Օբաման եւ ոգու ուժը

11/03/2010

«The Christian Monitor» օրաթերթը նախօրեին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւին՝ նշելով, որ այն Բարաք Օբամային կոչ է անում իրերը կոչել իրենց անուններով։ «Սակայն հաշվի առնելով Թուրքիայի ռազմավարական կարեւորությունը, դա հեշտ չի լինի անել»,- նշել է հոդվածի հեղինակ Ջոն Հյուզը։ «Հայոց ցեղասպանության բանաձեւ. Նախագահ Օբաման եւ ոգու ուժի գինը» վերնագրված հոդվածում Հյուզը նշել է, որ բանաձեւի ընդունումից հետո ծավալված իրադարձությունները հաշվի առնելով՝ քիչ հավանական է, որ Օբաման հաջորդ ամիս պատմական փաստերն իրենց անուններով կկոչի։ «Այս բանաձեւն ընդունելով՝ Կոնգրեսը վիրավորել է Թուրքիայի զգացմունքները եւ կարող է վնաս հասցնել ԱՄՆ շահերին։ Ոգու ուժը, պարզվում է, շատ ավելի թանկ արժե, քան ԱՄՆ-ը կարող է իրեն թույլ տալ»,- գրում է թերթը։ Հոդվածագիրը համոզված է, որ բանաձեւը, նախորդների նման, շարունակություն չի ունենա։ «Շահերը կհաղթեն խղճին, քանի որ Թուրքիայի նշանակությունը չափազանց մեծ է՝ ԱՄՆ ռազմավարական շահերի տեսանկյունից։ Հայաստանը՝ առանց դեպի ծով ելքի, իր ետխորհրդային սինդրոմով եւ աճող պետական պարտքով, ոչինչ չի առաջարկում, բացի բարոյական բավարարվածության զգացումից։ Պետք է ընդամենը մեկ բառ, որն այս անգամ էլ չի հնչի աշխարհի ամենաազդեցիկ ձայնով»,- գրում է թերթը։