Հայացք դրսից

07/03/2010

«Բոլոր ազգերն իրենց միֆոլոգիան ունեն: Ամերիկան, օրինակ, իր առօրյա առասպելաբանությունը ստեղծում է Հին Հռոմի նմանությամբ: Եվ շատ է նյարդայնանում, երբ տեսնում է, որ այլ ազգերը փորձում են իրենց սեփական առասպելաբանությունը կառուցել: Փոքր ազգերը միայն մեկ ճանապարհ ունեն. պետք է շարունակեն ամրացնել իրենց պատմական միֆոլոգիան: Եվ դա պիտի արվի ամերիկյանին զուգահեռ»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է աշխարհահռչակ սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան, ով այս օրերին գտնվում է Երեւանում: «Գլոբալացումը ջնջում է ազգային տարբերությունները, եւ կարծում եմ, որ մեր մոլորակի նորագույն կոնցեպցիան պետք է լինի փոքր ազգերի միավորումը: Բոլոր փոքր ազգերն էլ նույն խնդիրներն ունեն, քանի որ մեկուսացված են աշխարհից»,- ավելացրել է նա։ «Եթե այսօր սահմանը բացվի, ապա վաղը հսկայական միգրացիոն հոսքեր կսկսվեն ու տեղի կունենան այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են եւ դուր չգալ ձեզ: Այնպես որ, իդեալական իրավիճակ չի կարող լինել: Սակայն բոլոր դեպքերում 2 հզորագույն «զենքերի» տեսակներ կան, որոնք կարող են պահպանել ազգային դիմագծերը: Դա հավատն ու արվեստն է: Աշխարհի երեսին ավելի գործնական զենք դեռ չի ստեղծվել»,- ասել է նա: