Մարտի 4-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս` ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել Երեւան-Մոսկվա չվերթի օտարերկրյա երկու քաղաքացու: Նրանցից մեկի անձնական զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է պոլիէթիլենով փաթեթավորված 11.8 գրամ «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց։ Բացի այդ, նույն երիտասարդը` կուլ տալու միջոցով, մաքսանենգ ճանապարհով ՀՀ է տեղափոխել 70 հատ` յուրաքանչյուրը 7-10 գրամ կշռով նմանապիպ փաթեթներ, իսկ նրա ընկերը` նույն եղանակով` նույնպիսի 45 փաթեթ: Երեւանի Կիլիկիա թաղամասում օտարերկրյա քաղաքացիների վարձակալած տան խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 400 գրամ ընդհանուր կշռով նույն թմրամիջոցի 55 փաթեթ եւս: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում նրանց որովայնից ներկայումս հանվել եւ առգրավվել է 620 գրամ ընդհանուր կշռով` 88 փաթեթ: Երեկվա դրությամբ առգրավված «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի ընդհանուր կշիռը մոտ մեկ կիլոգրամ 31 գրամ է: Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: