Մշակույթի նախարարը «երաշխավորում է»

13/03/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեկնել է Իտալիա՝ մասնակցելու Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության եւ վավերագրման կենտրոնի աշխատանքներին։

Այդ կենտրոնը պետք է իր առաջին նիստը անցկացնի եւ մշակի հետագա ծրագրերն ու անելիքները։ Հ.Պողոսյանն այդ կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է եւ հաճախ է նման ուսումնասիրության ու վավերագրման անհրաժեշտության մասին խոսում։ Հայաստանում գտնվող մշակութային կառույցների վավերագրման ու պահպանման ուղին այդ կառույցները պետական հսկողության տակ առնելն է։ Ավելի գործնական մոդել թերեւս դեռ չի ստեղծվել։ Պետությունն իր հովանու տակ առնելով հուշարձանները՝ երաշխավորում է դրանց անձեռնմխելիությունն ու ցանկացած ոտնձգության դեպքում կարող է պատասխանել, որ պետական, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները (եկեղեցիները, թանգարանները, թատրոնները, կինոթատրոնները եւ այլ կրթական ու մշակութային կառույցները) զրահապատ պաշտպանության տակ են գտնվում։ Այդ առումով չափազանց ուշագրավ է Հ.Պողոսյանի այն մեկնաբանությունը, որը եթեր է հեռարձակվել «Ազատություն» ռադիոկայանով։ Խոսելով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի՝ պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկից դուրս մնալու առեղծվածի մասին, նա ասել է. «Ես կարող եմ երաշխավորել, որ վերջին 3 տարիների ընթացքում որեւէ ոտնձգություն չի եղել պետական պահպանության ներքո գտնվող հուշարձանների նկատմամբ»։ Ստացվում է, որ ոտնձգություն չի եղել, սակայն «Մոսկվա» կինոթատրոնն այդ ցուցակից հանվել է։ Այդ մասին է փաստում ՀՀ կառավարության որոշումը, որը վարչապետի կողմից ստորագրվել է սույն թվականի մարտի 4-ին։ Այդ որոշումը պարտադրում է ուժը կորցրած ճանաչել «Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին 1616-Ն որոշման N1 հոդվածի 178-րդ կետի 178.3.2-րդ ենթակետը»։ Եվ այդ ենթակետը վերաբերում է հենց «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա գոտուն ու դահլիճին։ Եթե նախարարը գիտեր այդ մասին, սակայն հակառակն էր պնդում ուղիղ եթերում, ապա նա հակասում է ՀՀ կառավարությանն ու իր իսկ հեղինակությունը հարվածի տակ է դնում։ Իսկ եթե նա անտեղյակ է փոփոխություններից, ուրեմն իր գործին չի տիրապետում։ Եվ այսուհետ նրա բոլոր հայտարարություններին հարկ է մոտենալ թերահավատորեն։ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն, օրինակ, նման որոշումը «կամայական» անվանեց, քանի որ որոշման մեջ փոփոխություններ են կատարվել՝ առանց մասնագետների կարծիքը հաշվի առնելու։

Ընդհանրապես ամառային դահլիճի պատմությունը «ջրի երես հանեց» շատ լուրջ պրոբլեմներ, որոնց թվում է ամենակարեւորը. սեփական խոսքի համար պատասխանատվություն չկրելու սովորույթը, որը հաջողությամբ կիրառում են մշակութային չինովնիկները, այսինքն՝ այն մարդիկ, որոնք նոմենկլատուրային համակարգում իրենց միանձնյա ղեկավարներ են համարում եւ որոշում են, թե ինչը կարելի է ժառանգել ապագա սերունդներին, իսկ ինչը` ոչ։ Մշակույթի նախարարությունն այժմ լուրջ ցնցումներ է ապրում, քրեական գործեր են հարուցվում այս եւ այն չինովնիկի նկատմամբ, փոխնախարարներ ու վարչությունների պետեր են հեռանում, օդում կախված են մնացել Սունդուկյանի անվան թատրոնի, Կամերային նվագախմբի, կինոարտադրությանը առնչվող օրենքի ճակատագրերը։ Կարծես թե այդ բոլոր խնդիրները (եւ նման բազմաթիվ այլ հարցեր) անժամկետ «սառեցվել» ու փոխարինվել են գեղեցիկ միջոցառումների շնորհանդեսային մոդելով։ Իհարկե, Մշակույթի նախարարությունն ազդեցիկ տպավորություն է թողնում Էմիր Կուստուրիցայի կողքին կամ էլ բալետային բեմադրության պրոդյուսերի կարգավիճակում։ Մշակութային էսկորտ, ուղեցորդ կամ կցորդ հանդիսացող այս գերատեսչությունը «երաշխավորում» է, որ մեր մշակույթը հուսալի ձեռքերում է։ Նույնիսկ այն ժամանակ, երբ կեղծ ինֆորմացիայի չափաբաժինը գերազանցում է տրամաբանության սահմանագիծը։