Լեզվի ուսուցման կենտրոններ դիմում են նաեւ նրանք, ովքեր մտադիր են
մեկնել արտասահման։ Այդ կենտրոններ դիմում են ինչպես առանձին անհատներ,
այնպես էլ զանազան բիզնես ընկերություններ՝ աշխատակազմի համար
անգլերենի դասընթացներ կազմակերպելու նպատակով։ Օրինակ, ավելի քան 4000
գործարար ընկերություններ վերջին չորս տարվա ընթացքում դիմել են
«Albion» ուսումնական կենտրոն, որը համարվում է քաղաքի
ամենաառաջադեմ ուսուցման կենտրոններից մեկը։ «Arminco», «Unisef»
ընկերությունները, «Mariot» հյուրանոցային համալիրը, ԱՄՆ
դեսպանատունը, Ազգային ժողովի աշխատակազմը, «ԱրմենԱկոբ»
հեռուստաընկերությունը, ՀՀ Կենտրոնական բանկը, «ԱրմենՏել» ընկերության
աշխատակազմը ուսանել են հենց այս կենտրոնում։ Ինչո՞ւ հենց այս
կենտրոնը: Կենտրոնի մեթոդիստ Լարիսա Կրավչենկոյի խոսքերով՝ «Կենտրոնը
գոյություն ունի արդեն տասներեք տարի, բայց որակը դեռ պահպանվել է,
քանի որ այն միշտ գտնվում է մեր իսկ հսկողության տակ: Եվ այդ որակն
ապահովում են պրոֆեսիոնալ մասնագետները»։ Կենտրոնում աշխատում են
երիտասարդ մասնագետներ՝ մեծամասամբ ուսանողներ: Արդյո՞ք ուսանողները
բավականաչափ հմուտ են այս աշխատանքի համար։ «Ո՞ւմ կվստահեիք ձեր
վիրահատությունը. մեծահասակ եւ փորձառու վիրաբույժին, որի ձեռքերը դողո՞ւմ
են, թե՞ անփորձ, բայց ամուր ձեռքերով մեկին։ Ես կհամաձայնեի, որ վիրահատի
երիտասարդը, բայց հուշի փորձառուն,- հարցին հարցով պատասխանեց մեթոդիստ
Լարիսա Կրավչենկոն։ -Նախ եւ առաջ, հասուն մանկավարժները դժվարությամբ են
ենթարկվում ինտենսիվ մեթոդիկային, քանի որ նրանք սովոր են դասավանդման
ավանդական եղանակին»։ Լեզվի ուսումնական կենտրոններում դասավանդում են
նաեւ Երեւանի տարբեր դպրոցների ուսուցիչներ: Զրուցակիցս, որ նույնպես
համատեղում է երկու աշխատանքները, որոշել է դուրս գալ հանրակրթական
դպրոցից եւ միայն «Albion»-ում աշխատել: Նա քննադատեց դպրոցներում օտար
լեզուների դասավանդման համակարգը. «Յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա
մեթոդիստ, կամ, ինչպես ասում են՝ Մեթոդմիավորման նախագահ եւ անցկացնի
համապատասխան նիստեր։ Այն դպրոցը, որտեղ ես աշխատում եմ, ինչպես նաեւ՝
Երեւանի բոլոր դպրոցներն այդ ամենը ունեն միայն թղթի վրա, եւ հայկական
ավանդական մտածելակերպից ելնելով՝ փորձի փոխանակում տեղի չի ունենում։
Այստեղ ֆորմալ մոտեցում է ցուցաբերվում թե՛ առարկայի, թե՛ աշակերտների
հանդեպ: Չկա շարժառիթ (մոտիվացիա)։ Գնահատման համակարգը նույնպես
խոչընդոտում է ուսուցման էֆեկտիվությանը: Իսկ ուսումնական կենտրոնում, իմ
դեպքում՝ «Albion»-ում, ի տարբերություն դպրոցի, ես կարող եմ ցուցաբերել
իմ ստեղծագործական կարողությունները: Այստեղ դասավանդող-ուսանող
հարաբերությունները պաշտոնական չեն, այլ կրում են ընկերական բնույթ, որը
նպաստում է պրոդուկտիվ աշխատանքին»: