Արդյո՞ք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ Թուրքիայի զորեղ բանակի միջեւ տիրող հակամարտությունը կբարդացնի եւ կհետաձգի բազում տարիների ընթացքում այդ երկրի քաղաքականության ամենահամարձակ նախաձեռնությունը` հայերի եւ քրդերի հետ եղած տասնամյակների լարվածությունը մեղմելու փորձը:
Թուրքիայի բանակի դերի վերասահմանումը կենսական նշանակություն ունի, սակայն, եթե երկիրը չկարողանա հետեւողական գտնվել հայկական եւ քրդական խնդիրների լուծման հարցում, ապա կվատթարանա երկրի ներքին իրադրությունը, կսրվեն Թուրքիայի հարաբերությունները հայերի եւ քրդերի հետ, ինչպես նաեւ՝ կաճի գոյություն ունեցող լարվածությունը Կովկասում: Տարածաշրջանում առկա մի քանի թեժ օջախներից, որոնց թվում է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտությունը Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի շուրջ, հայերի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը Ղարաբաղի շուրջ ամենավտանգավորներից է:
Ռուսաստանի եւ Վրաստանի հակամարտության դեպքում, մի կողմի անհամեմատելի մեծությունը, կշիռն ու ուժը բավարար են, որպեսզի հետ պահեն ուժային գործողությունների դիմելու փորձի կրկնությունից: Այդ հարցում նաեւ չկան իրադրությունը բարդացնող, խճողված դաշինքներ: Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, եւ Միացյալ Նահանգներն ակնհայտորեն Ռուսաստանի հետ պատերազմի չի գնա Վրաստանի համար:
Հայ-ադրբեջանական հակամարտությունն ավելի խճճված է: Երկու փոքր նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ պայքարից այն վերածվել է Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունու մի մասի: Այդ եռանկյունին անմիջական արդյունքն է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգավորման գործընթացի, որը սկիզբ առավ երկու երկրների նախագահների հանդիպումից ֆուտբոլային խաղին:
Այդ գործընթացի առանցքն այսօր դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություններն են, որ ստորագրվել են երկու երկրների կառավարությունների կողմից, բայց չեն վավերացվել խորհրդարաններում: Գործընթացի ավարտն ուղղակիորեն եւ անուղղակիորեն կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից:
Այս եռակողմ վեճը կարող է բազում վտանգների հանգեցնել, եթե զգուշությամբ չհանգուցալուծվի: Թուրքիան, որ արդեն գրեթե երկու տասնամյակ բացահայտորեն հայտարարում է իր աջակցությունը Ադրբեջանին, անսքող պայմանավորում է Հայաստանի հետ մերձեցումը Հայաստանի կողմից Ադրբեջանին արվող զիջումներով:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այսպիսով այս հակամարտության մաս է կազմում, եւ ռազմական գործողությունների որեւէ բռնկում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարող է ներքաշել նրան, որն իր հերթին կարող է բերել Ռուսաստանի մասնակցությանը կա՛մ Հայաստանի հետ երկկողմ պարտավորությունների հիման վրա, կա՛մ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակով, որին անդամակցում են Ռուսաստանն ու Հայաստանը:
Հաշվի առնելով էներգետիկական ապահովության վերաբերյալ մտահոգությունները, Ադրբեջանին առնչվող որեւէ հակամարտություն լուրջ ազդեցություն կունենա նաեւ Եվրոպայի վրա: Իրանը եւս զերծ չի մնա դրա ազդեցությունից` տարածաշրջանում ունեցած իր դիրքի եւ շահերի պատճառով: Արդեն 15 տարի է, Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական բախումներ չեն ունեցել, սակայն դա եղել է երկու երկրների ռազմական ուժերի ենթադրյալ հավասարակշռության շնորհիվ եւ ընթացող բանակցությունների հաջողության ակնկալիքով: Այսօր երկու գործոններն էլ փոխվել են: Նախ փոխվել է ռազմական հավասարակշռության ընկալումը: Վերջին տարիներին Ադրբեջանն ահռելի գումարներ է ծախսել սպառազինությունների վրա, որը նրան կարող է առիթ տալ համարելու, որ այժմ ուժերի հաշվեկշիռը փոխվել է հօգուտ իրեն: Միեւնույն ժամանակ, նվազել են ակնկալիքները բանակցային գործընթացից, որը կարծես մտել է փակուղի հիմնականում հայ-թուրքական կարգավորման հետ այն կապելու պատճառով, որն իր հերթին անորոշության մեջ է:
Դիվանագիտական արձանագրությունները, որոնք սպասում են իրենց վավերացմանը Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարաններում, կողմերի սխալ հաշվարկների զոհ են դարձել: Հայերը ենթադրում էին, որ Թուրքիան կկարողանա հաշտեցնել Ադրբեջանի շահերն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ բացել սահմանը Հայաստանի հետ անկախ ղարաբաղյան կարգավորման գործընթացի զարգացումից: Սակայն խնդիրն այն է, որ Թուրքիան ի սկզբանե փակել էր սահմանը հենց Ղարաբաղի, այլ ոչ թե որեւէ այլ երկկողմ խնդրի պատճառով:
Թուրքիան իր հերթին կարծում էր, որ ստորագրելով արձանագրությունները Հայաստանի հետ եւ ցուցադրելով սահմանը բացելու իր պատրաստակամությունը, կկարողանա համոզել կամ ճնշել հայերին՝ ավելի արագ լուծում տալ ղարաբաղյան հակամարտությանը կամ զիջել Ղարաբաղի մերձակա տարածքները: Սակայն դա միշտ քիչ հավանական է եղել, քանի դեռ չկա համապարփակ կարգավորում, որը կփարատի հայկական կողմի մեծագույն մտահոգությունը` անվտանգության խնդիրը, եւ կբավարարի հայերի հիմնական քաղաքական պահանջը՝ Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը:
Երկու կողմերն էլ կարծես զարմացած են մյուս կողմի ակնկալիքների վրա: Անշուշտ, գնալով մեծանում է մտահոգությունը, որ ղարաբաղյան հարցի հանգուցալուծումն ավելի հեռու է, քան երբեւէ, քանզի Թուրքիայի բացահայտ աջակցությունը մեծացրել է Ադրբեջանի ակնկալիքները: Հայկական կողմն էլ կասկածում է, որ հարեւանների դավադիր պայմանավորվածությունը կարող է հանգեցնել անկայուն լուծման:
Եկել է Թուրքիայի լրջանալու պահը: Հայ-թուրքական դիվանագիտական գործընթացը մտել է փակուղի, նաեւ արգելակվել է Թուրքիայի կառավարության փորձը՝ հաշտության գալ քրդական մեծ համայնքի հետ: Թուրքերի եւ քրդերի միջեւ վստահության նվազումը Արեւելյան Թուրքիայում կբերի վերջերս ձեռք բերված փխրուն կայունության կորստին: Իր հերթին՝ ղարաբաղյան հանգուցալուծման ակնկալիքի կորուստը կարող է վտանգել Հայաստանի եւ Ադրբեջանի փխրուն ռազմական հանդարտությունը:
Սակայն իրավիճակը դեռ կարելի է շտկել: Անվերջանալի հրապարակային մարտերը մամուլում հայ եւ թուրք պաշտոնատարների միջեւ անպտուղ են: Ժամանակն է, որ երկու երկրների ղեկավարները խոսեն իրար հետ, առանձին եւ անմիջականորեն, ըմբռնելով, որ սկսված կարգավորման ձախողումը կհանգեցնի իրավիճակի հետագա ապակայունացման: Հետեւաբար, անգամ, երբ Թուրքիան փորձում է կարգի բերել իր պատմության հետեւանքները երկրի ներսում եւ վերասահմանել բանակի դերը հասարակությունում, այն պետք է նոր մեկնարկ տա իր չարչրկված հարաբերություններին Հայաստանի հետ: ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված վերջին բանաձեւը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին ապահովել, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն արտացոլի համապատասխան զգայունություն եւ նրբանկատություն հայոց ցեղասպանության հանդեպ, պետք է ծառայի որպես սթափվելու ազդանշան Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին առ այն, որ հայերը մտադիր չեն կասկածի տակ դնել ցեղասպանության պատմական ճշմարտացիությունը:
Երկու կողմերն էլ պետք է կանգ առնեն, սթափ քննեն իրավիճակը, ընդունեն արձանագրությունների թերությունները, բավարարեն դիմացի կողմի նվազագույն պահանջները` միաժամանակ ընդունելով, որ մեկ փաստաթուղթ չի դարմանի բոլոր վերքերը եւ չի ցրի բոլոր մտահոգությունները: Միջազգային հանրությունը պետք է աջակցի այս ջանքերին: Չի կարելի խնդիրը հանգեցնել հին հաշիվներին ու պատմությանը: Խաղաքարտի վրա է դրված մի տարածաշրջանի ապագան, որը կարեւոր է Եվրասիայի խաղաղության համար:
Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ