Իսկ ի՞նչ խմել ջրի փոխարեն

11/03/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Ապրիլի 1-ից սպառողները ստիպված կլինեն ավելի շատ վճարել ոչ միայն սպառած գազի, այլ նաեւ ջրի դիմաց: «Երեւան Ջուր» ընկերությունը եւս, հետեւելով «ՀայՌուսգազարդի» օրինակին, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով թանկացնել ջրի սակագինը:

Որպեսզի «Երեւան Ջուրը» վնասով չաշխատի, ընկերության մասնագետները հաշվարկել են ու հանգել այն եզրակացության, որ 1խմ խմելու ջուրը ներկայիս 181 դրամի փոխարեն պետք է արժենա գոնե 206,98 դրամ: Առանց այդ էլ իր մատուցած ծառայությունների որակով այս ընկերությունը բնակիչ-բաժանորդների աչքի լույսը չէ, քանի որ մայրաքաղաքում 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու խոստումներն այդպես էլ խոստում են մնացել: Մատուցվող ջրի որակը եւս առանձնապես գոհացուցիչ չէ: Այսքանը շատ լավ հասկանալով, «Երեւան Ջուրի» առեւտրային տնօրեն Գագիկ Մարգարյանը շտապեց ընկերության անունից արդարանալ, իբր ոչ մի արտառոց բան չկա, պարզապես, ըստ վարձակալության պայմանագրի, իրենք պարտավոր են ամեն տարի սակագների ճշգրտման հայտ ներկայացնել հանձնաժողովին, ինչն էլ արել են: Տպավորություն է ստեղծվում, կարծես բաժանորդները դեռ մի բան էլ պետք է «Երեւան Ջուր» ընկերությունից շնորհակալ լինեն, որ ընկերությունը «հետեւողական» է իր պարտավորությունների կատարման հարցում ու պարտաճանաչորեն հետեւում է վարձակալության պայմանագրի ամեն մի տառին: Սակայն պարզվում է, որ ընկերությունը հետեւողական է միայն սակագնի բարձրացման հարցում, իսկ պայմանագրում ամրագրված` իր կողմից մատուցված ծառայությունների որակին եւ ներդրումներին վերաբերող մասը «Երեւան Ջուրը» պարզապես աչքաթող է արել: Խնդիրն այն է, որ երբ ֆրանսիացիները ստանձնեցին «Երեւան Ջուրի» ղեկավարումը, ՀՀ կառավարության հետ կնքած պայմանագրով խոստացան 17,6 միլիոն եվրո ներդնել` ջրային ցանցի նորոգման համար: Անշուշտ, բոլորը հիշում են նաեւ ընկերության ֆրանսիացի ղեկավարների լավատեսական հայտարարությունները, թե ջրի սակագինը կբարձրանա միայն առաջին 3 տարում, որից հետո ամեն տարի այն աստիճանաբար կնվազի: Մինչ այս որեւէ անգամ ընկերությունը սակագների նվազեցման հայտ չի ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, իսկ ընկերության գործելաոճից կարելի է ենթադրել, որ առաջիկայում եւս ֆրանսիացիները հայերին հաստատ նման անակնկալ չեն մատուցի: Երեւի նրանք էլ արդեն սովորել են մտածել հայ բիզնեսմենի տրամաբանությամբ` ինչքան էլ թանկ լինի` միեւնույն է, մարդիկ այն գնելու են. հո ծարավ ու անլվա չե՞ն մնալու: Նշենք, որ սակագների ճշգրտման ժամանակ հիմք են ընդունվում եվրո-դրամ փոխարժեքի հարաբերակցությունը, սպառվող ջրի ծավալը, սղաճը եւ էլեկտրաէներգիայի սակագինը: Այսինքն, միշտ էլ կարելի է սակագնի բարձրացման համար որեւէ հիմնավորում գտնել, ասենք, պատճառաբանել, որ բաժանորդները սկսել են ավելի քիչ ջուր օգտագործել, կամ, որ ամենատարածվածն է` ջրի կորուստները շատ են: Այս պատճառաբանությունները այնքան համոզիչ տոնով են ներկայացվում, կարծես շատ տրամաբանական է, որ ընկերության բացթողումների համար պետք է վճարի բաժանորդը: Տարեցտարի ջրի սակագինը բարձրացնելու փոխարեն՝ ընկերությունը պարզապես պետք է ներդրումներ կատարեր, հնամաշ ու քայքայված ջրատար խողովակները փոխեր, ավտոլվացման կետերում ու մայրաքաղաքի հարյուրավոր օբյեկտներում ջրաչափեր տեղադրեր եւ այլն: Այսքան գլխացավանքի մեջ չընկնելու համար շատ ավելի հեշտ է միանգամից ջրի սակագինը բարձրացնել, որպեսզի ջրի կորուստները փոխհատուցվեն բնակչի հաշվին: Եթե սակագնի բարձրացումը ֆրանսիացիների համար՝ լրացուցիչ եկամտի, ապա շարքային սպառողների համար այն լուրջ մտահոգության աղբյուր է: Առանց այդ էլ միջին եկամտով ապրող ընտանիքի համար կոմունալ վճարները խիստ բարձր են, իսկ գազի եւ ջրի սակագնի հերթական թանկացումից հետո, պատկերացնել կարելի է, թե բազմաթիվ ընտանիքներ ինչ վիճակում կհայտնվեն: Իհարկե, «Երեւան Ջուրի» առեւտրային տնօրեն Գագիկ Մարգարյանը հավաստիացնում է, որ սակագնի բարձրացման հարցը դեռեւս հստակ չէ, հնարավոր է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժի իրենց ընկերության ներկայացրած հայտը, որից հետո կփոփոխվի այն բանաձեւը, ըստ որի՝ հաշվարկվել է սակագինը: Պարոն Մարգարյանի մտավախությունը փարատելու համար նշենք, որ, որպես կանոն, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հաստատում է սակագնի բարձրացման հայտը: Համենայն դեպս իր պաշտոնավարման ընթացքում, երեւի հենց պարոն Նազարյանն էլ չի կարողանա մտաբերել որեւէ դեպք, երբ, ասենք, իր մասնագետների վերլուծությունները պարզել են, որ պետք է իջեցնել գազի, էլեկտրաէներգիայի կամ ջրի սակագինը: Հակառակ դեպքում անիմաստ կլիներ ավելորդ գլխացավանքի մեջ ընկնել, երկար-բարակ ուսումնասիրություններ անել ու սակագին հաշվարկել: Թերեւս ընկերության ֆրանսիացի ղեկավարները ձգտում են հասնել եվրոպական չափանիշներին: Օրինակ՝ իրենց հայրենիքում 1 խմ ջուրը արժե 3-4 եվրո: Իսկ «Երեւան Ջուրը» որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որի դեպքում բնակիչը պետք է վճարի ջրի կորուստների համար, իսկ կորուստները կազմում են ավելի քան 80 տոկոս:

Հ.Գ. Ի պատասխան բոլոր նրանց, ովքեր դժգոհում են գազի սակագնի թանկացումից, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը ասուլիսներից մեկի ժամանակ խորհուրդ տվեց. «Գնացեք ձեր գյուղերն ու ձեր տներում աթար վառեք»: «Որպես հայ մարդ՝ ես զարմանում եմ, թե ինչքան լավ է, որ մենք գազ ենք վառում: Բայց որ շատ խոսենք` կարող ա ընդհանրապես գազ չունենանք»: Մնում է հուսալ, որ գազ օգտագործելը շքեղություն համարող պատգամավորը ջրի պարագայում եւս այլընտրանք կգտնի եւ սակագնի հնարավոր բարձրացումից խուճապահար բնակչությանը, ջրի փոխարեն, այլընտրանք կառաջարկի: