Փետրվարի 2-ին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլումբիեն հայտարարություն էին տարածել, որով ԱԺ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումներն իրականացնելու համար Ազգային ժողովից ժամանակացույց էին պահանջել:
Հիշեցնենք, որ այդ առաջարկություններն ու բարեփոխումներն իրականացնելու մշտադիտարկման գործընթացը ԱԺ-ն անցած տարեվերջին վերապահեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Այս հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը միաժամանակ ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է: Եվ այնպես է ստացվում, որ Մոնիտորինգի հանձնաժողովին իր ղեկավարած հանձնաժողովը կամ հենց ինքը պետք է ներկայացնի առաջարկությունների կատարման ժամանակացույցը: Համազեկուցողների հայտարարությունից հետո Դ.Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե կոալիցիոն ուժերը պետք է հավաքվեն ու քննարկեն այդ հարցը: Կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներից տեղեկացանք, որ դեռ նման քննարկում չի եղել: Իսկ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մնացել է ընդամենը 5 օր` այն տեղի է ունենալու մարտի 17-ին: Դ.Հարությունյանը, սակայն, երեկ ասաց, որ արդեն պատրաստ է ժամանակացույցը, եւ ինքը դա ներկայացնելու է Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին: Նա չհերքեց, որ ինքն է պատրաստել առաջարկությունների կատարման ցանկը եւ ժամանակացույցը: Հիշեցնենք, որ Սամվել Նիկոյանի գլխավորած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն իր զեկույցում առաջարկել էր իրականացնել սոցիալ-տնտեսական եւ իրավական բնույթի բարեփոխումներ: Պետաիրավական հանձնաժողովն այդ առաջարկությունների կատարման համար հարցեր էր ուղարկել ՀՀ կառավարությանը եւ պատասխաններ ստացել: Երեկ Դ.Հարությունյանը տեղեկացրեց, որ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին ներկայացնելիք ժամանակացույցի առաջին հարցը հենց ԱԺ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների մշտադիտարկումն է, որը իրականացնելու է իր ղեկավարած հանձնաժողովը: «Մենք որոշակի քայլեր արդեն կատարել ենք: Եվ կարծում եմ, որ շուտով կսկսենք կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումները նրանց պատասխանի յուրաքանչյուր կետի հետ կապված: Այս պահին մեր հանձնաժողովի անդամները պատրաստում են ճշտող հարցեր, որոնք տալու ենք պատասխանների հետ կապված»,- ասաց Դ.Հարությունյանը:
Երկրորդ հարցը Ոստիկանության բարեփոխումների եւ Ոստիկանության բողոքների քննարկման համապատասխան մարմնի ստեղծումն է: «Այստեղ մոտեցումներն ավելի շատ հայեցակարգային են, եւ մենք բարեփոխումների հետ կապված ներկայացրել ենք ժամանակացույց, որը մշակել է Ոստիկանությունը ԵԱՀԿ-ի հետ համատեղ: Ոստիկանության բողոքների քննման անկախ մարմնի ստեղծման հարցը մենք դեռ կքննարկենք, կճշտենք, թե ովքեր են լինելու փորձագետները, եւ ինչպես ենք շարունակելու այդ աշխատանքը»,- ասաց Դ.Հարությունյանը, բայց չցանկացավ պարզաբանել, թե ինչ են ենթադրում Ոստիկանության համակարգում նախատեսված բարեփոխումները:
Մոնիտորինգի հանձնաժողովին ներկայացվելիք երրորդ հարցը Ընտրական օրենսդրության բարեփոխումներն են: Ի դեպ, ԵԽ ԽՎ-ն ՀՀ-ի մասին իր բանաձեւերում ու հայտարարություններում միշտ կարեւորել է թե՛ Ոստիկանության համակարգում, թե՛ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները: Եվրոպական չափանիշներին համապատասխան Ընտրական օրենսգրքում բարեփոխումները պետք է ավարտված լինեն հաջորդ ընտրություններից մեկ տարի առաջ: ԱԺ առաջիկա ընտրությունները տեղի են ունենալու 2012թ., եւ, փաստորեն այս հարցով բարեփոխումները կարող են իրականացվել 2010-2011թթ.: Մոնիտորինգի հանձնաժողովին ներկայացվելիք հաջորդ հարցը վերաբերում է դատական համակարգին, կամ, ավելի ճիշտ, քրեական դատավարությանը: «Մոնիտորինգի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է գտնվում խափանման միջոցների մասը կարգավորող օրենսդրությունը: Մենք հանձնաժողովում արդեն նախաձեռնել ենք այդ աշխատանքը, սակայն սա այն նախագիծն է, որը դառնալու է միջազգային փորձագետների հետ համատեղ քննարկման առարկա: Մենք հստակեցնելու ենք ժամկետները, թե երբ ենք աշխատելու փորձագետների հետ: Եվ ընդհանրապես ցանկացած աշխատանք մենք կիրականացնենք միջազգային փորձագետների հետ համատեղ` նրանց եզրակացությունները հաշվի առնելով: Թերեւս սրանք էին այն հիմնական հարցերը, որ պատրաստվում եմ ներկայացնել Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում»,- եզրափակեց Դ.Հարությունյանը:
Հիշեցնենք, որ դեռեւս 10 օր առաջ մարտի 1-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էր ներկայացրել այդ բարեփոխումների ժամանակացույցն ու ցանկը եւ դա անվանել էր «քաղաքական ճգնաժամից դուրս գալու ժամանակացույց»: Կոնգրեսը Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի նախօրեին` մարտի 16-ին, դա երթով պետք է հանձնի Հայաստանում Եվրախորհրդի գրասենյակին: Այդ ժամանակացույցով ՀԱԿ-ը ՀՀ իշխանություններին առաջարկում է մինչեւ աշուն իրականացնել հետեւյալ 6 գործողությունները` քաղբանտարկյալների ազատ արձակում, մարտի 1-ի իրադարձությունների փաստահավաք խմբի վերականգնում, «Ա1+» հեռուստաընկերության վերաբացում, ընտրական եւ հավաքների օրենսդրության բարեփոխում, արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների իրականացում: Դ.Հարությունյանն ասաց, որ ՀԱԿ-ի ներկայացրած այս ցանկից համաձայն է ընտրական եւ հավաքներին վերաբերող օրենսդրության բարեփոխման առաջարկների հետ: Եվ դրանք մասամբ կան իր կազմած ժամանակացույցում: Քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ մյուս կետերի հետ կապված պատգամավորը կարծիք չհայտնեց: Իսկ համազեկուցողներն իրենց հայտարարության մեջ նշել էին, թե Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ բարձրացնելու են նաեւ «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ազատազրկման հարցը: Դ.Հարությունյանը հրաժարվեց նաեւ անդրադառնալ այս խնդրին` պատճառաբանելով, թե քանի դեռ Ն.Փաշինյանի գործը դատաքննության փուլում է, այդ հարցին անդրադարձ չի լինելու: «Այստեղ հասցեատերը խորհրդարանը չէ, եւ մենք ասելիք չունենք»,- ասաց պատգամավորը:
Իսկ ընդհանուր առմամբ Դ.Հարությունյանը Մոնիտորինգի հանձնաժողովին է ներկայացնելու 2-3 տարվա գործողությունների ժամանակացույց: Նշենք, որ այդ ընթացքում ավարտվելու է այս գումարման ԱԺ լիազորությունները, որից հետո նոր ընտրություններ են լինելու: Նրա գլխավորած Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն էլ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների իրականացման մշտադիտարկումը իրականացնելու է մինչեւ այդ նույն ժամանակը: Այնպես որ, Դ.Հարությունյանն ու իր հանձնաժողովը մինչեւ հաջորդ ընտրությունները Պետաիրավական հանձնաժողովում անգործ չեն մնա: Գոնե ԵԽ ԽՎ-ին ու Մոնիտորինգի հանձնաժողովին զբաղեցնելու նյութեր կգրեն: