Ըստ «Ա1+»-ի հրապարակման` Երեւանի մի շարք համայնքների Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժանմունքներում նորածիններին ծննդյան վկայականները տրամադրվում են որոշակի գումարի դիմաց:
«Երեխայի ծնվելու հաջորդ օրը գնացի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք: Մի քանի թուղթ լրացրեցին, իսկ երբ վկայականը պատրաստ էր, ասացին, որ պետք է վճարեմ 4000 դրամ»,- «Ա1+»-ին ասել է նորածին Սամուելի հայրը` Սեյրան Չոբանյանը: Նա գումարի դիմաց կտրոն չի պահանջել` մտածելով, որ պետական մուծում է, մանավանդ, որ բաժանմունքում գտնվող մի քանի ծնողներ եւս վկայել են, որ վճարել են 4000 դրամ:
Մեկ այլ ծնող էլ` Կարապետ Հակոբյանը, ասել է, որ որդու համար ծննդյան վկայականը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Արաբկիրի բաժանմունքից ստացել է` վճարելով 2000 դրամ: Ի դեպ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժանմունքներում, ծննդյան վկայականներից բացի, առանձին վաճառվում են նաեւ դրանց կաշվե պատյանները: «Մալաթիա-Սեբաստիա համայնքում, թեեւ ծննդյան վկայականի դիմաց գումար չուզեցին, սակայն ասացին, որ կաշվե պատյանի համար պետք է վճարեմ 1000 դրամ»,- նշել է մեկ այլ ծնող:
Պարզաբանումների համար «Ա1+»-ը դիմել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանին: Վերջինս վստահեցրել է, որ ծննդյան վկայականների համար օրենքով սահմանված վճարներ չկան: «Որոշակի գումար` մոտ 1000 դրամ սահմանված է, ասենք, հայրության ճանաչման կամ այլ դեպքերի համար, բայց ծննդյան վկայականները ծնողներին տրամադրվում են անվճար»,- ասել է նա: Ինչ վերաբերում է համայնքային բաժանմունքներում երեխայի ծննդյան վկայականի համար տրամադրվող պատյանների վաճառքի փաստին, ապա, ըստ Լանա Մշեցյանի` իրենք պատասխանատու են միայն վկայականների թղթային տեսքի համար: Թե ինչ է կատարվում համայնքային բաժանմունքներում, ըստ Լանա Մշեցյանի, իրենք տեղյակ չեն: «Արդարադատության նախարարությունում գործում են համապատասխան հեռախոսահամարներ, գործում է նաեւ մեր կայքէջը, որում արձագանքում ենք յուրաքանչյուր բողոքի: Նման դեպքերում մեր բնակիչները պարզապես պետք է մեզ տեղյակ պահեն խախտման մասին»,- ասել է նա: