ՍԴ-ն կասեցրել է բողոքի քննությունը

07/03/2010

Երեկ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ժամանակավորապես կասեցնել անազատության մեջ գտնվող ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած բողոքի քննությունը` հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում անցկացված ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հիշյալ որոշմամբ` թիվ 10 ընտրատարածքում անցկացված լրացուցիչ ընտրություններում հաղթող է ճանաչվել «Ազգային Միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը: Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարան էր դիմել հունվարի 22-ին` ներկայացնելով բոլոր ընտրատեղամասերում խախտումների վերաբերյալ իր վստահված անձանց արձանագրությունները, տեսագրություններն ու այլ նյութեր: Իր բողոքում Փաշինյանը Սահմանադրական դատարանին նաեւ խնդրել էր ապահովել իր ներկայությունը գործի վարույթին, սակայն ՍԴ-ն մինչ օրս որեւէ որոշում չէր կայացրել, ուստի նա չէր մասնակցում նիստին:

ՍԴ-ում Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը դատարանի ուշադրությունը հրավիրել է Փաշինյանի` դատարանում ներկայության եւ նիստին մասնակցության հարցին: «Դատական նիստին ներկա լինելը Նիկոլ Փաշինյանի սահմանադրական իրավունքն է»,- նշել է Վահե Գրիգորյանը` հավելելով, որ իր վստահորդի հետ մինչ օրս հանդիպելու հնարավորություն չի ունեցել: «Դիմողի դիրքորոշումը շատ հարցերի վերաբերյալ մեզ անհայտ է: Դրա համար խնդրում եմ ապահովել դիմողի ներկայությունը այս դատական նիստին»,- հավելել է նա: Սակայն Սահմանադրական դատարանը խորհրդակցության սենյակում մեկ ժամի չափ քննարկելով՝ որոշել է, որ Սահմանադրական դատարանն իրավազոր չէ կողմերի ներկայությունը նիստին ապահովել եւ այդ պատճառով չի կարող բավարարել միջնորդությունը: Բացի այդ, ըստ ՍԴ-ի` Փաշինյանն իր իրավունքները կարող է իրացնել իր լիազոր ներկայացուցիչների միջոցով: Չնայած այդ ամենին, Սահմանադրական դատարանը որոշել է կասեցնել գործի վարույթը եւ դիմել արդարադատության նախարարին` Ն. Փաշինյանի եւ իր ներկայացուցիչների հանդիպումները ապահովելու խնդրանքով: «Երբ հանդիպումները կկայանան, եւ ներկայացուցիչները կտեղեկացնեն Սահմանադրական դատարանին, որ արդեն պատրաստ են ներկայացնել դիմողի տեսակետները, գործի քննությունը կվերսկսվի: Գործի քննությունը կասեցվում է»,- դատարանի վճիռը հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Իսկ Վերաքննիչ դատարանում երեկ ընթացող դատավարության ժամանակ Նիկոլ Փաշինյանի փաստաբանները միջնորդել են հետաձգել դատական նիստն այնքան ժամանակով, քանի դեռ պարզ չէ ՍԴ որոշումը: Սակայն միջնորդությունը մերժվել է, քանի որ, ըստ դատավորի` ինքը համապատասխան դիմում Սահմանադրական դատարանից չի ստացել: Այնուհետեւ Ն. Փաշինյանը 20 րոպե ընդմիջում է խնդրել դատարանից, որպեսզի տեսակցի իր պաշտպանների հետ: Դատարանը, սակայն, մասամբ է բավարարել նրա միջնորդությունը` հայտարարելով ոչ թե 20, այլ 10 րոպե ընդմիջում: Ընդմիջումից հետո պաշտպանները հանդես են եկել նույն միջնորդությամբ` պահանջելով, որպեսզի Փաշինյանն անհապաղ ազատ արձակվի, որովհետեւ, քանի դեռ ՍԴ-ն որոշում չի ընդունել, Փաշինյանը համարվում է պատգամավորի թեկնածու, եւ միայն ԿԸՀ որոշմամբ կարող է կալանավորվել: Դատարանը, բնականաբար, կրկին մերժել է միջնորդությունը:

Ինչեւէ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր կողմից առաջ քաշված բոլոր փաստարկները, առանց բացառության, վերաբերում են իր դատավճռին ամբողջությամբ: «Այս դատավճռի բոլոր նախադասությունները ես կարդացել եմ շատ ուշադիր եւ փորձել եմ կարդալ օբյեկտիվորեն, ոչ սուբյեկտիվորեն: Ես փորձել եմ հասկանալ դատարանի դիրքորոշումն արդարադատության տեսանկյունից, բայց չեմ հասկացել դրա չհիմնավորվածության պատճառով, իսկ քաղաքական տեսանկյունից հասկացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում դատարանը անկախ չէ, եւ այդ դատարանը վերեւից ստացել է քաղաքական պատվեր` հաշվեհարդար տեսնել քաղաքական հակառակորդների նկատմամբ եւ իրականացնել այդ քաղաքականությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ նշել է, որ ինքը պատրանքներով չի ապրում, բայց անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Վերաքննիչ դատարանը, ինքը «հանուն օրինականության, Սահմանադրության, մեր երեխաների ապագայի եւ հանուն նրա, որ մեր երեխաները ունենան այնպիսի հայրենիք, որտեղ կարող են հավասար լինել բոլորի հետ օրենքի առաջ եւ պաշտպանված լինեն օրենքով հավասարապես, հանուն ժողովրդավարության, խոսքի ազատության, հանուն մարդու իրավունքների» պայքարելու է մինչեւ վերջ, անկախ նրանից` ազատության մե՞ջ կլինի, թե՞ բանտում: