Երեկ խմբագրություն էին զանգահարել Արաբկիր համայնքի Սունդուկյան 15/1 հասցեի բնակիչները` ահազանգելով նշված հասցեում կատարվող իրադարձությունների մասին: Բնակիչների խոսքերով` երեկ կեսօրին տարածք են ներխուժել մեծ թվով «ջիփ» մակնիշի ավտոմեքենաներ եւ խորհրդավոր աժիոտաժ են սկսել: Շատ չանցած Սունդուկյան 15/1 հասցե են տեղափոխվել ինքնաթափ եւ «բուլդոզեր» մեքենաներ եւ սկսել են քարուքանդ անել բակի ողջ կանաչ տարածքը: «Մեր բակում այդ փոքրիկ կանաչ տարածքը պահպանվել էր բնակիչների խնամքի շնորհիվ, բայց հանկարծ տարածք են ներխուժում ինչ-որ անհայտ մարդիկ` իրենց մեքենաներով, եւ սկսում են կանաչ գոտին հավասարեցնել հողին»,- տեղեկացրին վրդովված բնակիչները` ասելով, որ լուրեր են տարածվել, որ վերոնշյալ հասցեում ինչ-որ մեկը պատրաստվում է ավտոլվացման կետ կառուցել: Այն դեպքում, երբ նախատեսված վայրը շենքի 1-ին եւ 2-րդ հարկի բնակիչների պատուհաններին կպած է: Մեզ զանգահարած բնակիչներն ասում էին, որ երեկ այդ գործողությունների պատճառով Սունդուկյան 15/1 հասցեն վերածվել էր «ռազմի դաշտի». «Հողի ու փոշու մեջ կորած ենք: Էս ի՞նչ գազան է նստել սրանց մեջ, որ կանաչ տարածքները ջախջախելուց հաճույք են ստանում: Վերջերս հայտարարեցին, թե թաղապետերին արգելվել է տարածք վաճառել, բայց սա ի՞նչ է, մեզ հիմարացնո՞ւմ են: Ո՞վ է տեսել, որ մարդու պատուհանին կպած ավտոլվացման մեքենա կառուցեն: Այսինքն` եթե մեկը որոշի պատուհանիս տակ խոզաբուծարան կառուցել, ուրեմն` պիտի կառուցի՞, արգելքներ գոյություն չունե՞ն»: Մեզ զանգահարած քաղաքացիները միանշանակ ասացին, որ պայքարելու են այդ ապօրինությունը կասեցնելու համար եւ չեն դադարելու դիմել պետական ատյաններ: Երեկ արդեն նրանք դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին եւ սպասում էին նրանց ներկայացուցչի այցելությանը վերոնշյալ տարածք: Ի դեպ, թեեւ Սունդուկյան 15/1 հասցեի բնակիչները տեղյակ էին կառուցապատողի ինքնության մասին, այդուհանդերձ, հրաժարվեցին մեզ ասել նրա անունը` պատճառաբանելով, թե խնդիրներ կունենան. «Ավելի լավ է ինքներդ ճշտեք»: Մենք դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանին` ճշտելու համար, թե արդյո՞ք կառուցապատողները շինաշխատանքներ իրականացնելու թույլտվություն ունեն: Վերջինս տեղեկացրեց, որ Սունդուկյան 15/1 հասցեում կառուցվում է ոչ թե ավտոլվացման կետ, այլ` երկու ավտոտնակներ: «Այո՛, գոյություն ունի քաղաքաշինական թույլտվություն, եւ ամեն ինչ կատարվում է օրինական ճանապարհով»: Մենք փոխանցեցինք բնակիչների այն մտահոգությունը, ըստ որի` կառուցապատողը խախտելով քաղաքաշինական նորմերը, 1-ին եւ 2-րդ հարկերի բնակիչների պատուհաններից մինչեւ կառուցապատվող օբյեկտը քիչ տարածություն է պահպանել եւ ավերել է բակի կանաչ գոտին: Պրն Ասատրյանն էլ նշեց, որ գոյություն ունի քաղաքաշինական հաստատված նախագիծ, որն անցել է փորձաքննության, ասել է թե` այնուամենայնիվ թույլտվությունն արձակելիս հաշվի են առնվել բոլոր նորմերը, ինչի արդյունքում փորձագետները խախտում չեն արձանագրել: Ինչ վերաբերում է բնակիչների հետագա գործողություններին, որով նրանք փորձելու են դիմելով համապատասխան կառույցներին՝ կանխել շինարարությունը, ապա Հ. Ասատրյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը բնակիչների դժգոհությանն արձագանքում է այն դեպքում, երբ «ՀՀ Քաղաքաշինության մասին» օրենքի որոշակի դրույթներ են խախտվում: «Այսինքն` եթե կառուցապատողը փորձի այդ դրույթները շրջանցել, օրենք խախտել եւ չկատարել օրենքով սահմանված պարտավորություններն, ապա, բնականաբար, մենք միջոցներ կձեռնարկենք: Տվյալ դեպքում կառուցապատողն ունի քաղաքաշինական բոլոր փաստաթղթերը, եւ գործողությունների մեջ անօրինական բան չկա»,- ասաց Հ. Ասատրյանը` տեղեկացնելով, որ ավտոտնակների կառուցապատողները տեղի բնակիչներն են: