Այս դեպքերը տեղի են ունեցել անհիշելի ժամանակներում, մի խիստ հարավային երկրում: Կարճ ասած` Աֆրիկայում: Այն ժամանակներում, երբ ճագարները` վիշապներին հանդիպելիս, հիպնոսից քարանում էին, իսկ վիշապները հիպնոսացած ճագարներին կուլ էին տալիս այնպես, որ վիշապի որովայնում «մշակվելիս»` ճագարը դեռ ողջ էր մնում:
Այսօր՝ մարտի 6-ին, աբխազ հրաշալի գրող Ֆազիլ Իսկանդերի ծննդյան 81-ամյակն է: Եվ սա լավ առիթ է՝ անդրադառնալու նրա գործերից հատկապես մեկին` «Ճագարներն ու վիշապները» փիլիսոփայական հեքիաթին: Այստեղ շոշափվում են հավերժական խնդիրներ` անհատի դերը, դավաճանության բնությունը, տգետ, բայց ուժեղ մեկին անմռունչ ենթարկվելը, առանց դիմադրելու` կուլ գնալը եւ առանց մտածելու` կուլ տալը: Մի խոսքով, առաջարկում եմ անպատճառ ընթերցել: Այսպես. վաղ ժամանակներում ճագարները վիշապներին տեսնելիս` քարանում էին հիպնոսից: Վիշապները նրանց չէին խեղդում, այլ կուլ էին տալիս այնպես, որ վիշապի մեջ մշակվելիս` ճագարը դեռ ողջ էր մնում: Եվ, ի վերջո, վիշապի որովայնում մշակվող ճագարը, համաձայն տրամաբանության, նույնանում էր վիշապին. նա այլեւս վիշապ էր: Արեւոտ մի օր, երբ Շեղաչք անունով հայտնի տարեց վիշապը եւ դեռ երիտասարդ, հետեւաբար՝ մականուն չունեցող վիշապը հանգիստ մարսում էին կուլ տված ճագարներին, երիտասարդը հետաքրքրվում է, թե ինչո՞ւ ճագարներն, իրենց տեսնելիս, չեն փախչում, չէ՞ որ նրանք այնքան արագավազ են եւ կենսունակ, որ հաճախ շարժվում են անգամ իրենց որովայնում: «Որովայնում կարելի է»,- նկատում է Շեղաչքը: «Բայց մի՞թե ճագարները չեն փորձել ընդվզել այդ` իրենց համար ոչ հաճելի սովորույթի` հիպնոսի դեմ»,- հետաքրքրվում է երիտասարդ վիշապը: Պարզվում է` նման մի դեպք եղել է. մի անգամ Շեղաչքի կուլ տված ճագարներից մեկը մշակվելու ճանապարհին կանգնում է վիշապի որովայնում եւ հրաժարվում առաջ շարժվել: Այս ճագարը հանդգնել էր անգամ Շեղաչքի որովայնից վիշապների թագավորին` Մեծ Օձին, «սրիկա» անվանել: Իսկ ճագարների թագավորը նստած էր Թագավորական ջրափոսում: Նրա գլխին ծածանվում էր ծաղկակաղամբի պատկերով դրոշը: Ծաղկակաղամբ որեւէ ճագար իր օրում չէր տեսել, սակայն թագավորը միշտ նշում էր, որ ծաղկակաղամբ ստանալու գիտնականների փորձին ինքն անձամբ հետեւում է եւ նպաստում: Ու, ահա, շատ շուտով, տեսանելի ապագայում, բոլոր ճագարներն այն ուտելու հնարավորություն կունենան: Եվ այդ երջանիկ օրվա սպասումով էլ ճագարներն արածում էին արոտներում, այլ կերպ ասած` Բնիկների դաշտերից ոլոռ եւ կաղամբ էին գողանում: Թագավորին շրջապատում էին Սեղանին մոտենալու թույլտվություն ունեցողները: Քիչ ներքեւում` Սեղանին մոտենալու թույլտվություն ունենալուն ձգտողները: Արդեն ջրափոսի մոտ տեղ էին զբաղեցնում շարքային ճագարները: Նրանց մեջ էր նաեւ Մտորողը: Ով էլ իր ցեղակիցներին ներկայացրեց իր երկարամյա ուսումնասիրությունների արդյունքը` չկա ոչ մի հիպնոս. «Մեր վախն է նրանց հիպնոսը: Նրանց հիպնոսը մեր վախն է»: Սակայն թագավորն առարկություն ուներ. «Ենթադրենք` Մտորողն իրավացի է, ինչը ոչ մի կերպ ապացուցված չէ: (…): Հետո՞: Եթե ճագարների նկատմամբ այդ սարսափելի անարդարությունը վերանա, ուրեմն ճագարներն էլ պիտի վերջ տան իրենց համար հաճելի անարդարությանը` Բնիկների բանջարանոցներից գողություն կատարելուն»: Այս մտքին որեւէ ճագար երբեք չէր համաձայնի: Խուսափելու համար պալատական հեղաշրջումից` թագավորը պալատական պոետին առաջարկում է գրել ոտանավոր, որը վիշապներին կմատներ` որտեղ է գտնվում Մտորողը: Պոետը դժկամությամբ գրում է` զգալով, որ ստորություն է անում, սակայն քանի որ որոշել էր հետո, դե՜, գուցե շատ հետո, գրել «Փոթորիկ հիասթափության» պոեմը եւ մերկացնել թագավորի իրական կերպարը, սփոփվում է եւ գրում ոտանավորը: Այն վիշապների մոտ կարդալու արտոնությունը տրվում է թագուհու ֆավորիտ ճագարին` Հնարամիտ մականունով: Մտորողն իր աշակերտի հետ նստած` մտորում էր. «Ճագարների գիտակցությունը խեղված է վիշապների մեծ սրիկայություններով: Այդ մեծ սրիկայություններին ճագարները հարմարեցրել են իրենց փոքրիկ սրիկայությունները»: Նրա կարծիքով` առաջնորդը, հանուն ճշմարտության` ժողովրդին խաբելով, արդեն դավաճանում է ճշմարտությանը, պատվազրկում այն: Եվ որքանով նա պատվազրկում է ճշմարտությունը, այդքանով էլ ինքը չի հարգում այն: Ճշմարտությունը սկսում է նրան նյարդայնացնել: «Եթե ճագարը գիտակցի իր անկումը, ապագան կորած չէ: Պարտությունը վրա է հասնում այն ժամանակ, երբ իր անկումը նա սկսում է արդարացնել իր բնությամբ կամ ջունգլիի օրենքով: «Մի՛ շահագործիր «հաղթանակ» բառը: Ավելի տեղին է «հաղթահարումը»: «Հաղթանակ» բառում ես լսում եմ հիմարների ցնծացող դոփյունները»: Իսկ Հնարամիտի երգը լսած` մեզ ծանոթ երիտասարդ վիշապն արդեն մոտենում էր: Իրեն հանդիպած Խլուրդից նա ցանկանում է ճշտել` ո՞րն է դեպի Մտորողը տանող կարճ ճանապարհը: Խլուրդը նրան մատնացույց է անում ամենաերկար ճանապարհը: Հոգնած վիշապը տարակուսում է` ախր, վիշապները խլուրդ չեն ուտում, ինչո՞ւ այդ խլուրդն իրեն խաբեց: Եվ երբ հասնում է Մտորողին, որոշում է նրանից էլ ճշտել: «Խլուրդն իմաստուն է,- ասում է Մտորողը,- սակայն, եթե իմաստությունն անզոր է բարիք գործել, նա անում է միակ հնարավորը` երկարացնում է չարի ճանապարհը»: Վիշապը Մտորողին հայտնում է, որ իրեն դավաճանել են, եւ որ ինքն, այդուհանդերձ, Մտորողին կուլ տալ չի պատրաստվում: Մտորողն անչափ տրտմում է, սակայն, այնուամենայնիվ, որոշում է զոհաբերել իրեն եւ կուլ գնալ վիշապին: «Ուսուցի՛չ, բայց քո մահը հեռացում է պայքարից: Դու թողնում ես մեր գործը»: «Ես սիրում էի եղբայր ճագարներին: Եվ արեցի այն, ինչ իմ ուժերը թույլ տվեցին: Բայց ես հոգնել եմ: Ինձ կոտրեց դավաճանությունը: Ես ճանաչել եմ ճագարների թուլությունները, ճանաչել եմ թագավորի խորամանկությունները, բայց երբեք չեմ մտածել, որ այդ բուսակերը կարող է թափել իր իսկ ճագարների արյունը: Ես այնքան ժամանակ հատկացրեցի թշնամու ուսումնասիրությանը, որ աչքաթող արեցի մերոնց: Հիմա ես ինձ համար եմ վախենում, վախենում եմ, որ հոգիս կիջնի դեպի մեծ անտարբերություն: Այդպիսին ինձ ճագարները չպետք է տեսնեն»:
Այսպիսով` Մտորողը ընտրում է զոհաբերվելու ազատությունը: Իսկանդերը` որպես քրիստոնյա գրող, հաստատում է աստվածաշնչյան այն ճշմարտությունը, որ ճշմարտության ինդիվիդուալ ձգտումը հավերժ է: Եվ այդ ձգտման իմաստը հենց սեփական անձի զոհաբերությունն է:
Մտորողի մահը, հասկանալի է, եղբայր ճագարները ծանր տարան: Նրա կենդանության օրոք նրանք իրենց հանգիստ էին զգում, որ իրենց շարքերում կա մեկը, ով գիտի ճշմարիտ ճանապարհը: Սակայն նրանք նաեւ թեթեւություն էին զգում, որ Բնիկների դաշտերից գողություն անելու հնարավորությունից իրենց ոչ մեկը բարոյականությանը հղում անելով` ետ պահել չի փորձի: Եվ որքան ուժեղ էր նրանց գաղտնի թեթեւացումը, այնքան ավելի էին բորբոքվում Մտորողի չտեսնված դավաճանության փաստով: Այս տեսարանը այնքան նման էր երեկ՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ պաշտոնյաների ելույթներին, ափսոսանքի խոսքերին: Հետաքրքիր է, կցանկանայի՞ն նրանք, որ ինչ-որ հրաշքով սպարապետը կենդանանար` բոլոր հնարավոր հետեւանքներով: Թույլ տվեք ասել` ո՛չ, չէին ցանկանա: Ճիշտ, ինչպես այս ճագարները: Ինչ վերաբերում է Հնարամիտին, Մտորողին դավաճանելուց հետո նա ամեն անակնկալ ընկալում էր որպես հատուցման սկիզբ: Եվ հետո, նա իրեն խաբված էր զգում. շարքային ճագարների մոտ թագավորը Հնարամիտին համարեց իմաստուն Մտորողի մահվան պատճառ եւ նրան արտաքսեց անապատ: Ի՞նչը կարող է դավաճանի համար լինել առավել նվաստացուցիչ, քան գիտակցությունը, որ քո դավաճանությունից լիարժեք չեն օգտվել: Իսկ հիպնոսի ժխտման դարաշրջանում ջունգլիում քաոս էր: Վիշապները քաղցից կոտորվում էին: Ճագարները դառնում են անարխիկ, ոմանք այնքա՜ն թույլ էին տրվում հիպնոսին, ոմանք` առհասարակ չէին տրվում: Սակայն ճագարների թագավորությունը չկործանվեց` շնորհիվ այն երիտասարդ վիշապի, ով կուլ էր տվել Մտորողին, եւ ում եւս արտաքսել էին անապատ: Ի դեպ, այնտեղ էլ, զրկանքներով լի կյանքը նրան շնորհեց Վիշապ Անապատական մականունը: Անապատում էլ, քաղցից գալարվելով, Անապատականը հանդիպում է Հնարամիտին: Իր նմանին դավաճանած ճագարի հանդեպ ատելությունից` վիշապը գտնում է նրան կուլ տալու այլ եղանակ` փաթաթվում է եւ խեղդամահ անում: Ճագարներ որսալու նոր հայտնագործությունից հետո Անապատականը որոշում է, որ ինքը պետք է դառնա վիշապների առաջնորդը: Իր հայտնագործության մասին Մեծ օձին պատմելուց հետո` ձեռք է բերում նրա վստահությունը, իսկ որոշ ժամանակ անց էլ հայտարարում, որ Մեծ Օձը մահացել է` որպես հաջորդ կարգելով հենց իրեն: Ճագարների թագավորը` հանգիստ, որ վիշապները գտել են իր ցեղակից ճագարներին խելքի բերելու, այսինքն` ուտելու նոր եղանակ, որպես վիշապների դեմ պայքարի միակ միջոց՝ ժողովում ճագարներին առաջարկում է անտրտունջ բազմանալ:
Հետաքրքիրն այն է, որ թե՛ ճագարները, թե՛ վիշապները ափսոսանքով ու կարոտով են հիշում հին ժամանակները: Ճագարներն իդեալականացնում էին հիպնոսի դարաշրջանը, քանի որ այդպես նրանք մեռնում էին` առանց ցավ զգալու եւ դիմադրելու: Վիշապները` որ այդ շրջանում ճագարներին որսալն անհամեմատ հեշտ էր: «Ապրո՜ւմ էինք»,- երազկոտ հոգոց էին հանում նրանք: «Կարգուկանոն կար,- եզրակացնում էր տարեց վիշապն ու ավելացնում,- հիպնոսի ժամանակ…»:
Իր վերջին հարցազրույցներից մեկում Ֆազիլ Իսկանդերը, անդրադառնալով իր այս ստեղծագործությանը, նկատեց, որ այժմ էլ նույն հարաբերակցությունն է` ճագարներ եւ վիշապներ: Պարզապես` ճագարները համեմատաբար խելոքացել են, վիշապները` մեղմացել: Համեմատաբա՛ր: