Տարիներ շարունակ հանրապետությունում հակադաբաղային պատվաստանյութի ձեռքբերումն իրականացրել է միայն մեկ ընկերություն` «Բիո ունիվերսալը», սակայն պարզվում է, որ այդ փաստի մասին վարչապետը մի քանի օր առաջ է միայն տեղեկացել:
Ամեն հինգշաբթի կառավարությունում գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ ընթանում է նիստ, որտեղ, սովորաբար, քննարկվում են տարբեր ոլորտներին առնչվող նոր հայեցակարգեր, փոփոխություններ են կատարվում նախկինում ընդունված որոշումներում, կառավարության պահուստային ֆոնդերից հատկացումներ են արվում եւ այլն: Սակայն, վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է նիստերը չոր ու ցամաք չանցկացնել, այլ նախքան նիստի մասնակիցների համար զուտ պարտականության վերածված օրակարգի հարցերի քննարկումը սկսելը, բարոյախրատական ճառ կարդալ ու իբրեւ կառավարության հետեւողական աշխատանքի ապացույց` հրապարակավ դիտողություն անել այս կամ այն պաշտոնյային` գործի մեջ թերանալու համար: Փետրվարի 25-ի նիստում այդ «պատվին» արժանացավ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ջոնիկ Մարգարյանը, որին վարչապետը մեղադրելով աշխատանքը ոչ պատշաճ կազմակերպելու, նախարարի հանձնարարականները չկատարելու մեջ, ասաց, որ կանցկացվի ծառայողական քննություն եւ կհարուցվի վարույթ` վերջինիս աշխատանքից ազատելու համար:
Մարտի 4-ի նիստում էլ ողջույնի խոսքից անմիջապես հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը բավական խիստ տոնով ու դեմքի ազդեցիկ արտահայտությամբ բարոյախրատական ճառ կարդաց՝ ուղղված Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին: «2008-2009թթ. գնումների վերաբերյալ Վերահսկիչ պալատն իրականացրել էր ուսումնասիրություններ եւ բացահայտել լուրջ բացթողումներ, թերություններ, խախտումներ, որոնք մենք պետք է շտկեինք, եւ այդ հարցերը պետք է գտնվեին նախարարի անմիջական հսկողության տակ: Վերահսկիչ պալատը մեր ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ ձեռք են բերվում հակադաբաղային պատվաստանյութեր, որոնք գրեթե 2 անգամ գերազանցում են բացթողնման գները: Բնականաբար, 2010-ին մենք պետք է բացառեինք այսպիսի իրողությունը, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավիճակը ոչ միայն չի շտկվել, այլ` ավելի է վատացել»,- ասել է վարչապետը: Նա նաեւ նշել է, որ իր վերահսկողական ծառայությունը, ստանալով Վերահսկիչ պալատի նախագահի ահազանգը, կատարել է մանրակրկիտ ուսումնասիրություն եւ պարզել, որ Գյուղնախարարության Ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը եւ Գեւորգ Թովմասյանը, որը 2010թ. պատասխանատու էր գնումները պատշաճ կազմակերպելու համար, չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի իրավիճակը շտկվի: Ավելին` մրցույթը կազմակերպվել է այն դեպքում, երբ ի սկզբանե հայտնի է, որ Հայաստանում կա միայն մեկ ընկերություն, որը կարող է հաղթել այդ մրցույթում: Ըստ Տ. Սարգսյանի` բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ գները կարելի է նվազեցնել առնվազն 50 տոկոսով: Արդյունքում Գյուղատնտեսության նախարարության 2 աշխատակիցներին աշխատանքից ազատելու համար կսկսվի ծառայողական քննություն, իսկ նախարարը ստացել է խիստ նկատողություն` ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
Այն, որ վարչապետը սկսել է ուշադրություն դարձնել Վերահսկիչ պալատի (ՎՊ) ուսումնասիրություններին, անշուշտ դրական է: Զարմանալին, սակայն, այն է, որ, չնայած մինչ այս էլ գրեթե բոլոր նախարարություններում շատ ավելի ծանրակշիռ ու խայտառակ խախտումներ են հայտնաբերել, սակայն, այդ մասին ոչ միայն չի բարձրաձայնվել, այլեւ գումարների յուրացման համար մեղադրվող պաշտոնյաները հանգիստ շարունակել են իրենց գործը:
Մասնավորապես, վարչապետը ՀՀ արդարադատության նախարարին հրապարակավ ոչ մի բառ չասաց այն ժամանակ, երբ ՎՊ-ն հայտարարեց, որ քրեակատարողական հիմնարկներում` խնայելով դատապարտյալների սննդի համար նախատեսվող գումարները, համակարգի աշխատակիցներին պարգեւատրումներ են տրվել: Դիտողություն չստացավ նաեւ ՀՀ մշակույթի նախարարը իր ղեկավարած կառույցում բացահայտված տասնյակ խախտումների, ավելի ստույգ` գումարի չարաշահման դեպքերի հետ կապված: Օրինակ, պարզվեց, որ արվեստասեր հասարակությանը գոհացնելու համար պետբյուջեից այդ նախարարությանն է տրամադրվել 16 միլիոն դրամ` «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրման համար, բայց մինչ օրս ոչ օպերան կա, ոչ էլ` 16 միլիոնը: 190 միլիոն դրամի խախտում հայտնաբերվեց Քաղաքաշինության նախարարությունում, իսկ ամենամեծ խախտումը` մոտ 1 միլիարդ 90 միլիոն դրամի չափով, հայտաբերվեց Առողջապահության նախարարությունում:
Ինչ վերաբերում է Գյուղատնտեսության նախարարությանը, ապա, զարմանալին այն է, որ վարչապետը միայն 2 օր առաջ է իմացել, որ հակադաբաղային պատվաստանյութի ձեռքբերման մրցույթին մասնակցում է միայն մեկ ընկերություն: Սկսած 2007-ից` դրան հաջորդող բոլոր տարիներին, մրցույթներին մասնակցել ու հաղթել է միայն մեկ ընկերություն` «Բիո ունիվերսալը», ինչի հետեւանքով էլ 3 տարի շարունակ այս ընկերությունը, շուկայում մրցակից չունենալով, թելադրել է իր ուզած գինը:
Երեկ մեզ հետ զրույցում Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ասաց, որ վարչապետի դիտողությունը շատ անսպասելի է եղել իր համար, քանի որ մրցույթները կազմակերպվել են Պետական գնումների գործակալության կողմից, իսկ մրցույթի հետ կապված մանրամասները դեռեւս մրցույթից առաջ են ներկայացվել վարչապետին: Գ. Ալավերդյանն ասաց նաեւ, որ ինքն առաջինն է կառավարությանը տեղյակ պահել, որ պատվաստանյութի ձեռքբերման ցանկություն է հայտնել ընդամենը 1 ընկերություն, եւ գինը բավական բարձր է: Մեր հարցին` գուցե խնդիրը կապված է ոչ թե նախարարի աշխատանքային գործունեության, այլ անձնական կամ կուսակցական խնդիրների հետ (Գ. Ալավերդյանը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է), նա պատասխանեց, որ ինքը վարչապետի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է, որեւէ խնդիր չունի, անգամ հինգշաբթի, նիստից անմիջապես հետո եղել է նրա մոտ ու ոլորտին առնչվող հարցեր քննարկել:
Գ. ՍԱՀԱԿՅԱՆ