«Սպարտակը իմաստուն ճարտարապետ էր…»

13/03/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման լուրը ստիպեց անդրադառնալ ոչ միայն անկատար օրենսդրական դաշտին ու եկեղեցի-պետություն հարաբերություններին, այլեւ՝ հիշել այն մարդկանց, որոնք տասնամյակներ առաջ կառուցել են մեր մայրաքաղաքն ու գործի մեկնարկից սկսած, վերջին շտրիխով վերջացրած, մնացել են սկզբունքային ու ազնիվ։ Այդ բացօթյա նախագծի հեղինակ, Գյումրիում ծնված, իր ըմբոստ պատմական անունը հպարտությամբ կրող, Սովետական բանակի հետ մինչեւ Եվրոպա հասած ու ռազմի դաշտում իր ոտքը կորցրած ճարտարապետ Սպարտակ Կնդեղցյանն այն մարդկանցից էր, ով կառուցել է Երեւանը։ Նա չի վնասել, իր կամքին չի հնազանդեցրել քաղաքային միջավայրը, այլ՝ փորձել է դառնալ այդ միջավայրի մասնիկը։

Նկարիչ Էդվարդ Խարազյանի հուշերում Սպարտակ Կնդեղցյանը մնացել է որպես լավ ընկեր, հիանալի մարդ ու իմաստուն ճարտարապետ. «Ես չգիտեի, որ որոշել են քանդել Սպարտակ Կնդեղցյանի նախագծած ամառային դահլիճն ու այդ վայրում եկեղեցի կառուցել։ Եթե տարիներ առաջ այդ տարածքը պատկանել է եկեղեցուն, հետո խլվել է, միգուցե այն նորից պետք է վերադարձվի եկեղեցուն։ Չեմ կարող ասել։ Բայց կարծում եմ, որ նոր եկեղեցիների կառուցմամբ ժողովրդի հավատը չի ավելանա։ Սակայն դա բոլորովին այլ հարց է, միգուցե ես սխալվում եմ, ու տարիներ անց այդ եկեղեցին կօգնի մեզ։ Կարեւորն այն է, թե ի՞նչ է լինելու Սպարտակի նախագծի հետ։ Եթե որոշել են տարածքը վերադարձնել եկեղեցուն, դա դեռ չի նշանակում, որ պետք է հրաժարվել նաեւ Սպարտակի նախագծից։ Այն կարելի է մեկ այլ վայրում կրկին կառուցել։ Սպարտակը շատ հարգված էր ճարտարապետների շրջանակներում, եւ նրա ստեղծածը չի կարելի մոռանալ։ Հույս ունեմ, որ այդ նախագիծը մոռացության չի մատնվի, եւ նրա համար մեր քաղաքում տեղ կգտնվի։ Այդ նախագիծը ոչ միայն սոսկ կինոթատրոն է, այլեւ՝ Սպարտակի մտքի «տունն» է։ Իսկ այնպես, ինչպես մտածում էր Սպարտակը, շատ քչերն էին մտածում։ Նա հեշտ ճանապարհով չէր գնում՝ շատ լավ զգալով, թե ի՛նչ է պետք քաղաքին։ Եվ չէր շտապում փոխել, վերաձեւել քաղաքը, այլ՝ իր մտքերն էր համապատասխանեցնում քաղաքի զարկերակին։ Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էին կառուցվել այդ դահլիճն ու տեռասան։ Սպարտակն ու նկարիչ Օնիկ Մինասյանը օր ու գիշեր այդ տարածքում էին, էսքիզներ էին անում, վիճում, ստեղծագործում էին։ Այդ դահլիճը հաջողությամբ կարող էր որպես էստրադային բեմ օգտագործվել։ Բայց 1970-ականներին էստրադային ժանրը մեծ տարածում չուներ, հումորն էլ այդքան լայն չէր օգտագործվում, եւ հեղինակները որոշեցին դահլիճը կինոթատրոնային անել։ Սպարտակն իր «ես»-ն առաջին պլան չէր մղում, ընդհակառակը՝ «թաքնվում» էր քաղաքային միջավայրում՝ ստեղծելով հարմարավետ, զուսպ նախագծեր։ Տեսեք, թե ինչպիսի համեստ ու մինիմալիստական ոճ ունի նրա նախագծած «Մարշալ Բաղրամյան» մետրոյի կայանը։ Ոչ մի ավելորդ շքեղություն (արձանախմբեր կամ զարդանախշեր) չկա, կան միայն հստակ գծեր ու գիտակցում՝ ինչի՞ համար է այդ շինությունը։ Նա իմաստուն ճարտարապետ ու հրաշալի մարդ էր։ Տանկիստ էր, ով անցել էր Երկրորդ աշխարհամարտի միջով ու Ավստրիայում կորցրել էր ոտքը (ծնկից ներքեւ պրոթեզ ուներ)։

Սպարտակը հիանալի մարդ էրգ Շատ տաղանդավոր էր, անկախ, իշխանությունների հետ անընդհատ վեճի էր բռնվում, սկանդալներ անում։ Եվ երբեք չէր կատարում խորհրդային իշխանությունների հրամանները։ Հիշելով նրան, ես իմ երիտասարդությունն եմ հիշում։ Ու թեեւ Սպարտակը տարիքով ինձանից մեծ էր, բայց մենք ընկերներ էինք, շատ էինք զրուցում, միասին խմում էինք։ Նրա նման մարդիկ իրոք շատ քիչ են, նույնիսկ կարող եմ ասել, որ նրանց հայտնվելը նման է հրաշքի։ Այդպիսի հրաշքներ էին Լեւոն Ներսիսյանը, Էդմոն Ավետյանը, Երվանդ Քոչարը։ Նույնիսկ զարմանալ կարելի է, թե ինչպե՞ս էին այդ մարդիկ կարողանում ապրել Սովետական Հայաստանում։ Նրանց չի կարելի մոռանալ»։