Երեկ Ելիսեյան պալատում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր` սա Ս. Սարգսյանի եւ Ն. Սարկոզիի երկրորդ հանդիպումն էր: Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2008թ. նոյեմբերին: Պաշտոնական արարողությունից հետո նախագահները առանձնազրույց են ունեցել: Ս. Սարգսյանը նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման համար կարեւոր են կանոնավոր հանդիպումներն ու շփումները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի շուրջ տեսակետների փոխանակումը: Նաեւ նշել է, որ ՀՀ-ում եւ աշխարհասփյուռ հայության կողմից Ֆրանսիան ընկալվում է որպես մերձավոր բարեկամ երկիր, իսկ միջազգային հարթակում` վստահելի գործընկեր ու դաշնակից, ինչը հայ-ֆրանսիական հարաբերություններին հաղորդում է առանձնահատուկ բնույթ: Ն. Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիայում անկեղծ համակրանք կա Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, եւ վերահաստատել է ՀՀ-ի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու իր երկրի մտադրությունը` ընդգծելով, որ Ֆրանսիան եղել եւ մնում է Հայաստանի բարեկամը` մշտապես կանգնած լինելով նրա կողքին: Ս. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին եւ Ն. Սարկոզիին` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հետեւողական եւ սկզբունքային մոտեցման համար: Այնուհետեւ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող, ինչպես նաեւ` փոխադարձ քաղաքական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ս. Սարգսյանն ու Ն. Սարկոզին նաեւ մտքեր են փոխանակել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացմանը, հումանիտար ոլորտում գործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: