«Այն կոնգրեսականներն ու ընկերությունները, ովքեր հանդես են եկել ընդդեմ մարտի 4-ի բանաձեւի, պետք է շատ թանկ վճարեն իրենց անբարոյական արարքի համար: Նրանց բացասական քվեների եւ նամակների անտեսումը կխրախուսի նրանց կրկին հանդես գալ ընդդեմ բանաձեւի, երբ այն ներկայացվի Կոնգրեսի լիագումար նիստին»,- այս մասին գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը` «Ամերիկահայերը չպետք է թույլ տան, որ Օբաման ու Քլինթոնը թաղեն Ցեղասպանության բանաձեւը» վերնագրով հոդվածում: Ըստ Սասունյանի, եթե ամերիկահայերին հաջողվի այդ անձանցից որեւէ մեկին նոյեմբերին պարտության մատնել, ապա մյուսներին դաս կլինի, որ Ցեղասպանության բանաձեւին դեմ քվեարկելով նրանք կարող են խաչ քաշել իրենց քաղաքական գործունեության վրա: «Չնայած ամերիկահայ ընտրողները չեն կարող «իրենց հաշիվները մաքրել» նախագահ Օբամայի հետ, քանզի այս տարվա նոյեմբերին նրա թեկնածությունը քվեարկության չի դրվում, սակայն բանաձեւին դեմ հանդես եկած քսաներկու կոնգրեսականներից տասնութի թեկնածությունը դրվելու է քվեարկության: Ամերիկահայերը պետք է հնարավոր ամեն ինչ անեն` կանխելու բոլոր նրանց վերընտրությունը, ովքեր մարտի 4-ին դեմ են քվեարկել Ցեղասպանության բանաձեւին»,- գրում է Սասունյանը` հավելելով, որ պետք է արշավ սկսել նաեւ ամերիկյան գլխավոր պաշտպանական հինգ ընկերությունների` Lockheed Martin Corp., Boeing Co., Raytheon Co., United Technologies Corp. եւ Northrop Grumman Corp նախագահների դեմ, ովքեր համատեղ նամակ էին հղել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին` կոչ անելով մերժել Հայոց ցեղասպանության բանաձեւը, որպեսզի վտանգի չենթարկեն իրենց ապրանքաշրջանառությունը Թուրքիայի հետ: Հ. Սասունյանը նշում է, որ բողոքի նման արշավ պետք է իրականացնել նաեւ ընդդեմ Aerospace Industries Association-ի, որն իր հերթին առանձին նամակ էր հղել Կոնգրեսին` ընդդեմ Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման: Ըստ նրա` ամերիկահայերը չպետք է թույլ տան, որ նախագահ Օբաման եւ պետքարտուղար Քլինթոնն իրենց կամքը պարտադրեն Միացյալ Նահանգների Կոնգրեսին: «Ամերիկահայերը պետք է կապ հաստատեն իրենց ներկայացուցիչների հետ յուրաքանչյուր ընտրատարածքում, ամբողջ երկրով մեկ, անգամ ամենահեռավոր շրջաններում, եւ հայտնեն նրանց, որ Ցեղասպանության բանաձեւին չաջակցելու դեպքում, նրանք նոյեմբերին կզրկվեն հայ ընտրողների քվեներից: Քաղաքական գործիչներն ավելի շուտ կլսեն իրենց ընտրողներին, քան նախագահ Օբամային, քանզի նա է իրենց պաշտոնների վտանգման հիմնական պատճառը: Ուստի, վերջին հաշվով, բանաձեւի ճակատագիրը գտնվում է ամերիկահայերի ձեռքում: Եթե նրանք տոկունություն հանդես բերեն եւ բավարար քանակությամբ աջակիցներ ձեռք բերեն կոնգրեսականների շրջանում, ապա ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին այլ բան չի մնա անելու, քան բանաձեւը ներկայացնել լիագումար նիստին` անկախ այն բանից, թե վարչակազմն ինչ կթելադրի նրան: Հակառակ դեպքում, շատ այլ հարցերով բորբոքված ընտրողները կարող են դուրս գցել պաշտոնատար անձանց` վտանգելով նաեւ խոսնակի նրա պաշտոնը»,- գրում է նա: Հ. Սասունյանը նշում է նաեւ, որ ամերիկահայերը չպետք է մոռանան իրենց խորին երախտագիտությունը հայտնել կոնգրեսական հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին եւ բանաձեւին «կողմ» քվեարկած քսաներկու մյուս կոնգրեսականներին, եւ պետք է խանդավառությամբ աջակցեն նրանց վերընտրությանը: