15 մլն` մետրոյին

11/03/2010

2010 թվականից Հայաստանի կառավարությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական աջակցությամբ սկսում է Երեւանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր: Ծրագրի շրջանակում երեկ Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը ստորագրել են 15 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագիր, որից 5 միլիոն եվրոն` որպես դրամաշնորհ, տրամադրում է Եվրամիության Հարեւանության ներդրումային ծրագիրը, 5-ական միլիոն եվրոյի չափով վարկեր տրամադրվում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջոցներից: Ըստ Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի, ծրագրով նախատեսվում է, մասնավորապես, թարմացնել մետրոյի շարժակազմը, նորոգել ռելսերի եւ էլեկտրամատակարարման մաշված համակարգը, գնել տեխնիկական սպասարկում իրականացնող դրեզինա եւ փոխել պոմպակայանները, որոնց միջոցով դուրս է մղվում թունել ներթափանցող ջուրը: Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 3 տարին՝ արտոնյալ, EUR LIBOR+1 տոկոս տոկոսադրույքով: