեկը Լեհաստանն է»: Վարչապետ Դոնալդ Տուսկին եւս ասել է, որ հայ-լեհական հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, եւ Լեհաստանը խորապես շահագրգիռ է` ընդլայնելու երկկողմ գործակցության շրջանակը: Նա միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել Լեհաստանի աջակցությունը: Ս. Սարգսյանն էական է համարել այն հանգամանքը, որ Հայաստանն ու Լեհաստանը նույն արժեքների հիման վրա են զարգանում, ինչը փոխշահավետ համագործակցության բազում կետեր գտնելու հնարավորություն է ընձեռում: Որպես հարաբերությունների զարգացման կարեւոր գործոններ՝ Սերժ Սարգսյանը հիշատակել է նաեւ երկկողմ մշակութային ակտիվ շփումները, խոսել ծագումով հայ լեհ մշակութային հայտնի գործիչների, լեհահայ համայնքի շաղկապող դերի մասին: