Բողոքել է

13/03/2010

Երեկ Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Շվեդիայի դեսպան Քրիստեր Ասպը, որին պաշտոնապես բողոք է ներկայացվել նախօրեին Շվեդիայի խորհրդարանում ընդունված բանաձեւի կապակցությամբ, որով Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերը ճանաչվել են որպես «ցեղասպանություն»: Շվեդիայի դեսպանը Թուրքիայի Արտգործնախարարությունում ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, թե պաշտոնական Ստոկհոլմի կարծիքով՝ պատմությունը պետք է թողնել պատմաբաններին: Դեսպանը նաեւ հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ «ջերմ, բարիդրացիական» հարաբերությունները կպահպանվեն: Հիշեցնենք, որ նախօրեին Շվեդիայի խորհրդարանը ընդամենը 1 ձայնի առավելությամբ բանաձեւ ընդունեց, որով «Շվեդիան ճանաչում է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը»: Ի դեպ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ` անդրադառնալով Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը, ասել է. «Այդ որոշումն անխիղճ եւ անարդար է: Բանաձեւը վնաս կհասցնի մեր եւ Շվեդիայի հարաբերություններին: Ինչքան կարելի է Թուրքիայի առջեւ 95-ամյա հնության հարց դնել: Թող այդ հարցով վերջիվերջո պատմաբանները զբաղվեն: Մենք այս անարդարությունն անպատասխան չենք թողնի: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հետաձգում եմ իմ այցելությունը Շվեդիա»: Հիշեցնենք, որ այս խնդիրների լուծման համար երեկ Ֆինլանդիայում հանդիպել են Թուրքիայի եւ Շվեդիայի ԱԳ նախարարները: