Անցած շաբաթ խորհրդարանականների ձեռամբ հիմնական թեմա դարձավ հողային օրենսդրությունը: Մեր Հողային օրենսգիրքը բավական երկար ու դժվար պատմություն ունի: Օրենքը, եթե հիշողությունս չի դավաճանում, քննարկվում էր 93-94 թթ.: Այսինքն՝ առաջին գումարման խորհրդարանում: Հետո` երկրորդում ու երրորդում: Քննարկումները պարբերաբար հետաքրքիր էին: Օրենքի նախկին բոլոր նախագծերում վեճի հիմնական թեմաները օտարերկրացիներին հող գնելու իրավունք տալ-չտալուն էին վերաբերում: 90-ականներին մեր խորհրդարանում հիմնականում մեծամասնություն էին կազմում ազատական գաղափարախոսություն դավանողները: Բայց չգիտես ինչու՝ նրանք դեմ էին արտասահմանցիներին հող գնելու իրավունք տալուն: Ավելին, այդ ազատականները նույնիսկ փորձում էին հողային առավելագույն սահմանափակումներ հաստատել քաղաքացի հողատերերի համար: Նույնիսկ քննարկում էին ծավալների խնդիրը, թե նորօրյա «կալվածատերը» որքան սեփական հող կարող է ունենալ Արարատյան դաշտում, որքան Գեղարքունիքի մարզում, եւ այլն: Հետո խորհրդարանը ընտրությունից ընտրություն ազգայնական դարձավ: 2001 թ. մայիսին ընդունվեց «ՀՀ Հողային օրենսգիրքը»: Արտասահմանցիների եւ քաղաքացի սեփականատերերի համար որեւէ արգելք, սահմանափակում չկար: Անցած ութ տարվա ընթացքում օրենսգիրքը 14 անգամ փոփոխության ու լրացման ենթարկվեց: Դրանցից մեկն անգամ, ոչ թե բուն օրենքի, այլ արդեն ընդունված «փոփոխության ու լրացման» «փոփոխություն ու լրացում» է: Հիմա մեր խորհրդարանականները նոր փոփոխություն ու լրացում են առաջարկում: Պատգամավոր Վարդան Խաչատրյանը հայտարարել է. «Որ պետության քաղաքացի ասես՝ Հայաստանում հող ունի»: Պատգամավորների մի մասի համար հողի սեփականատիրոջ արտասահմանցի լինելու փաստը դարձել է երկրի անվտանգության խնդիր: Նրանք մեկիկ-մեկիկ հիշատակում են, թե որ երկրներն են սահմանափակումներ դնում արտասահմանցիների առջեւ սեփականության իրավունքով հող գնելու հարցում: (Թուրքիա, Հունաստան, Գերմանիա եւ այլն): Թվարկում ու առաջարկում են արգելքների հայաստանյան տարբերակ: Դրանցից մեկը` արգելել սահմանից 25 կմ մոտ գտնվող հողերի վաճառքը օտարերկրացիներին: Մեր փոքր երկրի համար ահագին ազդեցիկ տարածք է: Համարյա լրիվ կբացառվի Սյունիքում հող արտասահմանցուն վաճառելու հնարավորությունը: Մյուս տարածքներից էլ հավանաբար կմնա Սեւանա լճի ավազանը: Կամ էլ բուն լճի տարածքի մի մասը: Որովհետեւ բոլոր սահմաններից 25 կմ հեռու գտնվող տարածքներ գտնելը բարդ գործ է: Հողի սեփականության խնդիրն իսկապես ոչ մի երկրի համար զուտ տնտեսական խնդիր չէ: Այլապես այն չէր սահմանափակվի, ասենք, Գերմանիայում: Այն իսկապես շաղկապված է քաղաքական (թե ներքին, թե արտաքին), տարածաշրջանային եւ երկրի անվտանգության խնդիրների հետ: Հողի սեփականության սահմանափակումների հարցը առաջ է քաշվել ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանի կողմից: Զուտ այդ պատճառով որոշ փորձագետներ այն կապում են հայ-թուրքական համաձայնագրերի հետ: Ավելի ճիշտ, հայ-թուրքական սահմանների հնարավոր բացման հեռանկարի հետ: Նախաձեռնող կողմը սա համարում է սոսկական զուգադիպություն: Հարցի կարեւորությունից ելնելով, կարելի է ասել, որ ամենեւին էլ էական չէ` սա պատահական համընկնո՞ւմ է, թե՞ ոչ: Հողի նկատմամբ պետական վերաբերմունքի ճշգրտման անհրաժեշտությունն ինքնին ավելի կարեւոր է: Դրա մշակումը բավական շատ հարցեր կճշգրտի: Նախ՝ ի վերջո, գուցե նորից վերադառնան մեկ սեփականատիրոջը պատկանող հողի մակերեսի սահմանափակման գաղափարին: Երկրորդ` գուցե վերջապես օրենքի մակարդակում ամրագրեն սեփականատերերից «Պետական կարիքների» անունից հողի էքսպրոպրիացիայի խնդիրը: Ունեզրկման ներկա մեթոդները իրական սոցիալական չարիք են: Այն աստիճանի չարիք, որ Հյուսիսային պողոտայի բացման արարողության ժամանակ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացավ վերանայել այդ մեթոդները: Հողային օրենսգրքի փոփոխությունները տարօրինակորեն համընկան միջազգային մեկ փաստի հետ եւս: Ֆինանսատնտեսական ծանրագույն ճգնաժամ ապրող Հունաստանի վարչապետը Եվրոպայով մեկ ընկած աջակցություն է խնդրում: Անցած շաբաթ Գերմանիա կատարած այցի ժամանակ գերմանական կառավարության կողմից Հունաստանի վարչապետը սահմռկեցուցիչ առաջարկ ստացավ: Երկրի տնտեսական խնդիրները կարգավորելու համար պարտք խնդրելու փոխարեն՝ Հունաստանին առաջարկվեց վաճառել մի քանի կղզի: Սա նորօրյա պատմության մեջ նախադեպը չունեցող առաջարկ է: Առաջարկ, որ հետագայում կարող է արվել տնտեսապես թույլ (կամ թուլացած) ցանկացած պետության: Մարդկության պատմությունը (գոնե պետությունների գոյության ժամանակներում), լայն իմաստով, իրարից պիտանի ու անպիտան հողակտորներ խլելու պատմություն է: Հողակտոր խլելու միակ եղանակը պատերազմը չէ: Եվ գուցե այդ պատճառով են պետություններն օրենսդրական սահմանափակումներ դնում օտարերկրացիների առջեւ: