Գնաճը զսպենք տոկոսով

11/03/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 2010 թ. մարտի 9-ի նիստում հերթական անգամ որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.5%: Հիշեցնենք, որ ընթացիկ տարում ԿԲ-ն արդեն երրորդ անգամ է բարձրացնում այս տոկոսադրույքը։ Հունվարի 20-ին ԿԲ խորհուրդը այն բարձրացրեց՝ 5%-ից հասցնելով 5.5%-ի, իսկ նախավերջին փոփոխությունը տեղի ունեցավ փետրվարի 16-ին՝ 5.5%-ից` 6%։

Փաստորեն՝ ԿԲ-ն աստիճանաբար կոշտացնում է դրամավարկային քաղաքականությունը, կամ, ինչպես ընդունված է ասել, վարում է թանկ փողի քաղաքականություն։ Ինչպես նշվում է ԿԲ պաշտոնական հաղորդագրության մեջ՝ գնաճի շեղումները նպատակային թիրախից նվազեցնելու նպատակով։

ԿԲ խորհրդի անդամները նշել են, որ 12-ամսյա գնաճի ցուցանիշը ավելացել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատ 2.4 տոկոսային կետով` կազմելով 9.4%: Սակայն գնաճի ցուցանիշի կտրուկ աճը պայմանավորվել է նախորդ տարվա փետրվար ամսվա գնաճի զարգացումներով, երբ արձանագրվել էր 1.8% աննախադեպ բարձր գնանկում:

Խորհրդի անդամները համոզված են, որ փետրվար ամիսը գնաճի պիկն է: «Փետրվարին իր բարձրակետին հասնելուց հետո, մարտից սկսած, գնաճի տեմպը նվազելու է` չնայած ապրիլի 1-ից որոշ կոմունալ ծառայությունների սակագների թանկացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: Այդուհանդերձ, նշվում է, որ նախորդ ամիսներից սկսած միջազգային շուկաներում հանքահումքային եւ հիմնական պարենային ապրանքների գների աճով եւ տնտեսական ակտիվության աստիճանական վերականգնմամբ պայմանավորված գնաճային միջավայրը կանխատեսվող հորիզոնում պահպանվելու է:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, ընդհանրապես, աշխարհում ընդունված պրակտիկա է՝ գնաճը զսպելու համար։ Հիշեցնենք, որ դա այն տոկոսադրույքն է, որով Կենտրոնական բանկը վերաֆինանսավորում է առեւտրային բանկերին ու վարկային կազմակերպություններին։ Որքան բարձր է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այնքան բարձր է առեւտրային բանկերի կողմից բիզնեսին կամ ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքը։ Ինչ-որ առումով այն կարելի է անվանել «պայմանական մեխանիզմ»՝ փողի միջին գինը որոշելու համար։ Այսինքն՝ այն ուղեցույց է ֆինանսական շուկայի մասնակիցների համար։ Եվ որքան բարձր է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այնքան թանկ է փողը։ Իսկ փողի թանկ լինելը ենթադրում է, որ պետք է հանգեցնի պահանջարկի կրճատման եւ գնաճի զսպման։

Որքանո՞վ է այս մեխանիզմը արդյունավետ գործում Հայաստանում։ Այս հարցի շուրջ կարծիքները տարբեր են։ Սակայն անկախ տնտեսագետների մեծ մասն այն համոզման է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը էական դեր չի խաղում հայաստանյան գնաճի վրա, քանի որ Հայաստանում բանկային համակարգը ցածր ներգրավվածություն ունի բիզնեսի ֆինանսավորման մեջ։ Նույն կերպ՝ տոկոսադրույքի իջեցումը մեր երկրում էապես չի ազդում տնտեսական ակտիվության վրա, մեծապես չի խթանում պահանջարկը (հիշեցնենք, որ 2009թ. ընթացքում ՀՀ ԿԲ-ն քանիցս իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ տարվա վերջին հասցնելով այն 5%-ի)։

Տնտեսագետներից ոմանք ոչ միայն արդյունավետ չեն համարում տոկոսադրույքի բարձրացումը, այլեւ՝ գտնում են, որ դա հակացուցված է մեր տնտեսությանը։ Օրինակ՝ ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր. «Զսպում ենք տնտեսության աճի հնարավոր ներուժը, իսկ մեզ պետք է խթանել, ոչ թե զսպել: Քանի որ դրամի փոխարժեքը լողացող սկզբունքով չի ձեւավորվում, շուկայում շեղումներ են տեղի ունենում, որը չի կարելի թույլ տալ: Փոխանակ թողնենք, որ տնտեսությունը շնչի, զսպում ենք, չենք թողնում զարգանա»: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նույնպես բազմիցս քննադատել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձր մակարդակը՝ հիշեցնելով, որ զարգացած երկրները ճգնաժամային պայմաններում այն իջեցրել են զրոյական մակարդակի։

Ի դեպ, թե՛ Սանդոյանը, թե՛ Բագրատյանը, թե՛ մյուս տնտեսագետները ՀՀ տնտեսության վիճակը պայմանավորում են ոչ այնքան համաշխարհային տնտեսության զարգացումներով, այլ հենց ներքին, ինստիտուցիոնալ խնդիրներով։ Բացի այդ, նրանք խորհուրդ են տալիս ահռելի միջոցներ չծախսել դրամի արժեզրկումը զսպելու համար՝ հավաստիացնելով, որ այդ արժեզրկումը օգտակար կլինի մեր տնտեսության, մասնավորապես՝ արտահանմանն ուղղված արտադրության համար։ Այս վերջին խորհրդին ՀՀ ԿԲ-ն կարծես որոշել է հետեւել։ ՀՀ Կենտրոնական բանկի Մամուլի ծառայության տվյալներով՝ երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.750.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 391.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, իսկ փակման գինը կազմել է 390.75 դրամ:

Ինչ վերաբերում է գնաճին՝ ապա մեր քաղաքացիները ֆինանսական շուկայի մասնագետների խուճուճ ձեւակերպումների կարիքն այլեւս չունեն եւ ինքնուրույն կանխատեսումներ են անում։ Օրինակ՝ «չեյնջերի» ցուցանակների վրա տեսնելով, որ դոլարի գինը 385-ից դարձավ 390 դրամ, շատ լավ գիտակցում են, որ վաղը բենզինի (եւ մյուս ներկրվող ապրանքատեսակների) գինը նույն հարաբերակցությամբ ու մի բան էլ ավելի աճելու է։ Իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքին ու մնացած բաներին ուշադրություն չեն դարձնում, քանի մեզանում գործում են ոչ թե տնտեսական օրենքները, այլ մի քանի օլիգարխների «չեռնավոյ» հաշվարկները։