Աշնանը բացվում են թատրոնները

08/09/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Սեպտեմբերի 10-ից հանդիսատեսի առջեւ իր դռները կբացի Սունդուկյանի անվան
թատրոնը։ Կցուցադրվի Ալվարդ Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի»
ներկայացումը: Հանդիսատեսի ուշադրության պակաս զգացող մեր Մայր թատրոնը
պատրաստում է նոր ներկայացումներ՝ Օստրովսկու «Գայլեր եւ ոչխարները» եւ
Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժը»: Կլինեն նաեւ հայ հեղինակների՝ Նելլի
Շահնազարյանի եւ Ռուբեն Մարուխյանի գործերի բեմականացումներ:

Դրամատիկական թատրոնն իր թատերաշրջանը բացված կհայտարարի հոկտեմբերի 1-ին:
«Բացելու ենք համարյա թե պրեմիերայով, քանի որ Պերճ Զեյթունցյանի «Կանգ
առ, երկրագունդ» բեմադրությունը մենք երկու անգամ ենք խաղացել հունիս
ամսին»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը:
Հոկտեմբերի վերջին պատրաստ կլինի Հրանտ Մաթեւոսյանի «Չեզոք գոտի»
կինովիպակի բեմականացումը: «Դա կառավարության պատվերն է»,- ասաց
Ա.Խանդիկյանը, ով նոր թատերաշրջանի ընթացքում նաեւ սկսելու է Անտոն Չեխովի
ամենանուրբ եւ շատ անձնական «Իվանով» պիեսի բեմադրությունը: Իվանովի
դերակատարը դեռ ընտրված չէ: Երկու երիտասարդ բեմադրիչներ՝ Գրիգոր
Խաչատրյանը եւ Նարեկ Ղափլանյանը, կբեմադրեն բուլղարացի դրամատուրգ Բոյչեւի
երկու պիեսները՝ «Գնդապետ թռչունը» եւ «Տիտանիկ» նվագախումբը»:
Դրամատիկական թատրոնը կայուն ու հաճույքով է աշխատում, իսկ անցած
թատերաշրջանն Ա.Խանդիկյանը հաջող է համարում: Թատրոնը օգոստոսին մեկնել էր
հյուրախաղերի Լեհաստանի Գդանսկ քաղաք, որտեղ ցուցադրել է իր վերջին
պրեմիերան՝ «Մակբեթը»:

Պատանի հանդիսատեսի թատրոնի համար այս օրերին ամենակարեւորը «Արմմոնո»
միջազգային թատերական փառատոնն է: ՊՀԹ հետագա նախագծերից են ամերիկացի
ռեժիսոր Առնոլդ Շվեցովի Գրիմ եղբայրների ստեղծագործության հիման վրա
բեմադրած «Տիկին Բուքը» հեքիաթը եւ բեմադրիչ Ստեփան Ղազարյանի «Սիլվիա»
ներկայացումը: Իսկ Հակոբ Ղազանչյանն ավարտելու է Էդվարդ Ռաձինսկու «Ներոնի
եւ Սենեկայի ժամանակների թատրոնը» պիեսի բեմադրությունը:

Հեղինակների եւ բեմադրիչների ազգանունների ու պիեսների անվանումների չոր
թվարկումները գուցե ոմանց կհուշեն՝ ինչ սպասել նոր թատերաշրջանից եւ որ
ներկայացումն արժե նայել: Ամեն դեպքում, թատրոններն աշխատում են եւ
փորձում գրավել հանդիսատեսի ուշադրությունը: Միայն հետաքրքիր է`
ներկայացումների գրական նյութ ընտրելիս որքանո՞վ են թատրոնների
գեղարվեստական ղեկավարները հաշվի առնում հանդիսատեսի սպասելիքները: