Ճգնաժամը հաղթահարված չէ

11/03/2010

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ հերքեց շրջանառվող լուրերը, թե ՀԺԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ խոր տարաձայնություններ կան, ինչն էլ կարող է լուրջ հետեւանքների պատճառ դառնալ:

Նրա հավաստմամբ` Հայ Ազգային կոնգրեսի ներկայացրած «100 քայլ» ծրագիրը արտահայտում է նաեւ իրենց մոտեցումները, եւ եթե որոշ հարցերում կան տարբեր կարծիքներ, միեւնույն է` ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի միջեւ որեւէ լուրջ տարաձայնություն գոյություն չունի։ Ս. Դեմիրճյանն անդրադարձավ նաեւ մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, մասնավորապես` արտահերթ ընտրությունների հնարավորությանը: «Ինչքան շուտ մեր երկրում անցկացվեն արդար, նորմալ ընտրություններ, ինչքան շուտ իշխանությունը ձեւավորվի արդար ընտրությունների միջոցով, այնքան ավելի լավ կլինի երկրի համար: Այսինքն, այդ ավանդույթին պետք է վերջ դրվի»,- ասաց նա` հավելելով, թե ՀԱԿ-ը ներկայացրել է, թե ինչպես է տեսնում իրավիճակի հանգուցալուծումը: «Ես ասել եմ, ավելորդ եմ համարում եւս մեկ անգամ կրկնել. ի վերջո, այն ամենն, ինչ տեղի է ունենում, հետեւանքն է ոչ արդար, կեղծված ընտրությունների: Եվ ընտրությունների պատճառով առաջացած ճգնաժամը պետք է հաղթահարվի նոր, արդար ընտրություններով»,- ասաց նա: Իսկ թե ո՞րն է երաշխիքը, որ արտահերթ ընտրությունները եւս չեն կեղծվի. այս հարցին Ս. Դեմիրճյանը պատասխանեց. «Նախ, ամեն ինչ իր վերջն ունի, բայց արդյունք կտա, իհարկե, հետեւողական պայքարը: Երաշխիքը մեկն է, որ ամբողջ հասարակությունը դա թույլ չտա: Մի անգամ չի ստացվում, երկրորդ անգամ չի ստացվում, ի վերջո ստացվելու է: Այլ մեթոդների մասին իմ հետ պետք չէ խոսել: Մարդիկ կորցրել են հավատը, կորցրել են հավատը նաեւ իրենց նկատմամբ: Նախ պետք է վերականգնենք մարդկանց հավատը իրենց նկատմամբ»: Ինչ վերաբերում է պայքարի այլ ճանապարհ ընտրելուն, քան ՀԱԿ-ի ներկայիս մոտեցումն է, ապա Ստեփան Դեմիրճյանը կարծում է, որ հենց ներկայիս ճանապարհն է իրենցը. «Գիտեք, ժամանակին թեմա էր չէ՞ դարձել` սահմանադրական ճանապարհ, եւ այլն, եւ այլն, տեղի-անտեղի խոսում էին, տափակ դատողություններ էին անում: Քաղաքական գործունեությունը ենթադրում է գործունեություն հենց Սահմանադրության շրջանակներում: Ես դա գիտեմ, մենք դա կարող ենք անել: Խոսակցություններ են անում, որ զենքով ա պետք, սենց ա պետք, նենց ա պետք: Դա արդեն մեր գործը չէ: Դրա հետ մենք գործ չունենք»: Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա, ըստ Ս. Դեմիրճյանի` այն շարունակում է մնալ «ճգնաժամային», քանի որ այդպես էլ առ այսօր հաղթահարված չեն Մարտի 1-ի հետեւանքները, իսկ իշխանությունների կողմից էլ իրենք ադեկվատ քայլեր չեն տեսնում: «Մարտի 1-ի պատասխանատվությունը բարդվեց ընդդիմության վրա, իրականացվեցին մի շարք խայտառակ դատավարություններ, վերջին ակորդը Նիկոլ Փաշինյանի դատավարությունն էր, հերթական պատվիրված դատավարությունը: Այնպես որ, իշխանությունները քայլեր չարեցին: Ադեկվատ քայլեր չեմ տեսնում նաեւ առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ: Նույնիսկ վերջերս պնդումներ ենք լսում, հայտարարություններ ենք լսում այն մասին, թե հաղթահարված է արդեն այդ ճգնաժամը: Սակայն իրականությունը հակառակն է ցույց տալիս, միանգամայն հակառակը: Մարդիկ պետք է իրենց առօրյա կյանքում տեսնեն` հաղթահարվա՞ծ է, թե՞ հաղթահարված չէ ճգնաժամը: Իսկ կյանքը գնալով դժվարանում է, ժողովրդի սոցիալական վիճակն օրեցօր բարդանում է»,- ասաց ՀԺԿ նախագահը: Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկմանը, Ս. Դեմիրճյանն ասաց, թե ինքը քիչ հավանական է համարում, որ բանաձեւը ներառվի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգում: «Մենք, իհարկե, ողջունում ենք Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը, սակայն, ցավոք, ես քիչ հավանական եմ համարում, որ հարցը մտնի լիագումար նիստի օրակարգ: Սրա մասին են վկայում նաեւ Քլինթոնի հայտարարությունները, որ ամեն ինչ անելու են, որ հարցը չմտնի օրակարգ: Իհարկե, Կոնգրեսը անկախ, ինքնուրույն մարմին է, Ազգային ժողովի նման չէ, սակայն ամեն դեպքում քիչ հավանական եմ համարում, որ հարցը մտնի լիագումար նիստի օրակարգ»,- ասաց նա` հավելելով, թե չի կարծում, որ Թուրքիան մինչեւ ապրիլի 24-ը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները` թեկուզ վերապահումով: