Քաղաքը բակից է սկսվում

08/09/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հերոսները շատ ծանոթ ու հարազատ, մեր կողքին ապրող հարեւաններն են,
սովորական երեւանցիներ՝ հաջողակ եւ ոչ այդքան, երջանկություն որոնող եւ
յուրաքանչյուրի ետեւից բամբասելու ընդունակ, սակայն վտանգի պահին պատրաստ
են սարի պես կանգնել եւ իրար պաշտպանել: Ընտանիք-բակ-թաղ-քաղաք-պետություն
շղթայում «բակն» ամենախոցելի օղակն է: Եթե մի բակում ապրողները կարողանան
համերաշխ ապրել ու բարյացակամ վերաբերվել իրար, արդյունքը հուսադրող
կլինի, հնարավոր կդառնա լավ պետություն ստեղծելու հավակնություններ
ունենալ: Այս օրերին «բակը» շարունակում է ապրել, քանի որ նկարահանվում է
«բակայինների» կյանքի շարունակությունը: Ֆիլմի առաջին մասը նկարահանվել է
դեռ տասը տարի առաջ, հետո ստեղծվել է երկրորդ, արդեն ոչ այդքան հաջող
մասը: «Մեր բակը-3» ստեղծելու մտադրությունը վաղուց կար, ինչո՞ւ
չշարունակել հաջող նախագիծը եւ չօգտագործել «բրենդ» դարձած՝ «Մեր բակը»
բառակապակցությունը: Մտավախություն, որ ֆիլմերի շարունակությունները որպես
կանոն միշտ առաջին մասից թույլ են լինում, «Մեր բակը-3»-ի բեմադրող
ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը չունի: «Այս ֆիլմը տարբերվելու է նախորդներից,
որոնք ավելի ստատիկ ֆիլմեր էին: Նոր ֆիլմն ավելի դինամիկ եւ ինչ-որ չափով
էքստրեմալ է լինելու: Սա մեծ, դերասանական ֆիլմ է»,- ասաց նա: Ֆիլմի
առանցքը կազմում են գլխավոր հերոսները՝ Աշոտ Ղազարյանը, Լալա
Մնացականյանը, Հրանտ Թոխատյանը, Լեւոն Հարությունյանը, Ռաֆայել
Քոթանջյանը: Ընդ որում, Լալայի վերադարձը շատ ողջունելի է, քանի որ «Մեր
բակը-2»-ում նրա բացակայությունը նկատելի էր: Հերոսների ճակատագրերը նոր
պտույտներ են անցնելու: Ավաղ, Լալայի հերոսուհին ֆինալում չի վերագտնի իր
կանացի երջանկությունը: «Կմնա սիրուն սպասելիս»,- ասաց Լ. Մնացականյանը:
Բակում հայտնվելու են նաեւ նոր բնակիչներ, օրինակ, Շուշան Պետրոսյանը,
ում` յուրահատուկ երեւալու միշտ պատրաստ հերոսուհին բնակարան է գնում այդ
բակում: «Իմ հերոսուհին շատ էքսցենտրիկ է, ոչ մեկին նման չէ: Նրա
հագուստների մեջ աշխարհի մշակույթը կա: Մեկ ճապոնական կիմոնո է հագնում,
մեկ՝ աֆրիկյան զգեստ, կարող է մորթիներով դուրս գալ բակ: Ընկերուհիների
հետ անուշահոտությունների ուղեկցությամբ սպիրիտիզմի սեանսներ է
անցկացնում»,- բնութագրում է իր հերոսուհուն Շ. Պետրոսյանը:

Հայաստանի գավառներից Երեւան են ժամանելու եւ նույն այդ բակում բնակարան
են վարձելու երեք ուսանողուհի՝ «Շիկ աղջիկները», որոնք ըստ ֆիլմի
ռեժիսորի՝ «երեւանցի դառնալու» մեծ ցանկություն ունեն: Դեռ պարզ չէ,
մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ Արամ Ասատրյանը, բայց Թաթան կա, եւ շատ անսպասելի՝
դանակ-մկրատ-պատառաքաղ սրողի դերում: Ֆորշը ծխնելույզներ է մաքրելու: Բակ
են մտնելու էլեկտրիկներ, «գազի մարդիկ», կահույք տեղափոխող ավտոմեքենաների
վարորդներ: Մասնակցելու են նաեւ հրավիրված դերասաններ եւ երգիչներ՝
ամերիկահայ երգիչ Էնդին եւ ռուս երգչուհի Իվանցովան: Ֆիլմը հումորով եւ
երաժշտությամբ լի է լինելու, ըստ ավանդույթի` երաժշտական հոլովակները
կապված կլինեն ֆիլմի սյուժեի հետ: «Շատ ծիծաղելի, կարծում եմ, չի լինի: Սա
քնարական կատակերգություն է»,- ասաց Հ. Մովսիսյանը: «Մարդիկ այս տիպի
ֆիլմերում հումոր են փնտրում, բայց սա լինելու է շատ մարդկային ֆիլմ: Ես
դա զգացի, քանի որ ֆիլմի մեջ եմ: Իսկ մարդկային գործոնը շատ դժվար է
ընդունվում»,- ասաց Շ. Պետրոսյանը: «Մեր բակը-3»-ը ցուցադրվելու է նոր
տարվա օրերին, եւ մեզ ցույց է տալու այսօրվա Երեւանի գույնն ու հոտը:
«Կինոն լավ տրամադրության պատրանք է ստեղծում: Մարդիկ սիրեցին այս
հեքիաթը, եւ մենք այն շարունակում ենք: Ապաքաղաքականացված, զվարճալի ֆիլմ
է լինելու»,- ասաց Հ. Մովսիսյանը: