ԽՍՀՄ-ը վերածնվում է

11/03/2010

«Մինչ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մտածում է Կրեմլ վերադառնալու մասին, աստիճանաբար վերածնվում է Խորհրդային Միությունը: Դրա վառ ապացույցն է Պուտինի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի հայտարարությունը, թե Ռուսաստանը կարող է անվավեր համարել ռուբլին եւ Ղազախստանի ու Բելառուսի հետ ստեղծել միասնական արժույթ»,- երեկ այդ մասին գրել է բրիտանական «Times Online» պարբերականը` կանխատեսելով, որ ընդհանուր միասնական արժույթը Վլադիմիր Պուտինին կընձեռի հզոր տնտեսական լծակներ` հնարավորություն տալով մարտահրավեր նետել դոլարին եւ եվրոյին, քանի որ այն կունենա տարածաշրջանային պահուստային արժույթի կարգավիճակ: Ըստ «Times Online»-ի, նախկին խորհրդային պետությունների համար դժվար կլինի դիմակայել միասնական արժույթի եւ տնտեսական գոտու գայթակղությանը: Հայաստանի տնտեսությունը, ըստ պարբերականի, արդեն գրեթե ամբողջությամբ պատկանում է ռուսական ընկերություններին: Ադրբեջանին սպառնում է ռուսական միջամտությունը ԼՂ հակամարտությանը: Ինչ վերաբերում է այլ պետություններին, ապա նրանք էլ նախանձելի վիճակում չեն: Տնտեսական ծանր վիճակում գտնվող Ղրղըզստանը արդեն 2,15 մլրդ դոլարի օգնություն է ստացել Մոսկվայից, Ուկրաինայի ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչին Մոսկվան արդեն առաջարկել է միանալ մաքսային միությանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երրորդ նախագահական ժամկետը լրանում է հաջորդ տարի, եւ վերընտրվելու համար նրան անհզրաժեշտ կլինի Պուտինի աջակցությունը։