Շեքսպիրյան փառատոն

08/09/2005

Սեպտեմբերի 12-17-ն անցկացվող «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը
թատերասերների համար լինելու է մեծ իրադարձություն: Փառատոնի տնօրեն Հակոբ
Ղազանչյանը «Արմմոնոն» հայտարարել է Շեքսպիրյան փառատոն: Աշխարհում ամենից
հաճախ եւ մեծ հաճույքով բեմադրվում են հենց Շեքսպիրի գործերը, եւ հենց
Շեքսպիրն է էքսպերիմենտների եւ նորամուծությունների առիթ տալիս: Ութ
երկրներից ժամանած թատերական գործիչները մեկ շաբաթվա ընթացքում Երեւանում
կցուցադրեն 14 ներկայացում: «Շատերին մենք չենք ճանաչում, սակայն նրանք
իրենց երկրներում շատ հայտնի են»,- ասաց Հ. Ղազանչյանը: Անգլիացի դերասան
Գարեթ Արմստրոնգը ներկայացնելու է «Շայլոկ», լեհ դերասան Քշիշտոֆ Գորդոնը՝
«Շեքս շոու», ռուս դերասան Կոնստանտին Ժելդինը՝ «Մոսկովյան Համլետը» եւ
ամերիկացի Առնոլդ Շվեցովը՝ « Ծաղրածուն Ֆորտինբրասի շքախմբի համար»
ներկայացումները: Գեղեցիկ ներկայացված կլինեն նաեւ հայ դերասանները: Կարեն
Ջանիբեկյանը կծանոթացնի իր Լիր արքայի հետ: Գուժ Մանուկյանը՝ Շեքսպիրի
«Թիմոն Աթենացի» պիեսի մոտիվներով պատրաստել է «Վերջի սկիզբը»
ներկայացումը: Փառատոնի բացմանը կցուցադրվի «Տրակտատ թաշկինակի մասին»
ներկայացումը, որը հետագայում համալրելու է Պատանի հանդիսատեսի թատրոնի
խաղացանկը: «Այս ներկայացումն էքսպերիմենտալ է, բաղկացած է լինելու երեք
առանձին մասերից, գլխավոր դերակատարներն են Հովհաննես Բաբախանյանը, Արթուր
Կարապետյանը եւ իմ դուստրը՝ Մարիամ Ղազանչյանը»,- ասաց փառատոնի տնօրենը:
Տրդատ Մակարյանը կներկայացնի «Ընդմիջումից հետո», Մխիթար Մելքոնյանը՝
«Աշխարհի գերի», իսկ Արա Հովհաննիսյանը՝ «Շայլոկ» բեմադրությունները: Նաեւ
կլինեն բեմադրություններ Իրանից, Թուրքմենստանից, Շվեյցարիայից: Մեկ շաբաթ
ՊՀԹ-ի բեմը հագեցած կլինի շեքսպիրյան հերոսներով եւ «շեքսպիրյան կրքերով»:

Ն.Հ.