Թիվ 403 սենյակից արձագանքող դհոլի «ջղային» հարվածները զրնգում են ամբողջ հանրակացարանով մեկ: Դռնից ներս ապրում է 8-ամյա Արայիկը, ով ծնված օրից հայր չի տեսել, իսկ մորը կորցրել է 5 տարեկանում: Մայրը` 25 տարեկան Զառան, դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է մարտի 21-ին. Արայիկի ծննդյան տարեդարձի օրը: Զառան միայնակ էր մեծացնում Արայիկին` տատիկի օգնությամբ: Սրճարանում մատուցողուհի աշխատող Զառան որոշել է առանց հանգստյան օրվա` երկու օր անդադար աշխատել որդու ծննդյան օրը նշելու համար պահանջվող գումարը վաստակելու նպատակով: Մարտի 21-ի երեկոյան տուն վերադառնալիս` վթարի է ենթարկվել: Արայիկի ծննդյան տոնը վերածվել է սգո օրվա: Ամեն տարի մարտի 21-ին, Արայիկի ծննդյան օրը, Արայիկն ու Զարիկ տատիկը շտապում են գերեզմանատուն: Մորը կորցնելուց հետո Արայիկը որոշել է դատավոր դառնալ եւ մորը վթարի ենթարկած տաքսու վարորդին դատապարտել ցմահ բանտարկության: 3 տարի առաջ թակել էի 403 սենյակն ու ականատես եղել, թե ինչպես է մի փոքրիկ տղա տատիկին աղաչում, որ հանկարծ չմեռնի ու իրեն մենակ չթողնի: Ասում էր` «Ամեն գիշեր մամայիս երազիս տեսնում եմ: Ինքը ինձ գրկում, սիրում ա: Հետո զարթնում եմ` մամաս չկա: Մենակ տատիկս կա, բայց ինքն էլ ծեր ա, վախենում եմ՝ մի բան լինի, ու ես մենակ մնամ: Ինձ մանկատուն կտանեն, ես չեմ դիմանագ»:
Կրկին թակում եմ 403 սենյակի դուռը, որտեղից դհոլի «ջղային» արձագանքը զրնգում է Նոր Նորքի ուսանողական ավանի ողջ հանրակացարանով մեկ: Զարիկ տատի հարեւանները խնդրել են այցելել նրան` ասելով, որ ծեր կինը մեր օգնության կարիքն ունի: Դռան թակոցին զուգահեռ՝ դադարում է դհոլի հարվածների դմբդմբոցը: Դուռը բացում է Արայիկը. ինձ էնպես է գրկում ու պոկ չի գալիս, որ թվում է՝ էս աշխարհի ջերմությունը կուտակել է իր մեջ ու պատրաստ է տալ ցանկացած մեկին, ում մեջ մի քիչ մայրական կերպարանք կա: Ասում է` «Գիտե՞ս, կարոտել էի քեզ»: «Հա՞,- ասում եմ, – ես էլ, գիտե՞ս»: Թերահավատ հայացքով նայում է ու գլուխը կախ շշնջում. «Ես չեմ սիրում, որ ինձ պաչում են: Մենակ քեզ եմ թողնում, բայց դու էլ գնում ես ու էլ չես գալիս, ոչ էլ զանգում ես: Էն ժամանակ ինձ խոստացար, բայցգ»: Արայիկը հեռանում է սենյակ ու գրքերը անկողնուն փռելով՝ դասերն է սովորում: Անկողնուն գամված Զարիկ տատն արդեն 77 տարեկան է ու Աստծուց 5 տարի ժամանակ է խնդրում: Արդեն մեկ տարի է, ինչ հիվանդանոցից հիվանդանոց են տեղափոխում, բայց չեն կարողանում վերականգնել կենսունակությունը: Զարիկ տատն Արայիկի խնամակալն է ու կյանքի ողջ նպատակը ծոռնիկին պատանեկան տարիքին հասցնելն է: Ասում է` «Ախր ինձ մի բան լինի` էս երեխեն ի՞նչ պիտի անի: Գոնե 5 տարի ապրեի, հասցնեի մի տարիքի, որ ինքը կարողանար գլխի ճարը տեսնել: Հասկանո՞ւմ ես, գոնե ինքն իրան կճանաչեր, թե չէ` ի՞նչ ա լինելու էս երեխու հետ»: Զարիկ տատը միայնակ ամեն օր Արայիկին տանում էր դպրոց ու չնայած տարիքին` շտապում էր նրա ձեռքը բռնած տուն վերադառնալ: Ամեն ինչ անում էր, որ երեխան հանկարծ իրեն մենակ չզգա: Ասում է` «Երեւի մի քիչ պիտի ինձ խնայեի: Հասկանո՞ւմ ես, որբ երեխան միշտ մենակություն ա զգում, ու ես ամեն ինչ անում էի, որ հանկարծ ոչ մի դեպքում իրան մենակ չզգա: Ինձ համար կարեւոր ա, որ գրագետ ու պիտանի մարդ դառնա»: Զարիկ տատը որոշել է Արայիկին Նոր Նորքի մշակույթի տան դհոլի բաժնում երաժշտական կրթության տալ: Այսօր արդեն նա բավականին վարժ նվագում է, իսկ Զարիկ տատը հպարտությամբ նայելով` մի տեսակ իրեն երջանիկ է զգում: Անցյալ տարի Արայիկին դպրոց տանելիս ձմռանը Զարիկ տատն ընկել, գլուխը հարվածել է գետնին: Վնասվածքից նյարդային համակարգը խաթարվել, իսկ ձախակողմյան հատվածը թուլացել է: Սթրես կենտրոնում բուժվելուց որոշ ժամանակ անց կրկին հայտնվել է հիվանդանոցում: Ասում է` «Հետո էլ Մասիվի հիվանդանոցում պառկեցի: Մի քանի օր չանցած՝ իմ հոժարակամ ստորագրությամբ դուրս գրվեցի, որովհետեւ անհնար էր: Արայիկիս չէին կարում դոշիցս պոկեին: Բերում էին մոտս` կպնում էր դոշիցս ու չէր գնում: Ոչ քնում էր, ոչ դաս էր սովորում: Էդ վերջին օրը եկավ ու էնքան լացեց, էնքան տեսարան սարքեց, որ բժիշկների աչքերն էլ էին լցվել: Կպնում էր դոշիցս ու լաց լինում, թե` տատիկ, առանց քեզ չեմ կարում, տուն արիգ Ստիպված ստորագրություն տվեցի, որ դուրս եմ գրվում: Հիմա դեղերի մի ամբողջ ցուցակ են տվել, որ խմեմ, տանը բուժվեմ: Գալիս լաց էր լինում, թե` տատիկ, առանց քեզ չեմ դիմանում, ինձ մի թող մենակ: Ախր գիտես որբ լինելը հե՞շտ ա»: Զարիկ տատը ծոռնիկի հոգեվիճակը նկարագրելու համար պարբերաբար շպրտում է «որբ» արտահայտությունն` առանց մտածելու ծոռնիկին ցավ պատճառելու հանգամանքի մասին: Արայիկն այդ արտահայտությունն ամեն անգամ լսելիս՝ վերցնում է դհոլն ու սկսում անխնա հարվածել գործիքին:
Արայիկն ու Զարիկ տատիկն ապրում են ծեր կնոջ 34.000 դրամ կենսաթոշակով: Հարեւաններն այս երեխային անչափ սիրում են, ու հաճախ նրանց բարեհոգության շնորհիվ Արայիկը չի զգում այն կարիքը, որի մասին չի կարողանում հոգալ Զարիկ տատիկը: «Հես ա, տես, 42.000 դրամի դեղ են նշանակել: Թոշակ-մոշակ հավաքել-տվել եմ, որ դեղերն առնեմ: Նպաստ էլ չեմ ստանում: Չգիտեմ, ճիշտն էն ա, որ դեղերն առնեմ ու ապրե՞մ, թե՞ էն ա, որ էդ փողով երեխու օրվա կենցաղային հարցերը լուծեմ»,- ասում է Զարիկ տատն ու արդարացիորեն դժգոհում իր ճակատագրից: 3 տարի առաջ այս կնոջ մեջ այնքան կենսունակություն կար, որ թվում էր՝ Արայիկին մարդ դարձնելու համար պատրաստ է աշխարհը շուռ տալ: Մինչդեռ այսօր Զարիկ տատը խեղճացել ու Աստծուց 5 տարի ժամանակ է խնդրում: «Գնացի հիվանդանոց, բժիշկն ասեց` տա՛տ, երեւում ա՝ դու ուժեղ կին ես եղել ու միանգամից ընկել ես: Ասեցի` հա՛, 45 տարի Լամպերի գործարանում եմ աշխատել, աշխատասեր կին եմ եղել, բայց հիմա ընկել եմ ու ոտքի չեմ կարողանում ելնել: Հասկանո՞ւմ ես, ես մեռնելուց չեմ վախենում, բայց Արայիկս, ախր Արայիկիս հետ ի՞նչ կլինիգ»: Արայիկը պատրաստ է քաղցած գիշերել միայն նրա համար, որ տատիկն ամբողջ թոշակը պետք է ծախսի դեղորայքի վրա ու ապրի: Ընդհանրապես նա ամեն ինչի պատրաստ է, միայն Զարիկ տատի հետ բան չպատահի: Ասում է` «Տատիկիս եթե բան պատահի` ես չեմ լինի: Ես առանց իրա չեմ կարա ապրեմ: Տատիկս երազում էր, որ դհոլ նվագեմ, բայց եթե ինքը չլինի՝ ո՞ւմ համար նվագեմ: Ես ամեն ինչ անում եմ, որ իրա ուզածով լինի, բայց տատիկս հիվանդանում ա, ու ես ոչ մի բան չեմ ուզում անեմ: Առանց տատիկի չեմ կարա ապրեմ»: Հետո սենյակում ծանր լռություն է իջնում. լռության մեջ ինչ-որ բան կորցնելու վախը բոլորիս է քարացնում: Զարիկ տատի հարեւանները, ես, Զարիկ տատն ու Արայիկը սպասում ենք: Սպասում ենք, որ Զարիկ տատն ինչ-որ մխիթարանքով Արայիկին հանգստացնի, բայց Զարիկ տատը միայն Աստծուն է դիմում` խնդրելով եւս 5 տարի: Հարեւաններն ասում են, որ Զարիկ տատը հաճախ գիտակցությունը կորցնում ու վայր է ընկնում: «Հարեւաններս շատ են օգնում. շատ լավ մարդիկ են, երեխուս տիրություն են անում: Վատանում եմ, սկոռի են կանչումգ Հիմա դեղերով եմ ապրում, բայց ախր տենց էլ ո՞նց կլինի՝ թոշակս տամ դեղեր առնեմ, որ կյանքս երկարի, բայց երեխես սովա՞ծ մնա: Նպաստ ստանալու համար մեռա դիմելով թաղապետարան, Սոցապ նախարարություն ու էլ չգիտեմ ուր: Բա սա պետությո՞ւն ա, ախր էս տարիքիս որբ եմ պահում, փոքր չեմ, էգ Պետությանը ձեռ ա տալիս, որ որբերին մանկատա՞նը պահի, թե՞, որ ընտանիքում, հարազատի խնամքի տակ մնան: Էն ժամանակ, որ նախագահական ընտրություններն էին` Սերժ Սարգսյանը խոստացավ հանրակացարանների բնակիչներին սեփականության իրավունք տալ: Մինչեւ հիմա պայքարում եմ, որ գոնե էս սենյակը սեփականաշնորհեմ: Ախր վաղը-մյուս օրը էս երեխեն անտուն, անծնող ու անհարազատ ո՞նց պիտի ապրի: Գիշերը հենց տնքում եմ` վեր ա թռնում՝ տա՛տ, ի՞նչ անեմ, տա՛տ, ո՞ւմ կանչեմ, տա՛տ, քեզ բան չի լինի, չէ՞, ինձ չե՞ս թողնի, չէ՞»:
Հիմա Արայիկին դպրոց են ուղեկցում հարեւանները: 34.000 դրամ թոշակ ստացող Զարիկ տատը կարողանում է մերձավորների օգնությամբ 42.000 դրամի դեղորայք գնել եւ պարզապես ապրել: Արայիկն ասում է` «Հիշո՞ւմ ես` ինձ հարցնում էիր, թե մեծանամ՝ ի՞նչ եմ դառնալու, ու ասում էի՝ դատավոր, որ մամայիս սպանողին պատժեմ: Հիմա մտածում եմ` բա որ տատիկիս հետ մի բան լինի՝ ո՞նց պիտի դառնամ դատավոր ու ո՞նց պիտի մեղավոր մարդկանց պատժեմ: Վախենում եմգ Չեմ ուզում պատժեմգ ուզում եմ մենակ տատիկս իմ հետ լինի»: Զարիկ տատիկը լուռ լսում է Արայիկի խոսքերն ու գլուխը դանդաղ շրջելով՝ ինձ ասում է` «Կարա՞ս իմ ասածները թերթի տաս: Գրի, որ ես Աստծուն եմ դիմում ու աղաչում եմ, որ ապրելու համար ինձ հինգ տարի ժամանակ տա»: