ՀՀ Պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Որոշ լրատվամիջոցներ, չարաշահելով իրենց ընթերցողների վստահությունը, շարունակում են խեղաթյուրված, իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել` վկայակոչելով իբր «լավատեղյակ», «խիստ իրազեկ» աղբյուրներ: Տպագրելով երբեմն զավեշտի հասնող լուրեր, մասնավորապես, թե «Հայաստանի տարածքով ռազմական կործանիչներ են թռել», «հանրապետությունում հայտարարված է մարտական պատրաստություն», «կոնկրետ առաջադրանքներ են տրվել պատերազմի վերսկսման հավանականության համատեքստում» եւ այլն, միտումնավոր շիկացնում են մթնոլորտը, տագնապի մեջ գցում բնակչությանը եւ առատորեն «սնում» ադրբեջանական քարոզչամեքենան: Մարտի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով եւ հերքելով միանգամայն անհիմն եւ անպատասխանատու այդ հայտարարությունները, ըստ որոնց՝ իբր սահմաններում իրավիճակը բավականին լարված է, նշել է, որ Հայոց բանակի զինվորն ամուր է պահում մեր հայրենիքի սահմանները. «Փառք Աստծո, հետպատերազմյան տարիներին հակամարտության գոտում, առանց որեւէ երրորդ ուժի միջամտության` համեմատելով ուժերի հավասարակշռությունը, քանակական տվյալները, մարտական ոգու, մեր ստորաբաժանումների բարոյահոգեբանական բարձր մակարդակի շնորհիվ կարողանում ենք ապահովել մեր Զինված ուժերի գերազանցությունը հարեւան երկրի Զինված ուժերի նկատմամբ: Եվ պատրաստ ենք ցանկացած ոտնձգության արժանապատիվ ձեւով արձագանք տալու»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը` կոչ անելով ԶԼՄ-ներին «սթափ հայացքով նայել իրավիճակին, հորինված ու չճշտված տեղեկություններ տարածելով անհարկի լարվածություն չառաջացնել բնակչության շրջանում եւ ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել Հայոց բանակին, պետության պաշտպանությանն ու ազգային անվտանգությանն առնչվող հարցերին»: