ԱՄՆ-ը ճնշո՞ւմ է Թուրքիային

07/03/2010

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում` անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում հավանության արժանացած բանաձեւի ընդունմանը, ասել է, թե դրանով ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս վավերացնի հայ-թուրքական արձանագրություններն առանց նախապայմանների: «Միջնորդները` ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ ՌԴ-ն, տեսան, որ այս ամիսների ընթացքում Թուրքիան որեւէ քայլ չի անում այդ արձանագրությունների տառին եւ կետին նշված գործողություններ իրականացնելու առումով: Ի վերջո, իրենք հասկացան, որ Թուրքիայի հետ պետք է խոսել ճնշման, ուժի կիրառմամբ: Նկատի ունեմ նաեւ այս բանաձեւը, հետագայում Կոնգրեսը ճանաչի, կամ նախագահը ճանաչի ցեղասպանությունը»,- ասել է նա: Նրա կարծիքով` Թուրքիայի ուժեղ դիվանագիտության մասին կարծիքներն «առասպելներ են», այս հարցում Հայաստանն ավելի «խելոք գտնվեց», եւ հիմա, եթե Թուրքիան ձգձգի գործընթացը կամ արձանագրությունների հետ կապված դարձյալ նախապայմաններ առաջադրի, ապա Հայաստանը կկասեցնի կամ կդադարեցնի գործընթացը: Կոալիցիայի մյուս անդամը` ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն էլ Կոնգրեսի հանձնաժողովի որոշումը գնահատել է երկու տեսանկյուններից: Առաջինը, նրա ձեւակերպմամբ, «բարձր բարոյականության սկզբունքն է», որով առաջնորդվել են ամերիկացի կոնգրեսականները` այդպիսով նպատակ ունենալով կանխարգելել մարդկության դեմ գործվող նման ոճիրները: «Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր քվեարկեցին այս բանաձեւի օգտին, իրենց մտքում պահում էին նաեւ մի շատ կոնկրետ բան, որ պետք է խթանել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, որը վերջին շաբաթների ընթացքում տեղատվություն էր ապրում: Սա իրականություն է, որ թուրքական կողմի առաջին ռեակցիան լինելու է կոշտ դիմադրություն ցույց տալը, եւ նույնիսկ ուժի դիրքերից է փորձելու հանդես գալ, բայց, վերջիվերջո, նախքան ապրիլի 24-ը, կանխելու համար մի նոր բանաձեւի հաստատումը Կոնգրեսի նիստում եւ նախքան ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը, Թուրքիայում գերիշխելու են այն տրամադրությունները, որ անհրաժեշտ է այս արձանագրությունների վավերացման ուղղությամբ գործնական քայլեր անել»,- ասել է նա: Ա. Սաֆարյանը, սակայն, դժվարացել է կանխատեսել բանաձեւի հետագա ճակատագիրը, միաժամանակ չբացառելով անսպասելի զարգացումներ: