Բարբարո՞ս, թե՞ կառուցող

11/03/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի ու նրան շրջապատող բացօթյա հանգստյան գոտու ոչնչացման վտանգը շատերին է մտահոգել:

Իսկ մտահոգությունն, ինչպես հայտնի է, մղում է գործողության: Արդեն բավականին մեծ դժգոհության ալիք է բարձրացել արվեստագետների շարքերում: Ինտերնետային տարածքում թեժ քննարկումներ են տեղի ունենում, որոնց հազարավոր մարդիկ են մասնակցում: Կարելի է նշել, որ հենց վիրտուալ տարածքում է հնչում հանրային կարծիքը եւ ձեւավորվում է հանրային խորհուրդը:

«Պահպանենք կինո «Մոսկվայի» բացօթյա դահլիճը» խումբը (որի նախաձեռնողը ճարտարապետ Սարհաթ Պետրոսյանն է)` նամակ է գրել ու ուղարկել ՀՀ վարչապետին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին: «Եկեք չկրկնենք Խորհրդային Միության սխալները»,- ասված է նամակում, որը մեծ թվով հանրությանը հայտնի քաղաքացիներ են ստորագրել` պաշտպանելով հայ ճարտարապետության բացառիկ շինությունը: Արվեստագետները համոզված են, որ ճարտարապետ Սպարտակ Կնդեղցյանի կառույցը հողին հավասարեցնելով, մենք հրաժարվում ենք մեր պատմական անցյալից:

Պատմական անցյալը վերականգնել ցանկանում է նաեւ Հայ Առաքելական եկեղեցին, որը նպատակ ունի նախկինում ողջ «Մոսկվա» կինոթատրոնի տարածքը զբաղեցնող Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու կրկնօրինակը կառուցել բավականին փոքր հողակտորի վրա: Այս դեպքում վերականգնելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ 1930-ականներին խորհրդային կարգերի որոշմամբ քանդված եկեղեցուց բան չի մնացել: Այսինքն, եկեղեցին պետք է ոչ թե վերակառուցվի, այլ զրոյից կառուցվի: Իսկ ամառային դահլիճը դեռ կանգուն է եւ ուղղակի աղերսում է պահպանման ու վերակառուցման մասին: Քանդման վատ ավանդույթը (որը զարմանալի օրինաչափությամբ` առավել ցայտուն երեւում է Երեւանի կենտրոնում) վկայում է անհեռատեսության մասին: Կար ժամանակ, երբ հայ եկեղեցին ոչ միայն Աստծո տաճարներ (եկեղեցիներ ու վանքեր) էր կառուցում, այլեւ իր ուժերով դպրոցներ, մշակութային օջախներ ու գրադարաններ էր ստեղծում: Կինոն ընդամենը մեկդարյա պատմություն ունի, սակայն նույնպես արվեստի պահոց է, ճիշտ այնպես, ինչպես գրադարաններն ու թանգարանները: Իզուր չեն աշխարհի բոլոր արվեստագետներն ու փիլիսոփաները արվեստը նմանեցնում կրոնի, երկուսն էլ նույն ուղերձն ունեն. հարստացնում են մարդու ներաշխարհը:

«Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճի վերացման որոշումը հույժ գաղտնի պայմաններում եւ ընդամենը գրչի մեկ հպումով է ընդունվել: Տարածքը օտարվել է, իսկ դահլիճն ու քաղաքային միջավայր ձեւավորող գոտին դատապարտվել են «մահվան»: Ճարտարապետներն այդ որոշման հետ համաձայն չեն: Իսկ կինոգործիչները բավականին անտարբեր են եւ անթաքույց չկամությամբ են իրենց կարծիքն արտահայտում: Ոմանք խնդիրներ ունեն իրար հետ, ոմանք էլ` լրագրողների կամ ճարտարապետների: Թվում է, որ հայ կինոռեժիսորները ուզում են ֆիլմ նկարահանել, բայց ֆիլմը հանդիսատեսին հասցնել չեն շտապում: Ինչպես ասում են` դա իրենց գործառույթների մեջ չի մտնում: Կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանն, օրինակ, ասաց, որ եթե տարիներ շարունակ կինոդահլիճը չի գործել, ի՞նչ իմաստ ունի պահել այն. «Է թող քանդվի»: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նկատեց, որ դեմ է կինոթատրոնի քանդմանը, եւ հույս հայտնեց, որ իր կարծիքին կմիանան բոլոր հայ կինոռեժիսորները: Իսկ ռեժիսորներից շատերը նույնիսկ տեղյակ չէին, որ կինոթատրոն է քանդվում, եւ գրեթե բոլորը վերջնական որոշումը թողնում էին «Մոսկվա» կինոթատրոնի սեփականատիրոջ` Մարտին Ադոյանի հայեցողությանը: «Մենք երկակի խաղեր խաղալ չենք պատրաստվում: Եթե ՀՀ կառավարությունը վերջնականապես որոշի, որ ամառային դահլիճը քանդվելու է, ուրեմն այն, ամենայն հավանականությամբ` կքանդվի,- ասաց Մարտին Ադոյանն ու հարցրեց,- Արդեն եղե՞լ է վերջնական որոշումը»:

Իհարկե, բոլորն էլ հույս ունեն, որ ՀՀ կառավարությունը ավելի սթափ որոշում կկայացնի ու, քանդելու փոխարեն, կվերականգնի այդ գեղեցիկ երեւանյան անկյունը, որը լի է հուշերով ու պատմությամբ: Պատմական անցյալը բնավ էլ միայն հեռավոր ու դարավոր հասկացություն չէ, այն հենց այսօր, մեր աչքի առջեւ է ստեղծվում եւ մեր աչքի առջեւ էլ քանդվում է:

Սուրեն Հասմիկյան (կինոգետ) – «Կինոթատրոնի ոչնչացման հարցի հիմքում երեսպաշտ մոտեցում է ընկած: Կեղծ, իբրեւ թե հավատացյալ ազգ ենք ուզում ներկայանալ: Հերիք է վերջապես ինքներս մեզ խաբենք: Հիմա Ամենայն Հայոց կաթողիկոսն իր համար նստավայր է կառուցում Աբովյան փողոցում, եւ այդ պատճառով էլ քանդվեց Լեզվի ակադեմիայի հիանալի շենքը: Ի՞նչ է նշանակում կաթողիկոսի նստավայր կառուցել Երեւանում, ի՞նչ է, Էջմիածնի կենտրոնը նրան չի՞ բավարարում: Այդ ի՞նչ մոտեցում ունի եկեղեցին, ի՞նչ է ուզում ապացուցել: Ընդ որում` այդ ամենը տեղի է ունենում այն դեպքում, երբ եկեղեցին չի կարողանում մոբիլիզացնել իր ուժերն ու ռեսուրսները` աղանդավորների դեմ պայքարելու համար: Այսօր Հայաստանում (միայն պատկերացրեք) 300.000 աղանդավոր կա, եւ նրանց դեմ պայքարելը եկեղեցու բուն գործն է: Այսօր մեր եկեղեցին ավելի խայտառակ վիճակում է գտնվում, քան հազար տարի առաջ: Նույնիսկ Ստալինի ժամանակներում հայ եկեղեցին ավելի մեծ դերակատարություն ու հեղինակություն ուներ, քան հիմա: Շատ եմ ցավում այս իրավիճակի համար»:

Մելիք Կարապետյան (կինոպրոդյուսեր, Ազգային Պատկերասրահի կինոնախագծերի համակարգող)
– «Ամառային դահլիճը պետք է պահպանվի եւ վերանորոգվի: Միանշանակ: Իսկ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին կարող է կառուցվել «Մոսկվա» կինոթատրոնի ու Նկարիչների միության շենքերի արանքում գտնվող չկառուցապատված հողատարածքներում: Նախեւառաջ ես ուզում եմ հարց բարձրացնել` ինչո՞ւ «Մոսկվա» կինոթատրոնը հանվեց պահպանվող հուշարձանների ցանկից, եւ ո՞վ է այդ որոշման տակ ստորագրել: Ամառային դահլիճն ուներ իր ֆունկցիան, եւ նրա շահագործումը ծանր բեռ էր «Մոսկվա» կինոթատրոնի համար, ապա կարելի էր վարձակալման պայմանագիր ստորագրել կամ մրցութային կարգով տրամադրել որեւէ հասարակական կազմակերպությանը` այն ավելի օգտավետ օգտագործելու համար: Ասեմ, որ 2009 թվականին դահլիճն ակտիվորեն եւ հաջողությամբ գործում էր, այնտեղ բազմաթիվ համերգներ տեղի ունեցան: Եվ դահլիճն էլ լեփ-լեցուն էր, երբ այնտեղգ հոգեւոր երաժշտություն էր հնչում: Վերջիվերջո, ո՞ր չափանիշներից ելնելով որոշվեց, որ հենց այդ վայրում էր գտնվում ժամանակին բարբարոսաբար քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին: Չէ՞ որ այն իրականում գտնվում էր կինոթատրոնի աջ թեւում, որտեղ հիմա գիշերային ակումբ է գործում: Եթե ուզում են հետեւողական լինել, ուրեմն կինոթատրոնի ադմինիստրացիան հենց այդ թեւը պետք է նվիրաբերի Հայ Առաքելական եկեղեցուն: Եվ այդ քայլով միայն «կվերականգնվի արդարությունը», ինչպես պնդում են քանդելու ջատագովները: Կարծում եմ, որ Երեւանն ու երեւանցիներն արդեն հասել են այն կետին, որ պետք է գիտակցեն. «քանդելով» երջանկություն չես կառուցի ու չես վերակառուցի: Քաղաքի համար գլոբալ նշանակություն ունեցող հարցերը պետք է քննարկվեն, լուրջ ուսումնասիրվեն եւ հետո միայն որոշումներ ընդունվեն: Լինելով երեւանցի, տեսնում եմ, որ շատ կարեւոր է հիշողությունների պահպանումը: Իմ տատիկը ավարտել է Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցուն կից գործող վարժարանը, մեր տունն էլ գտնվում էր այսօրվա քաղաքապետարանի շենքի տեղում: Իմ մանկությունն անցել է մարդկանց իրար միացնող փայտե գեղեցիկ պատշգամբների շրջապատում: Եվ հիմա, երբ տեսնում եմ, թե վերակառուցվելու փոխարեն՝ ինչպես են անհետանում հին Երեւանի վերջին բեկորները (Աբովյան 12 փողոցից սկսած, Պուշկինի փողոցով ու Սախարովի հրապարակով վերջացրած), ուզում եմ լուրջ հարց տալ. «Հայեր, էս ո՞ւր ենք գնում»:

Կարեն Ջանիբեկյան (դերասան)
– «Մեր երկրում ամեն ինչ պրեզիդենտն է որոշում: Միայն նա:

Պրեզիդենտը պետք է անխտիր ամեն ինչից տեղյակ լինի, բոլոր բնագավառները վերահսկի, քանի որ ամեն ինչը միայն նրանից է կախված:

Նա ձեռքը դրեց շախմատի վրա, շախմատը հաջողություն ունեցավ: Եթե ձեռքը դնի կինոյի վրա, ամեն ինչ լավ կլինի:

Դեմոկրատիան սուտ հորինվածք է, մենք միապետություն ենք»:

Գարեգին Զաքոյան (կինոգետ) – «Ցանկացած բան քանդելը բարբարոսություն է: Եթե արդեն կառուցված շինություն կա (այն էլ մեծ ճարտարապետի նախագծով կառուցված), այն քանդելը վանդալիզմ է: Մենք պետք է պահպանենք այդ հիանալի մշակութային կոթողը, որը կարելի է հուշարձան անվանել: Ես դա ոչ թե որպես կինոգետ, այլ որպես քաղաքացի եմ ասում: Ազգային կինոյի զարգացման համար նախեւառաջ զարգացած կինոթատրոնների ցանց է հարկավոր, այլ ոչ թե 1-2-ը: Եվ կինոթատրոններ պետք է լինեն ոչ միայն Երեւանում, այլեւ ամենավերջին գյուղում: Ի դեպ` մենք 1924թ. ավելի շատ կինոթատրոններ ունեինք, քան հիմա: Յուրաքանչյուր կոլխոզ իր կինոթատրոնն ուներ, թեկուզ` շրջիկ տարբերակով: Միայն Երեւանում 40-ից ավելի կինոթատրոններ կային: Մեր ազգային կինոն ծնվեց այն ժամանակ, երբ կառուցվեց առաջին կինոթատրոնը: Իսկ մենք հիմա այդ մասին չենք ուզում հիշել: Չենք ուզում հասկանալ, որ կարեւորը կինոթատրոնն է, այլ ոչ թե ֆիլմերի նկարահանումը: Ֆիլմերը կարող են լավը կամ վատը լինել, կարող են ֆինանսավորվել կամ չֆինանսավորվել, սակայն եթե դրանք ցուցադրվելու տեղ չունեն, ապա ոչ մեկին պետք չեն: Եթե ուզում էին կինոմշակույթ ունենալ, այն գումարը, որը ծախսվում է ֆիլմերի նկարահանման համար, պետք է տրամադրեին կինոթատրոնների կառուցմանը: Կարող եմ մի բան վստահ ասել. եթե կինոթատրոն չենք կառուցում, կարող ենք մոռանալ կինոյի մասին: Դա պարադոքս է. կինո նկարահանվում է, բայց այն չկա: Ո՞ւմ համար են այսօր ֆիլմ նկարահանում, եթե հանդիսատեսն այդ ֆիլմերը չի ուզում դիտել: Կարող եմ հասարակ համեմատություն անել. եթե մակարոն ուտող չկա, ո՞ւմ համար ես մակարոն արտադրում: Երեւի այն մարդկանց համար, որոնք Ամստերդամի ու Բեռլինի կինոփառատոներում մեր փողերով արտադրված մակարոններ են ուտում (այսինքն` մեր ֆիլմերն են դիտում): Ինձ չի հետաքրքրում, թե Կաննի փառատոնում ովքեր «կերան» պետական (այսինքն՝ իմ եւ ձեր) գումարներով ստեղծած հոգեւոր սնունդը: Ինձ հետաքրքրում է` թե իմ ժողովրդին որքա՞նը հասավ»:

Վրեժ Քասունի («Ռեանիմանիա» անիմացիոն փառատոնի նախագահ) – «Իհարկե, պետք է պահպանել ամառային դահլիճը: Երբ կայքէջերից տեղեկացա դահլիճի քանդման մասին, անշուշտ, շատ մտահոգվեցի (մենք ծրագրել էինք այդ բացօթյա դահլիճում մեր փառատոնի ցուցադրումները կազմակերպել), բայց հույս ունեմ, որ այդ որոշումը վերջնական չէ, ու քանդումը կկանխվի: Պետական անմիջական միջամտություն պիտի լինի այս հարցում, քանի որ Հայաստանում շատ քիչ են կինոթատրոնները եւ պետք է պահպանել դրանք: Ես ծնունդով Սիրիայից եմ եւ ուզում եմ Պաղեստինի օրինակը բերել, որը չունի պետություն, բայց կինոքաղաքականություն է մշակել ու հիմա շատ լավ ֆիլմեր է ստեղծում ու կինոթատրոններ է կառուցում: Կինոն խմբակային աշխատանք է, իսկ Հայաստանում մի փոքր այլ է: Թվում է, որ միասին են, բայց իրականում ամեն մեկն առանձին է: Ինչո՞ւ Հայաստանի կինոգործիչները չեն միախմբվում ու իրենց կարծիքը չեն արտահայտում, չեմ կարող ասել: Անշուշտ պետք է միավորվել, ինչո՞ւ` ոչ, նաեւ ցույցի դուրս գալ «Պահպանենք ամառային կինոդահլիճը» պաստառներով»:

Հ.Գ. Սա քաղվածք է «The New York Times» թերթի հրապարակումից, որը տպագրվել է 1929 թվականի մարտի 31-ին: Հեղինակն է լրագրող Մորդոնտ Հոլը.

«Սովետական Հայաստանում ֆիլմեր սկսեց արտադրել «Հայֆիլմը»` «Armkino» միավորումը, որը Հայաստանի Շարժապատկերի միություն կարելի է անվանել: Այդ կազմակերպությունը հիմնադրվել է 1924 թվականին եւ իր առաջին արտադրանքը թողարկել է 1927 թվականին: Առաջին աշխատանքներից է «Նամուս» ֆիլմը, որը հիմնված է հայկական դրամատուրգ Շիրվանզադեի ստեղծագործության վրա եւ նկարագրում է Կովկասում ապրող հայերի կյանքը: Այդ ֆիլմը Խորհրդային Միության գլխավոր տպագիր օրգանը, «Պրավդա» թերթը ողջ ԽՍՀՄ տարածքում ստեղծած տարվա լավագույն ֆիլմ է անվանել: Մինչեւ հեղափոխությունը Հայաստանում շարժապատկերներ ցուցադրող տներ չկային: Իսկ այժմ նրանք 32-ն են, եւ նրանց քանակն ավելանում է, քանի որ շրջիկ ցուցադրումներ (traveling show) են կազմակերպվում: Դրանք սկսվում են մայրաքաղաք Էրիվանից ու լուռ էկրանի ուղերձը հասցնում են հեռավոր լեռներում ապրող հովիվներին ու գյուղացիներին»: