Նոր տենդենց

11/03/2010

«Իմ կարծիքով՝ ստեղծվել է բավականին յուրօրինակ վիճակ` Մինսկի խմբին զուգահեռ գործընթացներ սկսելու տենդենցներ, Մինսկի խմբի դերը թուլացնող գործընթացներ եմ տեսնում»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին: «Դա են վկայում Իրանի ու Ղազախստանի առանձին-առանձին նախաձեռնությունները: Ինձ համար նույնիսկ տարօրինակ էր Ֆրանսիայի ու Ռուսաստանի համատեղ նախաձեռնությունը, որտեղ չի նշվում Մինսկի խմբի անունը: Նաեւ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որպեսզի չթուլանա Մինսկի խմբի ֆորմատը: ՀՀ այս իշխանությունների անորոշ հայտարարություններից դժվար է այդպիսի եզրակացություն անել: Թեեւ ուզում եմ հիշեցնել, որ Մինսկի պրոցեսն առաջին հերթին մեզ է ձեռնտու: ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ թեեւ հիմա տակտիկական առումով Ադրբեջանը կարծես թե պաշտպանում է Մինսկի պրոցեսը, եթե տապալման հնարավորություն լինի, մեծ հաճույքով կգնա դրան»,- ավելացրել է Դ.Շահնազարյանը: Նրա հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք մեր թերթի հաջորդ համարում։