Տղամարդկության ժամանակը

11/03/2010

«Եվ Ադրբեջանում, եւ Հայաստանում հասկացել են, որ չլուծված հակամարտությունները թանկ են նստում, երբ խոսքը գնում է մարդկային տառապանքների մասին»,- «Trend News»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ ղարաբաղյան հակամարտության հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: «Ես նախկինի պես լավատես եմ այս տարի հակամարտությունը լուծելու հնարավորության վերաբերյալ: Իմ ակնկալիքներն այդպիսին են, քանի որ Բաքվում եւ Երեւանում կա քաղաքական կամք` ընթանալ առաջ եւ հասնել խաղաղ ու երկարաժամկետ լուծման»,- ասել է Լենմարկերը: Նա նշել է, որ Վրաստանում օգոստոսյան պատերազմը հիշեցրեց բոլորին, որ չկարգավորված հակամարտությունները շատ վտանգավոր են: Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության գործում կարեւոր է Ղազախստանի՝ որպես ԵԱՀԿ նախագահի, դերակատարումը: «Դա պետություն է, որ դուրս է եկել Խորհրդային Միությունից, եւ ղազախները կարող են թարմ գաղափարներ եւ հակամարտությանն այլ դիրքից դիտելու նոր պատրաստակամություն դրսեւորել: ԵԱՀԿ գործող նախագահն իր գերակայություններից մեկը համարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, եւ ես լիովին աջակցում եմ նման որոշմանը,- ասել է նա` ավելացնելով,- Այժմ դրա համար հարմար պահն է հասել, եւ ԵԱՀԿ ղեկավարության աջակցությամբ հնարավոր է իսկապես առաջընթացի հասնել: Եկել է ժամանակը տղամարդկություն դրսեւորելու, որ լուծեն ղարաբաղյան հակամարտությունը: Չի կարելի թույլ տալ հակամարտության ռազմական լուծում: Այդ հակամարտությունը սառեցված չէ, շփման գծում ամեն օր մարդիկ են զոհվում, եւ այդպես շարունակել չի կարելի»: Նշենք, որ երեկ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշն ու Լենմարկերը ժամանել են Երեւան: