«Մենք հաստատակամ ենք` առաջ մղելու Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու ջանքերը, սակայն ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումը ռիսկի տակ է դնում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրերը»,- երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` սպառնալով, թե Թուրքիան կխզի կապերը Միացյալ Նահանգների հետ: «Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգների վարչակազմը այսուհետ ավելի արդյունավետ ջանքեր կգործադրի` թույլ չտալու համար բանաձեւի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում»,- նշել է Դավութօղլուն` հավելելով, թե խնդիրը պատվի հարց է, եւ իրենք կգնահատեն, թե ինչ միջոցներ են ձեռնարկելու: Նա նաեւ նշել է, թե բանաձեւի ընդունման առնչությամբ իրենք պատրաստվում են հանդես գալ հատուկ հայտարարությամբ: «Թուրքիան ճնշման ներքո որոշում չի ընդունի»,- հայտարարել է նա: «Այս ամբիոնից ցանկանում եմ հետեւյալ կոչն ուղղել հայերին եւ Հայաստանին` խորհրդարանի միջոցով պատմությունը դատապարտելու փոխարեն, եկեք խոսենք դեմառդեմ, եկեք բացենք մեր արխիվները»,- հայտարարել է Դավութօղլուն` ավելացնելով, որ երրորդ կողմի միջամտությունը վնասելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Յուրաքանչյուր որոշում խոչընդոտելու է պատմական հաշտեցմանը: Երրորդ կողմի միջամտությունը վնասելու է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը: Անհրաժեշտ է, որ բոլորը ողջամիտ լինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է նա` հավելելով, թե համակարծիք չէ բոլոր նրանց հետ, ովքեր պնդում են, թե Թուրքիան է դանդաղեցնում արձանագրային գործընթացը: «Մենք 10 օրվա ընթացքում արձանագրությունները փոխանցեցինք խորհրդարան, իսկ Հայաստանը` չորս ամսվա ընթացքում: Իսկ թե խորհրդարանը ե՞րբ կվավերացնի արձանագրությունները, դա նրա իրավասությունն է»,- հայտարարել է Դավութօղլուն: Ըստ նրա` Կոնգրեսի որոշմամբ արձանագրությունները հայտնվել են «ռիսկի տակ»: «Այդ որոշմամբ մենք չենք կարող ճանապարհ ընկնել: Մենք երբեք ճնշման ներքո որոշում չենք կայացրել եւ չենք էլ կայացնելու… Մենք չենք ցանկանում, որ ամեն գարուն ճգնաժամ առաջանա թուրք-ամերիկյան հարաբերություններում: Ակնկալում ենք, որ այնպիսի մի հայտարարություն չի լինի, որն ապրիլի 24-ին ավելի կխորացնի ճգնաժամը: Կարծում ենք` Օբաման կգործի հեռատեսորեն»,- հայտարարել է նա` ընդգծելով, որ պաշտոնական Անկարան «այո» է ասում հայ-թուրքական հաշտեցմանը: