«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը կդիտվի որպես զգացմունքային հակազդեցություն եւ ավելի կվնասի Թուրքիային»,- հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը` ի պատասխան Անկարայում հնչող այն հայտարարությունների, թե ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը հակազդելու համար անհրաժեշտ է խորհրդարանից հետ կանչել արձանագրությունները: Ըստ «Radikal»-ի, Մերջանը դրա փոխարեն առաջարկել է սառեցնել գործընթացը՝ հայտարարելով. «Արձանագրությունները հանձնաժողովում պահելու համար որեւէ խոչընդոտ չկա, երկար ժամանակ կարող են մնալ, մենք շտապելու բան չունենք: Երկու հիմնական մտահոգություն ունեինք. առաջինը՝ ՀՀ ՍԴ կայացրած որոշումը, երկրորդը` ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրները: Դրանց գումարվեց երրորդը՝ ԱՄՆ-ում ընդունված բանաձեւը: Իմ կարծիքով` ճիշտ չէ հանձնաժողովի օրակարգ բերել արձանագրությունները, քանի դեռ այդ 3 հարցերում մեզ, մեր ազգին գոհացնող զարգացումներ չեն գրանցվել»: