Իսկական ընտանեկան բժիշկներ էին գյուղական բժիշկները

08/09/2005 Զրուցեց Սուսաննա ԱԶԱՏՅԱՆԸ

Եվ երբ այս ուղղությունը դեռ մուտք չէր գործել մեր իրականություն,
բժշկուհի Մարինե Բաղդասարյանին շատ-շատերն էին համարում իրենց ընտանեկան
բժիշկը:

– Ի՞նչ է Ձեր կարծիքով ընտանեկան բժշկությունը:

-Ընտանեկան բժշկության իմաստն այն է, որ մարդը ծնված օրից ունենա մեկ
բժիշկ, որն իրազեկ կլինի պացիենտի կյանքի ողջ ընթացքում տեղի ունեցող
առողջական փոփոխություններին եւ ցանկացած ժամանակ կարող է առաջին
օգնություն ցույց տալ:

– Բժշկի համար ավելի հեշտ է լինել ընտանեկան բժի՞շկ, թե՞ նեղ մասնագետ:

– Ընտանեկան բժշկի պարտականություններն ավելի բարդ են, քանի որ հիվանդի
վերաբերյալ նյութը բավականին ծավալուն է, եւ պետք է կարողանալ
ուսումնասիրել այդ ամենը` ճիշտ ժամանակին անհրաժեշտ օգնություն
ցուցաբերելու համար:

– Ինչպիսի՞ն պետք է լինի ընտանեկան բժիշկը:

– Դեռ 1987 թվականին ես աշխատել եմ այդ ուղղությամբ եւ բավականին
պացիենտներ ունեի: Դրա համար ստացել եմ «Ժողովուրդների բարեկամություն»
շքանշան՝ Գորբաչովի ստորագրությամբ: Դա ընտանեկան բժշկության սաղմնային
շրջանն էր: Հետո, երկար տարիներ աշխատելով այդ մեխանիզմով, համոզվեցի, որ
այն ճիշտ ուղղություն է՝ հիվանդությունը ստույգ ախտորոշելու եւ առաջին
օգնություն ցուցաբերելու համար: Ինձ թվում է` ընտանեկան բժշկությունն
ապագա ունի: Սկզբում դժվար կլինի, որովհետեւ այն բժիշկների մոտ, ովքեր նոր
են եկել ընտանեկան բժշկության կենտրոն, բնակչությունը չի գնում, այսինքն՝
չի ճանաչում նրանց, իսկ մեր ժողովուրդը նախընտրում է գնալ այն բժշկի մոտ,
ում մոտ ավանդաբար գնացել է: Իսկական ընտանեկան բժիշկներ էին գյուղական
բժիշկները, որովհետեւ նրանց կողքին չկար մեկը, որ ուղղություն ցույց տար,
կամ որին այս կամ այն հարցով դիմեին, ստիպված, իրենք էին կարդում, պրպտում
եւ օգնություն ցույց տալիս: Օրինակ, ես ինստիտուտն ավարտելուց հետո իմ
կամքով գնացի գյուղ, որ այնտեղ «իսկական» բժիշկ դառնամ: Կարծես երեկ
լիներ, որ գնացի շրջան աշխատելու, եւ Հոկտեմբերյանի շրջանի գլխավոր բժիշկն
ասաց. «Աղջիկ, վրայեդ օպերայի հոտ կուգա, գնում ես գյուղ ի՞նչ անես»:
Հիվանդը գալիս էր, ես նրան ճանապարհում էի, բայց ամբողջ գիշեր սկսում էի
կարդալ նրա գանգատների մասին հնարավոր ամեն ինչ: Իմ կարծիքով, իսկական
բժիշկ դառնալու համար մեր բոլոր նորավարտները պետք է սկզբնական շրջանում
աշխատեն գյուղում: Այստեղ շարունակ մեկի խորհրդով, մյուսի ասելով ինչ-որ
բաներ են անում, բայց դա օգուտ չի տալիս: Եվ հետո, բժիշկները չեն սիրում
իրար խորհուրդներ տալ ու ընդունել: Ընտրելով բժշկի մասնագիտություն, պետք
է պատրաստ լինել պատասխանելու եւ գիշերային, եւ ցերեկային զանգերին ու
այցելուներին: Չի կարելի հիվանդին անուշադրության մատնել, պետք է լսել նրա
բոլոր գանգատները եւ լինել հետեւողական: Ես երկար տարիներ այդպես եմ
աշխատում: Հիվանդներիցս մեկն ասում է. «Բժշկուհի, ես ձեր առողջության
համար աղոթում եմ», մյուսն ասում է՝ «Որ դուք քաղաքում եք, ես ինձ
ապահովված եմ զգում»: Այսքանով բժիշկն իրեն գնահատված է զգում:

– Այդ դեպքում էլ գյուղացին չի՞ ասում՝ նորավարտին ուղարկեցին, որ մեր վրա փորձեր անի, բժիշկ դառնա…

– Ոչ: Նորավարտը թե քաղաքում, թե գյուղում բնակչությանը փորձության է
ենթարկում: Պարզապես գյուղում ստիպված պիտի կարդա, սովորի, որովհետեւ
գյուղացին ավելի պահանջկոտ է: Քաղաքում հիվանդը մեկ-երկու անգամ միեւնույն
բժշկին այցելելուց հետո, արդյունք չզգալու դեպքում, կգնա մեկ ուրիշի մոտ:
Իսկ գյուղացին այլընտրանք չունի: Սա ավելի շատ բժշկի փորձություն է եւ ոչ
թե բնակչի: Ես գյուղում աշխատած տարիներին շատ բան եմ սովորել: Օրինակ, մի
անգամ գյուղի ավտոբուսը վթարի էր ենթարկվել, եւ 18 մարդ բազմաթիվ ու
տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Մարդկանց պետք էր օգնություն
ցույց տալ, եւ ես միայնակ այդ ամենից գլուխ հանեցի:

– Դուք երկար տարիների փորձ ունեցող բժշկուհի եք, Ձեր այցելուները ճանաչո՞ւմ են իրենց օրգանիզմը:

– Մեր ազգը բացարձակ անտարբեր է իր առողջության նկատմամբ եւ բավական
անգրագետ է: Շատ քչերն են, որ սիստեմատիկ հետաքրքրվում են իրենց
առողջությամբ: Ես միշտ առաջնային եմ համարել պրոֆիլակտիկ բժշկությունը,
այսինքն, առաջին հերթին պետք է կանխել հիվանդությունը: Ինձ թվում է՝
կարելի է տարվա ընթացքում տնտեսել մի որոշակի գումար, ընդհանուր բժշկական
քննության համար: Օրինակ, եթե քաղցկեղը հայտնաբերվում է վաղ շրջանում,
բուժման էֆեկտիվությունը հասնում է գրեթե 100%-ի, իսկ որոշ
հիվանդություններ հայտնաբերելու դեպքում քաղցկեղ չի առաջանում: Իհարկե,
այսօր ելնելով մեր ազգային հոգեկերտվածքից, հիմնականում բժշկի դիմում են
նրանք, ովքեր այլեւս ելք չունեն:

– Հիմա բժիշկներից շատերն են դրժում Հիպոկրատի երդումը:

– Մեր սերնդի բժիշկներն ընդհանրապես երդում չեն էլ տվել: Պարզապես ով
կոչումով բժիշկ է, առանց երդման էլ նորմալ աշխատում է: Այն մարդիկ, որ
փողի ուժով են բժիշկ, ոչ մի երդում էլ չեն պահի: Այսօր հայտնի է, թե ովքեր
են ավարտում Բժշկական ինստիտուտը: Մի մասը, լավ է, դիպլոմն ուղղակի օժիտ է
տանում՝ չվնասելով մարդկանց: Իհարկե, չեմ կարող չասել, որ նրանց մեջ չկան
շատ խելացի երեխաներ, որոնք մեր ապագայի լավ բժիշկներն են: Իսկ
ընդհանրապես, իմ կարծիքով, բժիշկ ծնվում են եւ ոչ թե դառնում:

– Ինչո՞ւ են պոլիկլինիկաներում ավելի շատ կանայք աշխատում, իսկ հիվանդանոցներում՝ տղամարդիկ:

– Դեռ նախկինում տղամարդուն վայել չէր տեղամասային բժիշկ աշխատելը: Եվ
հետո, հիվանդանոցում աշխատող բժշկի նյութական վիճակն ավելի լավ է, քան
պոլիկլինիկայում աշխատող բժշկինը: Այդ է պատճառը, որ տղամարդիկ գերադասում
են աշխատել հիվանդանոցում:

– Ձեր մասնագիտական վերելքի ճանապարհին շա՞տ խոչընդոտների եք հանդիպել:

– Իհարկե, շատ խոչընդոտներ են եղել, իսկ դրանք հաղթահարելու համար միայն
աշխատել եմ, ու փորձել ապացուցել բոլորին, որ ես առաջինն եմ լինելու իմ
աշխատանքում: Այն ժամանակ նույնիսկ գլխավոր բժիշկն էր իմ հանդեպ
չարությամբ լցված, որովհետեւ կարծում էր, թե ինձ իր աթոռն է հետաքրքրում:
Ես մի օր այդ ամենի վերջը տվեցի՝ ասելով, որ ոչ մի իրեն հարգող կին, եթե
ընտանիք ունի, գլխավոր բժիշկ լինել չի կարող: Իհարկե, որպես ղեկավար, նա
իր գործը լավ գիտեր:

– Ի՞նչ կասեք այն բժիշկների մասին, ովքեր շատ-շատերի նման հեռանում են Հայաստանից:

– Ես ոչ դատապարտում, ոչ էլ արդարացնում եմ այդ մարդկանց: Գտնում եմ, որ
եթե ես կարող եմ իմ ազգին մի փոքր օգնություն ցույց տալ ու նույնիսկ
չվճարվել դրա դիմաց, ավելի լավ է, քան թողնել, գնալ այս երկրից: Բնական է,
բոլորն էլ ուզում են փող ունենալ, լավ ապրել, բայց ես հայրենասիրությունն
այդ ամենից վեր եմ դասում:

– Այսօր քչերը գիտեն, որ Ձեր քույր Նվարդ Բաղդասարյանը մեծ լումա ունի Ե.
Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման գործում: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Քույրս իր մեծ լուման ուներ ոչ միայն Ե. Չարենցի տուն-թանգարանի
հիմնադրման գործում, այլեւ Հայաստանի մշակութային կյանքում: Նա
խոշորագույն թանգարանագետ էր՝ ընդունված Սովետական Միության կողմից: Նա
մեծ մասնակցություն ուներ Ավետիք Իսահակյանի, Խ. Աբովյանի
տուն-թանգարանների կառուցման գործում: Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի
կառուցմանը մեր ամբողջ ընտանիքն է մասնակցել, իսկ Նվարդն այնտեղ անգամ
հավաքարարի գործ էր անում: Սովետական իշխանության ժամանակ Իսահակյանի
տուն-թանգարանի տնօրեն նշանակեցին Սուրեն Վահունուն, Նվարդին ասելով՝ դու
լավ ես թանգարան կառուցում, հիմա էլ Չարենցի թանգարանով զբաղվիր: Չարենցի
տուն-թանգարանի տնօրեն էլ նշանակեցին նախարարի կնոջ, նորից Նվարդին
ասելով՝ քեզ Մշակույթի նախարարությունում լավ պաշտոն ենք տալու: Երբ
Վիլյամ Սարոյանը եկել էր Հայաստան՝ ծանոթանալով Նվարդի գործունեությանը,
ասել էր, որ իր մահից հետո Ֆրեզնոյում իր տուն-թանգարանի հիմնադրումը
կվստահի միայն Նվարդին: Իհարկե, Նվարդն ավելի շուտ մահացավ, քան Վ.
Սարոյանը: Հայաստանում ինչպես շատ-շատերին, այնպես էլ Նվարդին մոռացան: Մի
լրագրող՝ իմանալով, որ ես Նվարդի քույրն եմ, զրուցեց ինձ հետ, նյութեր
վերցրեց եւ ուզում էր գրել նրա մասին: Հետո մի օր լաց լինելով ինձ ասաց.
«Պատկերացնո՞ւմ եք, թույլ չտվեցին գրել, ասացին՝ իբր սաղերի մասին շատ ենք
կարում գրենք, որ մեռածների մասին գրենք»: