«Մարդկության օրիգինալ կոդերը գտնվում են Հայաստանում»

11/03/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Ե՞րբ գնացիք Հայաստանից:

– Ես միշտ էլ Հայաստանում եմ եւ որեւէ տեղ չեմ գնացել: Այսպես ասած, իմ սիրտը միշտ լեռներում է (ժպտում է.- Մ.Մ.):

– Բայց փաստացի Դուք հիմա Հայաստանում չեք:

– Հասկանում եք` ես ինձ Հայաստանից գնացած չեմ զգում: Միգուցե հարցադրումը փոխեիք` հարցնելով, թե որքան ժամանակ է` Հայաստանում չեմ ապրում: Ընդհանրապես Հայաստանից գնացած մարդկանց չեմ սիրում, որովհետեւ իրենք բոլորովին այլ տեսակի մարդիկ են: Վերջերս ինձ մոտ ամերիկահայեր էին եկել, ովքեր, ինչ խոսք, Հայաստանից գնացածներ էին: Նրանք սիրում են իրենց Ամերիկան, իսկ Հայաստանը` ոչ: Դա ինձ համար չափազանց տհաճ է: Ես չեմ ուզում նրանց շարքերը մտնել: Թեեւ 1993-ից ի վեր Հայաստանում չեմ բնակվում, բայց մինչ այժմ ՀՀ քաղաքացի եմ: Այս փաստն ինձ համար շատ կարեւոր է: Ավելին` ես ավելի շատ Հայաստանում եմ, քան բուն հայաստանցին: 2008թ. Հայաստանում` Արաբկիր համայնքում, տեղադրեցի իմ առաջին քանդակը` «Սասնա ծռեր» էպոսի թեմայով հուշարձան-շատրվանը: Այդ ժամանակ Արաբկիր համայնքի ղեկավարն իմ ընկեր Հովհաննես Շահինյանն էր, եւ նրա հրավերով մենք ստեղծեցինք այդ գեղեցիկ շատրվանը եւ տեղադրեցինք թաղապետարանի դիմացի այգում: Տարբեր երկրներում եւ քաղաքներում կան իմ քանդակներից, բայց դա Հայաստանում տեղադրված իմ առաջին ստեղծագործությունն է: Առայժմ` միակ:

– Այսօր արվեստագետն ու իրականությունն ինչպե՞ս են փոխհարաբերվում:

– Դեռ 600 տարի առաջ Գալիլեո Գալիլեյը հայտնագործություն արեց, որը մինչ օրս ապրում է: Այսօր եթե ինչ-որ անհայտ գիտնական հանճարեղ գյուտ անի, եւ աշխարհի պոտենցիալ ուժերը` անգլիական, ամերիկյան ու հրեական ուժերը, չհավաքվեն եւ արձագանք չտան, ապա տվյալ մարդու գյուտը այդպես էլ արձագանք չի ունենա կամ առավելագույն դեպքում` ուրիշի անվան տակ կգնա: Այսօր մինչեւ գիտնականի կամ արվեստագետի ետեւում հզոր կազմակերպություն կանգնած չլինի, նա չի կարող հրապարակել իր աշխատանքները: Եթե մասոններն ուզենան՝ կջնջեն պատմությունն ու նորից կգրեն: Այսինքն` եթե անգամ մենք փորձենք հեղափոխություն անել, ապա միեւնույն է` դա եւս կարող է ձեւակերպվել իրենց կողմից: Նրանք վերահսկողության տակ են առել գիտությունը, արվեստը, քաղաքական-տնտեսական մոտեցումները: Այսօր անգամ կարեւոր չէ, թե ինչ ես անում: Կարեւորն այն է, թե դա ինչպես ես մեկնաբանում: Մեր օրերում ցանկացած աշխատանք ԶԼՄ-ների միջոցով կարող ես հասցնել աներեւակայելի հնչեղության:

– Իսկ ի՞նչն է դուրս մնում այդ վերահսկողությունից:

– Ցավոք, այսօր ամեն ինչ վերահսկված է: Չկա որեւէ բան, որ դուրս մնա վերահսկողության օղակից: Տվյալ պարագայում կարող ենք ասել, որ պատահականություններ չեն լինում: Ինքս մենակ կռիվ եմ տալիս այդ ամեն ինչի դեմ: Որեւէ մեկի հետ չեմ համագործակցում: Իսկ թե ինչքան կարող եմ անել այդ գործը, չեմ կարող ասել: Հիմա մեն-մենակ առաջ եմ գնում:

– Այսինքն` Դուք վերահսկողության օղակից դո՞ւրս եք:

– Այո՛, ես գնում եմ իրենց դեմ: Գուցե դա է պատճառը, որ ես հիմա չունեմ այնքան հաջողություններ, որքան կունենայի նրանց հետ համագործակցելու դեպքում: Թեպետ ես դժգոհ չեմ: Ես ավելի համով եմ ուտում, քան նրանց պաշտոնական ամբողջ արարողակարգերն են: Ես մեն-մենակ եմ գնում: Դժբախտաբար, այսօր արվեստագետները միայն անունով են մնացել: Աշխարհում արվեստագետներ կա՛մ չկան, կա՛մ էլ քիչ են:

– Լավ, իսկ ո՞վ է արվեստագետը:

– Արվեստագետը արժեքներ ստեղծողն ու պահպանողն է: Օրինակ, Հիսուս Քրիստոսը արվեստագետ էր:

– Ինչո՞վ:

– Զոհաբերությամբ: Արվեստը սեր է ու զոհաբերություն: Արվեստագետն էլ նա է, ով գիտի սիրել ու զոհաբերվել:

– Հասարակական ընկալո՞ւմն է փոխվել արվեստի նկատմամբ:

– Կարծում եմ` հասարակական ընկալումը չի կարող փոխվել, քանի որ մարդն ունի մի գլուխ, երկու ձեռք ու ոտք: Թերեւս դա հնչի այնպես, ինչպես, ասենք, հարցնեիք` մարդն ավելի շատ աղբի՞, թե՞ ծաղիկների հոտ է սիրում: Այդպես չի լինի: Մարդու զգացմունքները երբեւէ չեն փոխվում, պարզապես դրանց մասին հաճախ մոռանում ենք: Մարդիկ միշտ էլ ներքուստ գեղեցիկի պահանջ ունեն: Մինչդեռ իրականում ամեն ինչ անում են, որ այդ պահանջը մշուշվի, որ մարդիկ չհիշեն գեղեցիկի պահանջների մասին: Թվացյալ առանց զգացմունքների մարդուն էլ արվեստի գեղեցիկ գործ ցույց տալու դեպքում` նրա հոգում ջերմություն կծնվի: Նա կսկսի ընկալել դա: Ու հենց այդ մարդկանցից ամեն մեկը խոնարհվում է գեղեցիկի ու մաքրության առջեւ:

– Այնուհանդերձ, հասարակությանն ուղղված արվեստի, այսպես ասած, «մեսիջը» ո՞րն է:

– Արվեստի հաղորդագրությունը երբեք չի փոխվում: Արվեստի գործը պետք է հոգեւոր սնունդ տա մարդկությանը: Թվում է, թե առանց հոգեւոր սննդի կարելի է ապրել, բայց առանց դրա մարդիկ դառնում են ռոբոտներ կամ կենդանիներ: Սա ավելի վտանգավոր է, քան մյուս պատերազմները: Մի ժամանակ հոգեւոր արժեքների պահպանմանը հետեւում էր եկեղեցին: Ցավոք, մեր օրերում եկեղեցին հեղինակազրկված է: Արվեստը գտնվում է ոչ պրոֆեսիոնալ վիճակում: Այսօր արվեստագետ կարող է դառնալ ամեն մեկը, իսկ ավելի ճիշտ` ձեւացնել, թե ինքը նկարիչ է կամ քանդակագործ: Փոխարենն ամեն մեկը չի կարող իրեն հռչակել ճարտարապետ: Այդ իմաստով պետք է որոշակի պատրաստվածություն ունենալ: Արվեստի աշխարհը շատ անպաշտպան է, չնայած այն շարունակում է ավելի մեծ սեր վայելել, քան օրենսգիրքը: Եթե մարդն իրեն հարգում է, ինքը պետք է խիստ լինի իր գործունեության նկատմամբ: Արվեստագետի միակ վերահսկողությունը խիղճն է: Արվեստագետը պատասխանատու է միայն ինքն իր առջեւ: Արվեստը բիզնես կամ ծառայություն չէ, այն նախեւառաջ արվեստագետի խիղճն է:

– Տվյալ դեպքում մեր հասարակական կյանքում ի՞նչ կարող է փոխել այդ խիղճը:

– Ցավով եմ նշում, բայց օրեցօր արվեստի մակարդակն անարդարացիորեն իջնում է: Գուցե դա է պատճառը, որ շատ անգամ հասարակությունն արվեստի ներկայությունը սկսում է քիչ զգալ: Հեռուստաալիքներով մատուցվող լուրերը եւս ներկայացնում են արվեստ: Այդ լուրեր մատուցողները մտնում են քո հոգեւոր դաշտ` ձեւավորելով գեղագիտական ճաշակ: Այսինքն` մենք ամեն վայրկյան փոխհարաբերվում ենք արվեստի հետ: Հիմա, երբ ես ու դու խոսում ենք, դա եւս ստեղծագործություն է: Երբ դու երազ ես տեսնում կամ ճաշ ես պատրաստում, դա եւս արվեստ է: Այսինքն` արվեստը պետք չէ տարանջատել կենցաղից կամ մեր առօրեական կյանքից: Արվեստը միայն թանգարանում կախված նկարը չէ: Մեր հասարակությունը պարզապես հեռացել է այդ ամենից: Մարդն առանց արվեստի չի կարող ապրել: Փոքր-ինչ ուշադրության դեպքում արվեստը կարելի է անընդհատ տեսնել մեր կյանքում`փողոցում մենք տեսնում ենք ուրիշների արվեստը, իսկ տանը` մեր:

– Վիգեն, մի առիթով Դուք ասել էիք, որ ստեղծագործության մեջ պետք է չերեւա ուղեղը, եւ արվեստի գործը պետք է ծնվի ինքնաբուխ` այնպես, ինչպես Բախի կամ Բեթհովենի երաժշտությունը: Գո՞ւցե մեզ մոտ սրտի եւ ուղեղի հակասությունն է:

– Հենց դա է ամբողջ խնդիրը: Երբ մեր արվեստագետներն աշխատում են ոչ թե սրտով, այլ` ուղեղով: Թերեւս հիմա կրկնվեմ, բայցեւայնպես, արվեստը զոհաբերություն է: Այն հարմարավետության հականիշն է: Իսկ զոհաբերությունը մարդկային բարձրագույն սանդղակն է: Եթե դուք Քրիստոսին վերլուծեք` կմեկնաբանեք նաեւ արվեստը:

– Եվ արվեստագետը պետք է երկխոսի՞ այն նյութի հետ, որի հետ գործ ունի:

– Ընդհանրապես, նյութի եւ արվեստագետի միջեւ ոչ թե երկխոսություն է ստեղծվում, այլ նոր որակ կրող փոխհարաբերություն: Նյութն ունի իր հոգին: Կարեւոր է, որ արվեստագետը չվիրավորի նրա հոգին: Նյութը նման է կնոջը: Գիտե՞ք` Միքելանջելոյի եւ մյուս արվեստագետների տարբերությունը որն է: Մարդը կարող է նյութը հպատակեցնել իրեն: Դա հենց Միքելանջելոյի մոտեցումն էր նյութին: Նա արժեւորում էր այն, ինչն արդեն կար: Մինչդեռ քանդակագործ Կանովան հրաշալի քանդակներ էր անում: Նա մարմարին ստիպում էր դառնալ այնպիսի մի երեւույթ, որը որեւէ առնչություն չուներ իր հետ: Գլխավորը նյութի եւ արվեստագետի փոխհարաբերություններում հարգանքն է: Եթե քարին հարգես, ապա այն կդրսեւորի իր ողջ գեղեցկությունը:

– Իսկ եթե այդ փոխհարաբերություններում նյութն է հպատակեցնում արվեստագետի՞ն:

– Դուք փորձում եք կրկին տարանջատել այդ փոխհարաբերությունները: Դա համագործակցություն է, որը որոշակի եզրեր ունի այն հարցադրման հետ, թե ընտանիքում ո՞վ է առավել կարեւոր` տղամա՞րդը, թե՞ կինը: Այստեղ էական չէ, թե ով ինչքան է աշխատում, որովհետեւ էականը հարմոնիան է: Դա նույնն է, եթե ասենք` նվագախմբում դաշնամուրն ավելի կարեւոր է, քան փողային գործիքը: Ամեն մեկը պետք է իր ժամանակին հնչի` ստեղծելով ներդաշնակություն: Այդպես են նաեւ կին-տղամարդ եւ արվեստագետ-նյութ փոխհարաբերությունները: Ահա հենց սա է գաղտնիքը: Պետք չէ տոգորվել ֆեմինիստական հայացքներով, կամ ասել, որ կինն ու տղամարդն ունեն հավասար իրավունքներ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ սարսափելի երեւույթ է հավասար իրավունքներ ունենալը: Այլ կերպ ասած` դա պատերազմի հրավերք է: Այդպիսի բան չկա ու չի լինի: Ավելին` դա նմանվում է այն երեւույթին, որ նապաստակը գայլին ասի` գիտե՞ս, մենք հավասար իրավունքներ ունենք: Բնականաբար, գայլն էլ կասի` ի՜նչ լավ է, դե ուրեմն` արի քեզ ուտեմ: Այ հենց դա է խանգարում մեր հասարակությանը, որը, ամեն ինչ միացնելու փոխարեն, տարանջատում-բաժանում է ամեն բան: Այսպիսի մի արտահայտություն կա` բաժանիր, որ տիրես: Դժբախտաբար, մարդկությունն ընկել է հենց սրա ետեւից` մինչեւ անգամ հասնելով կնոջ ու տղամարդու բաժանում: Իսկ արվեստագետները պետք է լինեն այս երկուսը միացնողները, որոնց միջեւ հավասարման նշան պետք չէ դնել:

– Այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում արվեստագետի ասելի՞քն է փոխվում, թե՞ մեր ընկալումը:

– Ոչինչ էլ չի փոխվում: Թեեւ որոշ դեպքերում նկատվում է ասելիքի փոփոխություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կանայք երեխա են ունենում առանց տղամարդու միջամտության: Ամեն ինչ ավելի է վատանում: Օրըստօրե մարդիկ դառնում են առավել անզգացմունքային: Դա ոչ թե նոր խոսք կամ փոփոխություն է, այլ` դեգրադացիա: Սա մարդկության պատմության մեջ վատ ընթացք է, որը տանում է դեպի վերացում: Դա կրկին ԶԼՄ-ների ուժն է, որը մարդկանց համոզում է: Այսօր աշխարհում ուզում են Նոր աշխարհ կառուցել, որը կոչվում է New world order: Նրանք ուզում են մարդկանց մեջ միկրոչիպեր դնել, որոնց շնորհիվ կարող են ղեկավարել մարդկանց: Այսինքն` մի օր վերանալու են անձնագրերը, փողը ու ամեն ինչ:

– Այդ թվում՝ նաեւ արվե՞ստը:

– Մի՞թե կարծում եք` ռոբոտին պետք է լինելու արվեստը:

– Շատ հնարավոր է:

– Ռոբոտները հոգեւոր արժեքների հետ առնչություն չունեն: Դրանք աշխատող մեխանիզմներ են: Իսկ այդ աշխարհում արվեստն իրենց էլ պետք չի լինի:

– Այսինքն` Դուք հիմա ընդվզում եք Նոր աշխարհի դե՞մ:

– Ոչ, Նոր աշխարհն է իմ դեմ ընդվզում, որովհետեւ ինձնից վախենում է: Նոր աշխարհը գիտի, որ ես արժեքների պահպանողն եմ: Դա է պատճառը, որ ուզում է ինձ վերացնել: Իսկ ես այդ միկրոչիպերի դեմ պայքարում եմ իմ քանդակներով: Աշխատում եմ ընտանիքի պահպանման համար: Ցավոք, այսօր անգամ ընտանիքը քանդեցին` կանանց դարձնելով բարոյազրկված, իսկ տղամարդկանց` թույլ ու միասեռամոլ:

– Ի վերջո, մարդկությունն ո՞ւր է գնում:

– Գնում է կործանման:

– Փրկօղակ չկա՞:

– Փրկօղակը Հայաստանն է: Համոզված եմ` հայկական ճշմարտությունն ավելի խորն է, քան մենք` հայերս, պատկերացնում ենք: Օտարները մեզ ավելի լավ են ճանաչում, քան մենք մեզ: Իհարկե, ես սա ասում եմ զգայական դրդակներից ելնելով: Ինքս մարդկության փրկությունը տեսնում եմ Հայաստանում: Ամբողջ աշխարհում վերացել է ցորենի բնական որակը: Ցորենն այնքան են մոդիֆիկացրել, որ կոդերը կորել են: Մինչդեռ օրիգինալ ցորենի 3-4 տեսակ պահպանվել է Հայաստանում: Ու նմանապես մարդկության օրիգինալ կոդերը գտնվում են Հայաստանում: Եվ հայերից յուրաքանչյուրն ունի փրկության այն կոդը, որը, հավատացեք, այլ ազգերի մոտ չկա: Այո՛, աշխարհի փրկությունը այն կոդն է, որը ամեն մեկս կրում ենք մեր մեջ: