Պաշտոնական Անկարայի կողմից հնչեցված սպառնալիքների վերաբերյալ այս կարծիքին է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
– Պարոն Հովհաննիսյան, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը կարելի՞ է համարել մեր արտաքին քաղաքականության ձեռքբերումը:
– Սա նորություն չէ, առաջին անգամ չէ այդ հանձնաժողովը ընդունում նման բանաձեւ: Սա արդեն թվով չորրորդն է: Կարելի է ասել միայն այն, որ այս բանաձեւի ընդունումն ուղղակի առնչություն չունի Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, քանզի դուք գիտեք, որ մինչեւ ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցի հետապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ընդգրկելը այս կարգի բանաձեւեր նույնպես ընդունվել են, հենց ԱՄՆ-ի նույն հանձնաժողովի կողմից: Այս հարցի վերաբերյալ առաջին լուրջ փաստաթուղթը եղել է ՌԴ Պետդումայի կողմից 1995 թվականին ընդունված բանաձեւը, որի հեղինակը ձեր խոնարհ ծառան է: Այդ բանաձեւը առանց որեւէ փոփոխությունների ընդունվեց նախ Պետդումայի Արտաքին հարաբերությունների եւ ԱՊՀ հարցերով հանձնաժողովների կողմից, իսկ հետո դրվեց քվեարկության լիագումար նիստում եւ միաձայն ընդունվեց: Աշխարհի տարբեր երկրների կողմից ցեղասպանության փաստը ճանաչելի դարձնելու ուղղությամբ Հայաստանի ջանքերը նման բանաձեւերի հետ ոչ մի կապ չունեն:
– Այսինքն, անիրատեսակա՞ն եք համարում, որ բանաձեւը դրվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քննարկմանը:
– Այո, որովհետեւ այն նույնիսկ լոբբիստական աշխատանքի եւ լոբբինգ կոչվածի հետ ուղղակի կապ չունի: Պետությունները իրենց շահերից ելնելով են ճանաչում եւ դատապարտում ցեղասպանությունը: Կոնկրետ Հունաստանի պարագայում 1996 թվականին Թուրքիայի հավակնություններն էին հունական կղզիների նկատմամբ,1995-ին Պետդումայի կողմից ընդունված բանաձեւի դեպքում` Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունն էր չեչենական անջատողական շարժման զինված ապստամբության մեջ: Բայց եթե անգամ սեփական նկատառումներից ելնելով տվյալ պետությունը ճանաչում է ցեղասպանությունը, ապա այդ նույն երկիրը շատ ավելի օբյեկտիվ է գնահատում Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը: Դրա համար այն մոտեցումները, որ վերջերս մեզանում արծարծվում են, որ ցեղասպանության ճանաչումը այնքան կարեւոր չէ, որքան ղարաբաղյան հարցի կարգավորման խնդիրը, քանի որ մեկը զուտ պատմական խնդիր է, իսկ մյուսը այսօրվա քաղաքականության ամենասուր եւ հրատապ հարցը, սխալ են: Ցեղասպանության ոճիրի հետեւանքների վերացման հարցով պետք է շահագրգռված լինի համայն աշխարհը, այդ հարցը չի կարելի հանձնել ցեղասպանությունն իրականացրած պետության իրավահաջորդի քմահաճույքին, կամ առհասարակ դիտարկել հայ-թուրքական միջպետական հարաբերությունների նեղ շրջանակում: Չէ՞ որ ցեղասպանությունը ոչ միայն կոնկրետ ազգի, այլ համայն մարդկության դեմ ուղղված ոճիր է:
– ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այն հայտարարությունը, թե այլ երկրները չէ, որ պետք է քննարկեն 2 պետությունների` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդիրները, արդյո՞ք չի նշանակում, որ ԱՄՆ-ը պատրաստ չէ ցեղասպանության ճանաչման գործընթացին: Բացի այդ, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հնչող նման արտահայտությունը չի՞ նշանակում, որ պետք չէ հույսեր փայփայել, թե բանաձեւը կդրվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քննարկմանը:
– Մեր պետությունը իրավունք չունի դրա հետ համաձայնվել, քանզի դա անտրամաբանական է: Եթե լիներ ոչ թե ցեղասպանություն, այլ, ինչպես թուրքերն են ասում` ողբերգություն, բախումներ, կոնֆլիկտ, խժդժություն եւ այդ կարգի այլ իրավիճակ, ապա նման մոտեցումը ճիշտ է, իսկ եթե դա ցեղասպանություն է, եւ մենք դրանում համոզված ենք, ապա մենք իրավունք չունենք համաձայնվել, որ այդ հարցը քննարկվի երկուստեք փոխհարաբերությունների շրջանակում: Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ցեղասպանության հարցի քննարկումը կնմանվի խուլ ու համրի միջեւ տեղի ունեցող քննարկման: Այդ հարցը պետք է քննարկվի միջազգային կառույցներ-Թուրքիա փոխհարաբերությունների համատեքստում:
– Համենայն դեպս, ակնհայտ է, որ այսօր ԱՄՆ-ը պատրաստ չէ միջազգային մակարդակով հայ-թուրքական հարաբերությունների քննարկմանը:
– Պատրաստ չի, դրա համար էլ կհասնի այն նույն արդյունքներին, որոնց հասել է Աֆղանստանում, Իրաքում, Մերձավոր Արեւելքում, այսինքն` զրոյական արդյունքի, որովհետեւ չի կարելի ինքնախաբեությամբ զբաղվել: Այդ կերպ իրենք իրենց դնում են անհարմար իրավիճակի մեջ: Իրենց քաղաքականությունը տապալվեց: Սա, ի վերջո, առաջին հերթին միջազգային ճիգերի` փակուղուն հանգել է նշանակում: Մեծագույն ճիգերի դիմաց` զրոյական արդյունք, ահա այն ամենը, ինչ նրանք ստացան:
– Թիվ 252 բանաձեւի ընդունումից հետո պաշտոնական Անկարան չի դադարում սպառնալիքներ հնչեցնել, նշելով, որ նման որոշումը կարող է վնաս հասցնել Հարավային Կովկասում ընթացող խաղաղ գործընթացին, ավելին, նախօրեին վարչապետ Էրդողանը հայտարարեց նաեւ, որ իրենց կողմից համարժեք քայլեր են ձեռնարկվելու:
– Լավ ասացվածք կա. արջը վախից է ոռնում: Բնականաբար, նրանք դա անում են, որպեսզի կանխեն բանաձեւի քննարկումը լիագումար նիստում: Եթե բանաձեւը դրվի լիագումար նիստի քննարկմանը, ապա, անշուշտ, առաջիկայում կայանալիք Կոնգրեսի ընտրությունների կապակցությամբ, քննարկումը կբերի դրական արդյունքի, այսինքն` բանաձեւը կընդունվի: Այդ սպառնալիքները զուտ կմնան որպես սպառնալիքներ, ոչ ավելին:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական զարգացումները, մասնավորապես՝ ՀԱԿ-ի կողմից վերջին հանրահավաքում հնչեցված արտահերթ ընտրությունների եւ իշխանափոխության հեռանկարը:
– Եթե դուք ինձ հարցնեք, թե ընդդիմության ջանքերի արդյունքում հնարավոր կդառնա՞ն արտահերթ ընտրությունները, ես կասեմ, որ քիչ հավանական եմ համարում, որ, ելնելով ընդդիմության պահանջից, իշխանությունը գնա արտահերթ ընտրությունների: Բայց եթե հարցնեք, թե Հայաստանի եւ Ղարաբաղի շուրջ զարգացումները, ինչպես նաեւ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգի ձախողումը կբերի՞ արտահերթ ընտրությունների, ես կասեմ, որ շատ հավանական է, որ հենց այդպես էլ լինի:
– Ապրիլի 24-ից հետո ի՞նչ քաղաքական զարգացումներ կլինեն: Հնարավո՞ր է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված ԱՄՆ-ի կողմից ճնշում գործադրվի Հայաստանի վրա:
– Անշուշտ, մայիսից սկսած` Հայաստանի վրա լուրջ ճնշումներ կլինեն: Այդ ճնշումները կլինեն ոչ թե ցուցադրական, այլ շատ շոշափելի ու գործնական: Այն, ինչ մինչեւ հիմա ներվել է, այն, ինչի վերաբերյալ հարցեր չեն առաջացել, առաջիկայում մանրամասն արծարծման թեմա է դառնալու: Ի տարբերություն Թուրքիայի, Հայաստանը արեւմտյան դոնորներից միակողմանի կախվածության մեջ է եւ այս առումով բավականին խոցելի է: