Մեր թերթի նախորդ համարներում բազմիցս անդրադարձել ենք քաղաքացիների այն դժգոհություններին, որոնք վերաբերում են «Երեւան ջուր» ՓԲԸ-ի ջրամատակարարման հետ կապված խնդիրներին:
Ընդհանրապես խմբագրություն դիմած քաղաքացիներն արդարացիորեն պահանջում են բաժանորդային իրենց վճարների դիմաց պատշաճ ջրամատակարարում: Շատերն էլ, ինչպես սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, այնպես էլ` դատական ատյանների միջոցով, փորձում են վիճարկել «Երեւան Ջուր» ընկերության կողմից սահմանված «ապօրինի» պարտքերը: Խմբագրություն դիմած հերթական քաղաքացիներից մեկը` Շենգավիթ համայնքի Շիրակի 45 հասցեի բնակիչ Ժորա Ստեփանյանը, նույնպես դարձել է «Երեւան Ջուր» ընկերության «զոհը»: Բանն այն է, որ նրանից պահանջում են վճարել մի մեծ գումար, որի դիմաց` նա՝ որպես բաժանորդ, ջուր չի սպառել: «2001 թվականին ես Շիրակի 45 հասցեում տուն եմ գնել, եւ տեղափոխվել ենք այնտեղ ապրելու: Դա սեփական տներից բաղկացած մի փոքրիկ թաղամաս է, որտեղ ապրում են շուրջ 30-40 ընտանիքներ: 2001 թ.-ից սկսած ապրել եմ այդ տանը, որտեղ ընդհանրապես ջրի խողովակ գոյություն չի ունեցել, որովհետեւ թաղամասի բնակիչները ջուր չեն ունեցել իրենց տներում: Բակում մի ջրի ընդհանուր ծորակ կար, որից բոլորն օգտվում էին»,- ասում է Ժ. Ստեփանյանը` վստահեցնելով, որ թաղամասի բոլոր բնակիչներն օգտվել են այդ ծորակից: Տարածքի բնակիչները բազմիցս դիմում-նամակներ են գրել այն ժամանակ «Հայջրմուղ-կոյուղի» ընկերությանը` խնդրելով Շիրակի 45 հասցեում ջրամատակարարման խնդիրը լուծել, սակայն անօգուտ: 2006-2007 թ.-ից սկսած բնակիչներն իրենց ուժերով լուծել են ջրային տնտեսության իրենց խնդիրները, սակայն մինչեւ օրս էլ օգտվում են ոչ թե խմելու, այլ` արտեզյան ջրից. «Մենք այդ ջուրը եռացնում, նոր խմում ենք, կամ էլ խմելու ջուրը գնում ենք, որովհետեւ դա կեղտոտ, ժանգոտ ջուր է: Տարայի մեջ լցնելիս տակը հող է նստում»: Ինչեւէ, Ժ. Ստեփանյանն իր բնակարանի ջրի խողովակները տեղադրել է 2007 թ.-ին եւ «Երեւան Ջուր» ընկերության բաժանորդ է հանդիսանում ոչ թե 2001թ.-ից, այլ` 2007-ից: Վերջինս ունի բոլոր այն փաստաթղթերն, ըստ որի` որպես օրինական բաժանորդ՝ ջրամատակարարումից օգտվել է 2007-ից սկսած եւ պարտաճանաչ կերպով վճարել է իր սպառած ջրի բաժանորդային վճարները: Դրա մասին են վկայում ինչպես Շենգավիթի թաղապետարան ներկայացրած նրա դիմումներն, այնպես էլ` Շիրակի 45 հասցեի բնակիչների գրավոր վկայությունները: Չնայած դրան` տարիներ շարունակ «Երեւան Ջուր» ընկերությունից ստանում է գրություններ, ըստ որոնց` նա ընկերությանը մեծ գումար է պարտք: «Հասկանո՞ւմ եք, ապօրինի թիվ են գրել ու ամեն ինչ անում են, որ փող պոկեն: Անցյալ տարի տեսուչները եկան, տեղեկացրին, որ մենք «Հայջրմուղ-կոյուղի» ընկերության ծառայություններից օգտվելու համար սկսած 2001թ.-ից 680.000 դրամ պարտք ենք կուտակել: Դիմումներ գրեցինք, որ մենք միայն 2007-ին ենք ջուր ունեցել, իսկ 2001-ից սկսած օգտվել ենք ընդհանուր ծորակից: Մեկ տարի շարունակ «Երեւան Ջուր» ընկերության կենտրոնական գրասենյակից ուղարկում էին Արցախի փողոցում գտնվող մասնաճյուղ, այնտեղից էլ` կենտրոնական ու թաղապետարան»,- ասում է Ժ. Ստեփանյանը` վստահեցնելով, որ ձեռքի տակ ունենալով բոլոր ապացույցներն, այնուամենայնիվ, ընկերությունը 680.000 դրամը չեղյալ ճանաչելու փոխարեն՝ դարձրել է 300.000 դրամի պարտք: Ընկերությունից տեղեկացրել են, որ մեծ գումարի այդ պարտքը «Հայջրմուղ-կոյուղուց» փոխանցվել է «Երեւան Ջուր» ընկերություն, որը համակարգչից ընդհանրապես վերացնել չեն կարող։ «Էլ դիմումի ձեւ չմնաց, որ չգրենք: Հետո մասնագետներ եկան տարածք, ուսումնասիրեցին, թաղապետարան հարցում կատարեցին եւ համոզվեցին, որ ջուր չենք ունեցել, եւ այդ պարտքն անօրինական է գոյացել: Ընդ որում, թաղամասի մյուս բնակիչների մեծ մասը 20 տարուց ավելի այդ տարածքում են ապրել եւ օգտվել են այդ ընդհանուր ծորակից: Ես իմ ընտանիքով 2001-ին եմ տեղափոխվել, իսկ ծորակի սպառման ծախսն ինձ վրա են գրել»,- պատմում է Ժ. Ստեփանյանը` հավելելով, որ հետագայում տեղեկացել է, որ տարածքի բնակիչներից բոլորն էլ դիմում են գրել ջուր չունենալու վերաբերյալ եւ զրոյական ջրաչափով բաժանորդային պայմանագիր են կնքել «Երեւան Ջուր» ընկերության հետ: Այդուհանդերձ, երկարատեւ դիմում-բողոքներից հետո ընկերության Արցախի մասնաճյուղից տեղեկացրել են, որ Ժ. Ստեփանյանի դժգոհությունը հիմնավորված է, եւ նախորդ տարիների համար ֆիքսված պարտքը զրոյացվել է. «Նրանք վստահեցրին, որ պարզաբանել են եւ համոզվել, որ նախկինում ջուր չենք ունեցել: Ես էլ այդ խնդիրը փակված համարելով՝ վճարել եմ բաժանորդային գումարները: Այսինքն` ինձ ասել են, որ խնդիրը լուծված է, եւ ես դա համարելով ընկերության սխալմունքը՝ հարցը փակված եմ համարել»: Մարտի 10-ին Ժ. Ստեփանյանը կրկին «Երեւան Ջուր» ընկերությունից փոստով գրություններ է ստացել, որով ընկերությունը պարտադրում է կնքել պայմանագիր: Պայմանագրում մասնավորապես գրված է հետեւյալը. «Ջրամատակարարն իր ջրամատակարարման համակարգին միացված ցանցի միջոցով բաժանորդին մատակարարում է պետական ստանդարտների պահանջներին համապատասխանող խմելու ջուր եւ իր ջրահեռացման համակարգով հեռացնում ու մաքրում է կենցաղային կեղտաջուրը, իսկ բաժանորդն օգտագործում է մատակարարված ջուրը, կենցաղային կեղտաջրերը լցնում ջրահեռացման համակարգ եւ մատակարարված ջրի ու հեռացված կեղտաջրի դիմաց վճարները ջրամատակարարին վճարում պայմանագրով սահմանված կարգով: Բաժանորդն ընդունում է պայմանագիրը ստորագրելու օրվա դրությամբ ջրամատակարարի կողմից մատակարարված ջրի դիմաց իր պարտքը 85.527 դրամ, որը պարտավորվում է վճարել պայմանագրի անբաժանելի մասը կազմող` պարտքերի մարման ժամանակացույցին համապատասխան»: Ժ Ստեփանյանն էլ հակադարձելով «Երեւան Ջուր» ընկերության վերը շարադրված տեքստին, մասնավորապես` պետական ստանդարտների պահանջներին համապատասխանող խմելու ջրի վերաբերյալ, մատնանշում է իրենց օգտագործած արտեզյան ջրի խմելու համար ոչ պիտանի լինելը. «Այսինքն` մի դեպքում այդ ջուրը խմելու չէ, որովհետեւ խմելու ջուրը մենք գնում ենք, մյուս դեպքում ընկերությունը թաղամասին ընդհանրապես չի ապահովել կեղտաջրերի ջրահեռացման համակարգով, դեռ ավելին` ընդունում է, որ անօրինական պարտք է գրել բաժանորդի վրա, բայց ամեն դեպքում 85.527 դրամը ստիպում է վճարել: Ընդունում են, որ կեղծ պարտք է եղել, բայց ասում են` դե լավ, ոչինչ, էն 680.000 կեղծ թվի գոնե 85.527-ը մուծի: Ես չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է բոլոր փաստաթղթերով ու վկաներով հանդերձ, այնուամենայնիվ, մարդու գլխին սարքել: Էդ թաղամասի բնակիչները էնքան դիմում են գրել նորմալ ջրամատակարարում իրականացնելու համար, բայց տեսանք, որ էդ ընկերությունը մենակ իր շահույթով է հետաքրքրված, իսկ սպասարկման վրա թքած ունի: Ամեն մեկն իր ուժերով իր տան մեջ ջրի խողովակ տեղադրեց: Հիմա կեղտոտ ջուր ենք օգտագործում՝ դեռ քիչ է, մի հատ էլ պիտի կեղծ թվերը մարենք»:
Երեկ մենք զանգահարեցինք «Երեւան Ջուր» ընկերության գլխավոր քարտուղար Մանե Մամյանին եւ տեղեկացրինք Ժ. Ստեփանյանի խնդրի մասին: Վերջինս գրանցեց բոլոր տվյալները եւ խոստացավ համապատասխան մասնագետների հետ ուսումնասիրություն կատարել: Նա նաեւ հանդիպում նշանակեց ընկերության համապատասխան ներկայացուցչի եւ Ժ. Ստեփանյանի համար, ինչի արդյունքներին մենք մեր առաջիկա համարներում կանդրադառնանք: