Ուրախություն, որը բերելու է հիասթափության

07/03/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պարոն Արզումանյան, ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձեւը: Սա առաջընթա՞ց էր Ցեղասպանության ընդունման ճանապարհին, եւ այս քայլը ի՞նչ հետեւանք կարող է ունենալ: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ԱՄՆ Կոնգրեսն էլ ընդունի այս բանաձեւը:

– Որպես հայ, անշուշտ գոհունակություն պիտի հայտնեմ, որ դա եւս մի քայլ էր Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պատմական արդարության վերականգնման ճանապարհին: Բայց մյուս կողմից էլ՝ արդեն մենք տեսել ենք, որ 2000, 2005, 2007 թվականներին նույն պատմությունը կրկնվել է: Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձեւն ընդունել է ձայների մեծամասնությամբ, որից հետո խոսնակը հրաժարվել է դա դնել լիագումար նիստի քննարկմանը: Վստահ եմ, որ նույն ճակատագիրն է սպասվում նաեւ այս բանաձեւին: Ավելին, Հայաստանի իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության պատճառով շատ դյուրին է դառնալու մերժումը, քանի որ կա լրացուցիչ փաստարկ` հայ-թուրքական, այսպես կոչված, մերձեցման գործընթացը, որին չխանգարելու համար էլ Կոնգրեսին կհորդորեն զերծ մնալ բանաձեւի քննարկումից: Այնպես որ, սա ուրախություն է, որն ի վերջո բերելու է հիասթափության: Այս էտապներով մենք անցել ենք:

– Իսկ գուցե Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնելու պատճառով ԱՄՆ Կոնգրեսն այս անգամ ընդունի՞ բանաձեւը: Չէ՞ որ նախորդ անգամները, երբ Կոնգրեսը մերժել է բանաձեւը, արձանագրություններ եւ հաշտեցման գործընթաց չեն եղել:

– Ես բացառում եմ: ԱՄՆ-ը առաջնորդվում է իր ազգային շահով: Թուրքիան կարեւորագույն դերակատարություն ունի այս տարածաշրջանում եւ ԱՄՆ-ի ռազմավարական կարեւորագույն գործընկերն է: Այս հանգամանքը հաշվի առնելով` նախագահներ Քլինթոնը, Բուշը, հիմա էլ՝ Օբաման պետք է հորդորեն Կոնգրեսին զերծ մնալ այդ քայլից: Կա լավ բացատրություն, որ բանակցություններն ընթանում են, եւ պետք չէ խոչընդոտել գործընթացին: Ի դեպ, ասեմ, որ նույնիսկ այս քվեարկության դինամիկայի փոփոխությունը ցույց է տալիս, որ այդ փաստարկը արդեն աշխատում է Կոնգրեսում: 2007թ. քվեարկության ժամանակ նույն հանձնաժողովը 26 կողմ-20 դեմ ձայների հարաբերակցությամբ է ընդունել: Ավելին, այսօրվա 46 անդամներից 23-ը 2003թ. եղել են նույն հանձնաժողովի անդամ եւ կողմ են քվեարկել: Այսինքն հայկական լոբբիստների կարծիքով՝ այդ 23 ձայնը պետք է լիներ: Իսկ այդ հարցով դեռեւս չքվեարկած 6 նորընտիր կոնգրեսականներից 2-ն այս բանաձեւի համահեղինակ են, ինչը, բնականաբար, ենթադրում է կողմ քվեարկություն: Այսինքն՝ համարվում էր, որ այդ 25 ձայները արդեն իսկ հայկական լոբբիի գրպանում են: Բայց ձայների հարաբերակցության այս փոփոխությունը ցույց է տալիս, որ թուրքական եւ ԱՄՆ նախագահի վարչակազմի փաստարկները, թե ընդունումը կխոչընդոտի գործընթացին, աշխատեց նաեւ Կոնգրեսում: Վարչախումբն այս անգամ իր ռեսուրսը չի օգտագործել ընդունումը խոչընդոտելու համար, որովհետեւ վտանգ չի տեսնում: Ընդամենը վերջին պահին Օբաման հորդորեց զերծ մնալ քվեարկությունից, նույնը արեց Քլինթոնը: Բայց եթե հարցը հասնի լիագումար նիստում քվեարկելու պահին, այդ դեպքում վարչակազմը կօգտագործի իր ողջ ռեսուրսը: Բայց սրանով ԱՄՆ-ը լրացուցիչ ճնշման լծակ ունեցավ Թուրքիայի նկատմամբ, Թուրքիան լրացուցիչ փաստարկ ստացավ իր արդեն իսկ որոշված` չվավերացնելու մոտեցումը ամրապնդելու համար: Նրանք մշտապես ասել են, որ քանի դեռ չկա առաջխաղացում ԼՂՀ կարգավորման գործում, չեն վավերացնելու: Այս անգամ լրացուցիչ պատրվակ եղավ` ՀՀ ՍԴ որոշումը: Հիմա էլ կասեն, թե քանի որ Կոնգրեսի հանձնաժողովը դրական որոշում է կայացրել, մենք չենք վավերացնի: Իսկ Հայաստանը մնաց ունայն: Թուրքիայի իշխանությունները մի քիչ նեղացան, բայց սա ընդհանուր խաղի կանոնների սահմաններում է:

– Բայց այդ բանաձեւը նաեւ Օբամային ուղղված կոչ էր, որ նա էլ ընդունի Ցեղասպանությունը:

– Վերջին 30 տարիներին ԱՄՆ-ի բոլոր նախագահական թեկնածուները խոսք են տվել ընտրվելու դեպքում ճանաչել, եւ բոլորն էլ նույն հետեւողականությամբ հետ են կանգնել:

– Այդ դեպքում կարելի է ասել, որ սպառվե՞ց հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, տապալվե՞ց արձանագրությունների վավերացումը:

– Արձանագրությունների ստորագրման պահից արդեն հարյուրավոր անգամներ ասել եմ, որ Թուրքիան այս գործընթացը պայմանավորում է ԼՂՀ հարցում իրենց տեսանկյունից առաջընթացի հետ: Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ կվավերացնի միայն այն դեպքում, եթե հայկական զորքերը դուրս քաշվեն ԼՂՀ տարածքներից: Այդ մոտեցումը երբեւէ չի փոխվել, չի էլ փոխվելու: Թուրքիան շարունակում է պնդել, որ այս երկու գործընթացները փոխկապակցված են, Հայաստանն էլ տվել է իր համաձայնությունը, սակայն շարունակում է ասել, որ որեւէ կապ չկա, որեւէ նախապայման չկա: Այսօր վիճակը տագնապալի է թե ՀՀ-ի ներսում, թե արտաքին քաղաքականության ոլորտում: Այնպես է ամեն ինչ խճճվել, որ մեկ ելք կա` հրաժարական տալ, անցկացնել նորմալ ընտրություններ, երկրում վերականգնել սահմանադրական կարգը: Նոր ընտրված, ժողովրդի քվեն, վստահությունը վայելող իշխանության կողմից իրականացնել ՀՀ ազգային շահերից բխող արտաքին ու ներքին քաղաքականություն: Երկիրը կործանման եզրին է հասել բոլոր բնագավառներում: Հայ-թուրքական հարաբերությունները ընդամենը մեկ բաղկացուցիչն են այս ամենի:

– Իսկ առանց հրաժարականի ու նոր ընտրությունների հնարավո՞ր չէ ելք գտնել: Չէ՞ որ իշխանությունները հաճախ են ասել, որ եթե Թուրքիան չվավերացնի, դուրս կգան գործընթացից: Նաեւ դրա համար օրենսդրական փոփոխություններ են կատարել:

– Հայ-թուրքական գործընթացում միայն հայերն ու թուրքերը չեն սուբյեկտները: Այնքան դերակատարներ ու շահագրգիռ կողմեր կան, որ դրանցից որեւէ մեկը թույլ չի տալիս, որ ՀՀ-ն ինքնուրույն որոշումներ կայացնի: Եվ հայ-թուրքական հարաբերությունները կապելով ԼՂՀ հարցի կարգավորման հետ` ծուղակն են գցել ՀՀ իշխանություններին: Այնպես որ, մեկից դուրս գալով՝ մյուսը չես կարող փրկել: Իրավիճակն այնքան է սրված, որ պետք է կոնկրետ գործողություններով այդ խոստումները կամ ի կատար ածեն, կամ ձեւ գտնեն խուսափելու համար: Իսկ լավագույն ձեւը ես մատնանշեցի` իշխանությունների հրաժարականն է: Ի վերջո նոր, լեգիտիմ իշխանությունն այդքան ենթակա չի լինի արտաքին ճնշումներին եւ կկարողանա անել շատ ավելի Հայաստանի շահերից բխող քայլեր եւ ոչ թե քայլեր, որոնք կթելադրվեն Մոսկվաներում եւ Բրյուսելներում:

– Տեղեկատվություն հրապարակվեց, թե եթե նույնիսկ արձանագրություններն ուղարկվեն Թուրքիայի խորհրդարան, դրանք կվավերացվեն վերապահումներով` «պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը` Ցեղասպանության հարցը քննելու նպատակով, ՀՀ-ն Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերի համաձայն պետք է ընդունի Թուրքիայի ներկա սահմանը եւ հրաժարվի ահաբեկչական հավակնություններից: Եվ պետք է կոնկրետ քայլեր արվեն` ԼՂ-ն օկուպացումից ազատելու համար»: Սա պատասխա՞ն էր ՀՀ ՍԴ որոշման դեմ:

– Դա ապտակ էր, արդեն ձեռ են առնում ՀՀ իշխանություններին: Այո, կողմերն ինչ-որ փրփուրներից են կախվում, բայց դիրքորոշումները հստակ են: Եվ սա տարբերակ է չվավերացման համար: Այդ ճանապարհին մատնանշվում է, թե ՍԴ որոշումն իբր անընդունելի, իբր պայմաններ դնելու որոշում է, եւ իրենք էլ հակառակ պայմաններն են դնում: Սա ձեւ է միջազգային հանրությանը հրամցնելու տեսակետը, թե հակառակ կողմն է մեղավոր: Սա մեկը մյուսին սեւացնելու, մեկը մյուսի վրա մեղքը բարդելու քաղաքականություն է:

– Իշխանությունները միշտ հայտարարել են, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացն ու արձանագրությունները ԱՄՆ-ն է նախաձեռնել, եւ թույլ չի տա, որ Թուրքիան տապալի այդ նախաձեռնությունը:

– Լավ կլիներ, որ իշխանական ճամբարում մտածեին ինչ անեն, որ այս երկիրը երկիր դառնա, եւ ոչ թե մտածեն, թե այս կամ այն երկրի ղեկավարը ինչ թույլ կտա այս կամ այն երկրին: Տարբեր երկրների քայլերին սպասելը Հայաստանի հնագույն ցավերից մեկն է: Մեր հարցերով մենք պետք է զբաղվենք, ԱՄՆ-ը ինչ էլ անի, ելնելու է իր ազգային շահերից: Իսկ պատմական այս ժամանակահատվածում` ԱՄՆ-ի ու Թուրքիայի շահերը համընկնում են: