Դաշնակները՝ Եղեռնի 90-ամյակին

08/09/2005

Ցեղասպանության 90-ամյակին նվիրված «Առաքել» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա
սեպտեմբերին: Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Զոհրապ Բեկ-Գասպարենցն է: Նա նաեւ
ֆիլմի սցենարի հեղինակն է եւ գլխավոր դերակատարը: Ֆիլմում հանդես է գալիս
եւ սցենարի համահեղինակ է նաեւ դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը: Ֆիլմի
երկրորդ ռեժիսոր Արամ Ջիլավյանը համոզված է, որ «Առաքելը» միաժամանակ նման
եւ խիստ տարբեր է այդ թեմայով ստեղծված այլ ստեղծագործություններից. «Եվ
եթե նոր բան չասի էլ, այնուամենայնիվ, հարստացնում է Ցեղասպանության մասին
պատմող փաստերի շարքը, իսկ դա արդեն եւս մի զենք է՝ աշխարհին ապացուցելու
Հայոց ցեղասպանության իսկությունը»: Ֆիլմը պատմում է հարուստ հայ ընտանիքի
մասին՝ ներկայացնելով 1910-1915թթ. պատմական իրադարձությունները: Սցենարն
իրական հենք ունի, գլխավոր հերոսի նախատիպը Զոհրապի պապն է: Ապրիլին
սկսված եւ միայն մեկ ամիս առաջ ավարտված նկարահանումները կատարվել են
Ստեփանավանում, Գյումրիում, Սեւանի ավազանում: Ստեղծագործական խումբը չի
մանրամասնում՝ որքան է արժեցել ֆիլմը, միայն նշում է, որ այն նկարահանվել
է «Համազգային կրթամշակութային ընկերության» հովանավորությամբ:
Հեղինակները համոզված են ֆիլմի հաջողության մեջ: «Չգովեմ,- ասում է Արամ
Ջիլավյանը,- կտեսնեք՝ կհամոզվեք»:

Ն.Ա.