Բանաձեւի հետեւանքները՝ ըստ արտասահմանյան մամուլի

07/03/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւը մեծ աշխուժություն է առաջացրել ոչ միայն Հայաստանի, այլեւ արեւմտյան լրատվական դաշտում։ Սակայն, ի տարբերություն հայկական հեռուստաալիքների անթաքույց ոգեւորության, ամերիկյան ու եվրոպական թերթերը հարցին այլ տեսանկյունից են նայում՝ ինչպե՞ս կազդի այդ բանաձեւը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։

Ամերիկյան թերթերը, անդրադառնալով բանաձեւին եւ Օբամայի վարչակազմի բացասական վերաբերմունքին, հիշեցնում են, որ Բարաք Օբաման նախընտրական շրջանում խոստացել է ճանաչել Ցեղասպանությունը, սակայն՝ հետագայում խուսափելով այդ բառն օգտագործելուց։ Օբամայի վարչակազմը ինքն իրեն հակասում է նաեւ այժմ։ Օրինակ՝ վարչակազմի ներկայացուցիչները եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն՝ ինքը, անթաքույց հպարտությամբ նշում են, որ մեծ լումա են ունեցել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հարցում։ Այսինքն՝ ԱՄՆ-ը հայտարարում է, որ ամեն ինչ արել եւ անելու է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։ Մյուս կողմից, ըստ «Financial Times»-ի, բանաձեւի ընդունման կապակցությամբ Հիլարի Քլինթոնն ասել է. «Չեմ կարծում, որ որեւէ երրորդ երկիր պետք է որոշի, թե երկու երկրները իրենց հարցերն ինչպես են լուծում։ Գտնում ենք, որ Կոնգրեսի գործողությունները նպատակահարմար չեն, եւ դեմ ենք արտահայտվում»։ Քլինթոնը ավելացրել է, որ Ներկայացուցիչների պալատը դժվար թե կողմ արտահայտվի այդ բանաձեւին։

Նշենք, որ շատերն են թերահավատությամբ մոտենում Ներկայացուցիչների պալատում բանաձեւի ընդունման հավանականությանը։ Սակայն օտարերկրյա ԶԼՄ-ներից մի քանիսը ամենեւին էլ դա չեն բացառում։ Օրինակ, բրիտանական «The Guardian»-ը գրում է. «Քվեարկությունից անմիջապես հետո Թուրքիան ետ կանչեց Վաշինգտոնում իր դեսպանին։ Բանաձեւը այժմ կգնա Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստ։ Հաշվի առնելով վճարվող քաղաքականության ազդեցությունը եւ այն, որ նախագահ Օբաման չցանկացավ կամ չկարողացավ հետ պահել Կոնգրեսին այս հարցում, ինչպես անում էին նախագահներ Բուշն ու Քլինթոնը, կարելի է սպասել, որ բանաձեւը կանցնի»։ «The Guardian»-ի մեկնաբանը այնուհետեւ շարունակում է. «Դա զայրույթի ալիք կբարձրացնի Թուրքիայում եւ կարող է թուլացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները, ընդ որում, հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը ձգտում է ուժեղացնել դրանք»։ Ինչպես արդեն նշեցինք, արեւմտյան ԶԼՄ-ներին առաջին հերթին հուզում է ոչ թե արդարության ճանաչումը Կոնգրեսի կողմից, այլ՝ դրա հնարավոր ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։ Նույն «Guardian»-ը հիշեցնում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիան նոր, ավելի ուժեղ դերակատարություն ունի Միջին Արեւելքում եւ դրա սահմաններից դուրս։ «Թուրքիան կարող է այնպիսի գործարքներ իրականացնել, որոնք ԱՄՆ-ի ուժերից վեր են։ Միեւնույն ժամանակ այն արմատապես կապված է արեւմտյան արժեքներին եւ ռազմավարական նպատակներին։ Ոչ մի ուրիշ երկիր չի կարող այդկերպ օգնել ԱՄՆ-ին՝ տարածաշրջանի անապատներում, տափաստաններում ու սարերում իր խնդիրները լուծելու հարցում»։

«The Financial Times»-ը իր հերթին հիշեցնում է, որ Թուրքիան ունի իր մեծությամբ ՆԱՏՕ-ում երկրորդ բանակը, նրա ազդեցությունը Միջին Արեւելքում գնալով մեծանում է, եւ որ այս երկիրը ԱՄՆ-ի համար կարեւոր ռազմավարական տարածաշրջանային գործընկեր է։ «Այն նաեւ կարեւոր շուկա է ԱՄՆ ավիաարդյունաբերության համար»,- նշում է թերթը։

BUSINESS WEEK-ը մեջբերել է Վաշինգտոնի Ռազմավարական եւ Միջազգային հետազոտությունների կենտրոնի թուրքական պրոյեկտի տնօրեն Բուլենթ Ալիրիզայի խոսքերը։ «Սա շատ լուրջ է»,- ասել է փորձագետը՝ նկատի ունենալով պոտենցիալ դիվանագիտական վնասը, որ կարող է հասցնել բանաձեւի ընդունումը։

«Los Angeles Times»-ը հիշեցնում է, որ նման նախաձեռնություն եղել է նաեւ 2007-ին, որը սկզբնական շրջանում մեծ թվով աջակիցներ ուներ։ «Սակայն քվեարկության մոտենալուն զուգահեռ՝ աջակցությունը թուլացավ։ Ջորջ Բուշի վարչակազմը եւ Թուրքիան զգուշացրին, որ բանաձեւի ընդունումը կարող է հանգեցնել Թուրքիայում ամերիկյան ռազմաօդային բազաների փակմանը»։ Թերթը նշում է, որ Հ. Քլինթոնը զգուշացրել է նաեւ, որ բանաձեւի ընդունումը կարող է բացասաբար ազդել հենց հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վրա, սակայն հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին դա ետ չի պահել։ «Բերմանն ասաց, որ Միացյալ նահանգները՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության առաջատար, «բարոյական պարտավորություն» ունի ընդունել բանաձեւը»,- գրում է LAT-ը՝ մեջբերելով Բերմանի խոսքերը. «Ես վստահ եմ, որ Թուրքիան արժեւորում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ինչպես մենք ենք արժեւորում Թուրքիայի հետ մեր կապերը»։

«The Wall Street Journal»-ը մի փոքրիկ հրապարակում է տեղադրել իր կայքում՝ հեգնական վերնագրով «Բայց ո՞ւմ են պետք դաշնակիցները» (But Who Needs Alliesգ)։ Թերթի կարծիքով, Կոնգրեսը «թունավորում է» թուրք-ամերիկյան հարաբերությունները։ «The Wall Street»-ը հիշեցնում է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ այն քիչ թվով երկրներից է, որ մեծացնում է իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում եւ պատասխանատվություն է ստանձնել Քաբուլում անվտանգության համար։ Բացի այդ, Թուրքիան մեծ ազդեցություն ունի իրաքյան զարգացումների վրա։ Այսպիսի կարեւոր երկրի հետ, ըստ թերթի, կարող է մեծ դիվանագիտական խնդիր առաջանալ՝ բանաձեւի պատճառով։ Սակայն Հովարդ Բերմանը դա մեծ խնդիր չի համարում։ Մի պահ կարող է թվալ, որ Բերմանը հանուն Հայաստանի եւ հանուն արդարության զոհաբերում է ԱՄՆ պետական շահերը։ Համենայնդեպս, դատելով ոչ միայն արտասահմանյան մամուլի, այլ հայաստանյան հեռուստատեսային լրատվականների թողարկումներից՝ ոչ միայն Բերմանը, այլեւ բանաձեւին կողմ քվեարկած բոլոր 23 կոնգրեսականները Հայաստանն ավելի շատ են սիրում, քան իրենց երկիրը։ Սակայն դա այնքան էլ այնպես չէ։ Նույն «Wall Street Journal»-ը, օրինակ, գրում է. «Պրն Բերմանը, ով շատ հաճախ զգացմունքային է լինում, խորհուրդ է տալիս Թուրքիային՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չփչացնել ոչինչ չպարտավորեցնող բանաձեւի պատճառով»։

Ոչինչ չպարտավորեցնող բանաձեւ։ Հետաքրքիրն այն է, որ թուրքերին խորհուրդ են տալիս շատ չսրտնեղել «ոչինչ չպարտավորեցնող բանաձեւից», իսկ մերոնց խորհուրդ տվող չկա, որ դրանով շատ չոգեւորվեն։ Ինչպես գրել է «The Guardian»-ը, քվեարկությունը պարզապես էմոցիաների տրիումֆ էր, էթնիկ լոբբիի հաղթական եւ հերթական օրինակը, թե ԱՄՆ-ը ինչպես է ցանկանում համաշխարհային բարոյականության դատավորի դեր խաղալ։ Մի խոսքով, բոլորը հասկանում են, որ դերեր են խաղացվում, եւ միայն մենք ենք այդ ամենը լուրջ ընդունում եւ մի բան էլ՝ շնորհակալություն հայտնում։