«Եվրամիությունը մտադիր է պրագմատիկ կապեր հաստատել հարեւան երկրների հետ»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ մասին ասել է Եվրամիության ընդարձակման եւ հարեւանության հետ հարաբերությունների գծով նորանշանակ հանձնակատար, չեխ քաղաքական գործիչ Շտեֆան Ֆյուլեն: Վերջինս ԵՄ հարեւաններին հորդորել է իրենց հերթին նույն բնույթի գործնական կապեր հաստատել նաեւ Ռուսաստանի հետ: «Եվրամիությունը եւ Արեւելյան հարեւանության ծրագրի երկրներն ունեն երկու ընդհանուր նպատակ, դրանք են` ազատ առեւտուրը եւ վիզային սահմանափակման վերացումը: Դուք պատկերացում ունե՞ք, թե երբ է դա հնարավոր»,- պատասխանելով այս հարցին` Շտեֆան Ֆյուլեն ասել է, թե դրանք հիմնարար խնդիրներ են, սակայն գոյություն ունի նաեւ երրորդը. խոսքը ընկերակցային համաձայնագրերի մասին է: «Այդ ամենը` քաղաքական առավել խորը ընկերակցության եւ տնտեսական ինտեգրման հարց է: Սա է այն անհրաժեշտ ճանապարհը, որն անցնելով, ի վերջո, հնարավոր կլինի հասնել եվրոպական տնտեսական տարածքին»,- ասել է Շտեֆան Ֆյուլեն` նշելով, որ այնուամենայնիվ, վիզաների տրամադրման դյուրացման հարցը նույնպես օրակարգում է: Ըստ Ֆյուլեի, Եվրամիությունը արդեն ունի որոշակի համաձայնություններ մի քանի երկրի հետ: Նրա խոսքերով, դրա լավ օրինակը Վրաստանն է: Մնացած երկրների հետ էլ բանակցությունները շարունակվելու են: ԵՄ ընդարձակման եւ հարեւանության հետ հարաբերությունների գծով հանձնակատարը խոսել է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: «Մենք ցանկանում ենք բարելավել կապերը Եվրոպայի այդ հատվածի հետ, սակայն դա չպետք է լինի երրորդ երկրների շահերի հաշվին», – ասել է նա ու դա պարզաբանել իր հայրենի Չեխիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների օրինակով: «Մեզ էլ էին ասում, թե մենք պետք է ընտրություն անենք Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ: Մենք պատասխանում էինք, որ նման բան չկա, որ միանալով ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը` մենք նույնիսկ կարող ենք բարելավել կապերը Ռուսաստանի հետ: Այսօր Չեխիայի եւ Ռուսաստանի հարաբերություններում այլեւս չկա նախկինում առկա զգացմունքային ենթատեքստը։ Հարաբերությունները բարելավվել եւ ավելի պրագմատիկ են դարձել: Դա հենց այն է, ինչին ձգում ենք Արեւելյան գործընկերության երկրների հետ», – հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն: