Դեռեւս դպրոցական դասագրքերից հիշում ենք, որ մարդու մաշկի մոտ 95 տոկոսը ծածկված է մազերով: Մարդու մազածածկը բաժանվում է 3 տիպի: Երկար մազերը գլխի մազերն են ու բեղ-մորուսը: Հաջորդ տիպը կոշտ կարճ մազերն են` թերթեւունքերը, հոնքերը եւ այլն, եւ աղվամազերը, որով ծածկված է մեր ամբողջ մարմինը: Մազերի յուրաքանչյուր տիպն ունի իր նշանակությունը, բայց ելնելով գեղագիտական դիրքորոշումներից, մենք ինքներս փորձում ենք ձեւավորել` կտրել, գանգրացնել կամ հանել անցանկալի մազերը: Այդ պատճառով կանայք մազերը բաժանում են 2 տիպի`ցանկալի եւ անցանկալի մազեր` հոգ ու խնամք տանելով մեկի մասին, անխնա պայքարելով մյուսի դեմ: Օրինակ` անցանկալի մազեր կարելի է համարել շրթունքի վերեւի մասում աճող աղվամազերը:
Դեռեւս Հին Հռոմում եւ Հունաստանում անցանկալի մազերից ազատվելը համարվում էր կանացիություն, եւ գոյություն ուներ մազերից ազատվելու մի քանի տարբերակ: Ամենասովորական ու հասանելի տարբերակը մազը քաշելով հանելն է: Այս եղանակը կարելի է գործածել այն դեպքում, երբ այլ կերպ հնարավոր չէ, որովհետեւ այս ձեւով մազերը կշատանան: Որպեսզի այս պրոցեդուրան ցավոտ չլինի, պետք է խոռոչները լայնացնել: Դրա համար կարելի է դեմքը տաք գոլորշու վրա մի քիչ պահել: Հետո զգուշությամբ ունելիով փորձել ազատվել այդ մազերից: Պրոցեդուրայից հետո դեմքի վրա, հնարավոր է, թեթեւ կարմրություն զգացվի, որը կարճ ժամանակի ընթացքում կանցնի: Այս տարբերակով էպիլյացիայի արդյունքը տեւում է 2-3 շաբաթ:
Ոսկով եւ նման եղանակներով էպլյացիան հայտնի է դեռեւս Նեֆերտիտիի ժամանակներից: Մ.թ.ա. երկրորդ դարում կանայք մաշկի պրոբլեմատիկ հատվածներին քսում էին մեղրամոմ կամ բուսական ծագմամբ խեժ ու թողնելով, մի որոշակի ժամանակ հետո, պոկում անցանկալի մազերի հետ մեկտեղ: Այս միջոցը որոշակի փոփոխություններով օգտագործվում է նաեւ մեր օրերում: Այն եւս հասարակ ու պարզ մեթոդ է եւ կիրառվում է նույնիսկ տնային պայմաններում: Բացի այդ, այն նաեւ շատ ավելի մատչելի է, քան գեղեցկության սրահների պրոցեդուրաները: Էպիլյացիան` կախված ակնամոմի ջերմությունից, բաժանվում է 3 տիպի` տաք, գոլ եւ սառը: Այս տարբերակները կիրառվում են` կախված մարմնի հատվածից: Օրինակ` շրթունքի վերեւի հատվածի էպիլյացիան շատ ցավոտ է, այդ պատճառով ճիշտ կլինի կիրառել տաք ակնամոմով տարբերակը, քանի որ այն պակաս ցավոտ է: Արդյունքը տեւում է 3-6 շաբաթ` կախված օրգանիզմից: Այս եղանակի երկարատեւ օգտագործումից հետո տվյալ հատվածում դադարում է մազերի աճը:
Մեր օրերում կիրառվում է քիմիական եղանակով էպիլյացիան: Ժամանակակից արտադրությունը առաջարկում է գելերի, քսուքների հարյուրավոր տեսակներ, որոնք ազդում են մազարմատների վրա եւ քսելուց 10-15 րոպե հետո առանց ցավի հանում են բոլոր անցանկալի մազերը: Պարզապես այստեղ պետք է հիշել մեկ բան` որ դրանց բաղադրիչները կարող են գրգռել մաշկը: Այդ պատճառով մինչեւ դեմքին քսելը՝ նախ պետք է փորձել: Վերջինիս արդյունքը եւս պահպանվում է 2-3 շաբաթ:
Անցանկալի մազերից ազատվելու ամենաարդյունավետ եղանակը լազերային էպիլյացիան է: Սրա առավելությունն այն է, որ այս եղանակով մազերից ազատվում են ընդմիշտ: Լազերային ճառագայթն ազդում է մազարմատի վրա` ոչնչացնելով դրանք: Իհարկե, այս ամենի մասին իմանալով՝ կարող եք որոշել ինքներդ, թե որ եղանակն է նախընտրելի: