Արդեն երկու ամիս է` երեւանյան գետնանցումներում վաճառվող քաբաբի գինը 250 դրամից դարձել է 300 դրամ, ինչից դժգոհ են նաեւ «քաբաբ-խորովածի» առեւտրով զբաղվողները, քանի որ դրա պատճառով պակասել է նաեւ իրենց հաճախորդների թիվը: Ըստ նրանց` մեր երկրում ամեն ինչ նպաստում է գործազրկության մակարդակի բարձրացմանը: «Համ տեղի փողն են բարձրացնում, համ միսն են թանկացնում, համ էլ տարբեր կողմից էս ռաբիս երգերն են սղոցում ուղեղներս: Ամեն ինչ էդքան էլ հեշտ չի, քան թվում ա: Ու իմացեք` էս պադզեմկաներում ահավոր բարդ ա աշխատելը»,- իրենց առօրյայի մասին բողոքում էին նախկին «Ռոսիա» կինոթատրոնի գետնանցումի առեւտրականները` փորձելով հասկանալ, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ է տավարի մսի գինն անհամեմատ բարձրանում: Սակայն Երեւանի Գումի շուկայի մսամթերքի առեւտրով զբաղվողներին, կարծես, ընդհանրապես չի անհանգստացնում տավարի մսի թանկացման փաստը: Ավելին` եթե նախկինում նրանք անվախ պատմում էին մսամթերքի շուկայում կատարվող գործընթացների մասին, ապա հիմա լռում են, քանի որ որեւէ ակնկալիք այլեւս չունեն: Բացի այդ, նաեւ մտավախություն ունեն, թե խոսելու դեպքում իրենք անպատիժ չեն մնա: «Հարցեր ես տալիս, ինչ ա` չես տեսնո՞ւմ: Ինչի՞ պիտի պատասխանեմ, ասա: Պատասխանեմ, որ գան խանութս փակե՞ն: Տեսանք լրագրողներիդ օգուտները` կարողացա՞ք մի բան կարգավորել: Չէ: Ոչ էլ մենք կարողացանք: Դուք ձեր աշխատավարձերը նորմալ կստանաք, իսկ մենք էլ սկսեցինք կլիենտներ կորցնել: Ցույցից անմիջապես հետո մի 100 դրամով միսը ավելի թանկացավ: Էդ էլ մեր օգո՞ւտն էր,- զայրացած նշեց մսավաճառներից մեկը` ավելացնելով,- Գնա Կառավարությանն ասա, որ միսը շուկայում 800 դրամ ա: Ասա, ձրի էլ կտանք: Ու էլ հարցեր չտաս»: Մյուս մսավաճառներն էլ ասացին, թե մսի շուկան վերջին ամիսներին «մի տեսակ մսի ցուցահանդեսի է վերածվել»: «Ի՞նչ անենք: Արդեն երկու ամիս ա ` էս վիճակն ա: Գառան միսը համարյա վերացել ա: Պարսիկները տարան կուշտ-կուշտ կերան, հիմա էլ կպել են տավարի մսից»,- տավարի մսի վրայից ճանճերը քշելով ասաց վաճառողներից մեկը` կրկին խուսանավելով ներկայանալ: «Դառել ենք տելեզվեզդաներ: Որ ալիքը քցես` մենք ենք, որ թերթը բացես` էլի մենք ենք»,- շարունակեց վերջինս: Տավարի մսի թանկացման մասին աշխատակիցներն անճարությունից խոսում էին մերթ հումորով, մերթ զայրույթով: Թեեւ կային նաեւ աշխատակիցներ, որոնք իրենց հուսալքված վիճակը չշրջանցեցին: «Նոր տարուց հետո տավարի միսը թանկացավ 200-300 դրամով: Հիմա տավարի միսը 1800-1900 դրամ ա: Հա, կա նաեւ 1700 դրամանոց, բայց էդ նորմալ միս չի»,- ասաց Երեւանի Գումի շուկայի մսամթերքի առեւտրով զբաղվող Արտակը` զարմանալով վերջին շրջանում իրենց հասցեին հնչող կարծիքներից, թե իբր մսի գինը բարձրացել է արհեստականորեն, եւ որ դրա մեղավորն իրենք են: «Երեւի չեք հավատա, բայց էսօր մեր օգուտը հազիվ 100-150 դրամ ա մի կիլոյի մեջ: Առաջ գյուղացիներն էժան էին տալիս, իսկ հիմա՝ ահավոր թանկ: Ու ոչ թե մենք ենք բարձրացրել մսի գինը, այլ հենց իրենք են մեզ էդպես հանձնում»,- ընդգծեց մսավաճառ Արտակը, ում խոսքը ընդհատեց հարեւան տաղավարի մսավաճառը: «Ու դրա մեղավորը, աղջիկ ջան, պարսիկն ա, պարսիկը: Էսօր էդ պարսիկները տավարի միսն են կրած տանում»,- ասաց նա:
Շուկայի մսավաճառների համոզմամբ` ընդամենը մի քանի ամիս անց շուկայում տավարի միս գտնելը շատ դժվար կլինի: «Եթե մինչ էդ պարսիկները թողնեն»,- հավաստիացրեցին մսավաճառները` կրկին մեջբերելով սեփական երկրի անհոգ ապրող իշխանավորներին, որոնց քիմքը, ինչ խոսք, հաճելիորեն կշարունակի շոյել խոզի մսի խորովածի հոտը: «Արդեն պարապությունից չգիտենք` ինչ անել, ոնց կլիենտներին չհիասթափեցնենք, բայց մեկ ա` դրանից օգուտ չկա»,- միմյանց խոսքը լրացնելով՝ նշեցին մսավաճառները, որոնցից մեկը ծխախոտն էր վառում, մյուսը թզբեհի սեւ քարերն էր հաշվում: Տավարի մսի հետ կապված այս իրարանցումից անմասն են մնացել սուպերմարկետներն ու մասնավոր խանութները, որտեղ կա հստակ գնացուցակ ու առանց սակարկումների ռազմավարություն: Ի դեպ, սուպերմարկետներում տավարի մսի 1 կգն արժե 2000 դրամ, նախկին` 1650-ի փոխարեն, խոզի միսը` 2200-2600 դրամ, իսկ գառան միս, արդեն երկար ժամանակ է, վաճառքի չի հանվել: