Մհեր Թովմասյանի (Մոխ) բնակարանում յուրօրինակ զգացում ես ունենում. ամեն վայրկյան սպասում ես, թե պահարանի վրա դասավորված նավերն ինչպես են դուրս գալու խցանված շշերից: Այստեղ կարելի է հանդիպել պատմական նավերի փոքրիկ մոդելների, որոնք անհավանական ձեւով հայտնվել են վիսկիի, օղու եւ սպիտակ ապակիներով զանազան շշերի մեջ: Ու նույնիսկ մի պահ թվում է, թե տան` սպիտակամազ, կապույտ աչքերով Վանա կատուն, հնարավոր մակընթացությունից վախենալով է թաքնվել խոհանոցի անկյունում:
Իր պատրաստած նավերի մասին «նավապետ» Մհեր Թովմասյանը պատմում է ծնողական հոգատարությամբ` վերհիշելով իր պատրաստած 1000-ից ավելի նավերի նմուշները, որոնցից մի քանիսի հաջող «նավարկության» մասին վկայում են պահարանի անկյունում դրված մրցանակները: Ի դեպ, 2004թ. Անգլիայի Լա Մանշի մերձակայքում գտնվող Պորտսմուտ քաղաքում կայացած «Նավերը շշերում» խորագրով կազմակերպված մրցույթում Մհեր Թովմասյանի` 1456թ. անգլիական Մետյու (Մատվեյ) պատմական նավը եւ ամերիկյան բրիգն արժանացան մրցանակների: «Այդ ժամանակ ես ստացա 1-ին եւ
2-րդ կարգի մրցանակները: Մինչ այդ 2000թ. ես առաջին անգամ հրավեր ստացա անգլիական մի այլ քաղաքից` Հարթլուփուլից, որտեղ ներկայացրեցի 12 նավեր: Հետաքրքիրն այն էր, որ իմ տարած նավերը համապատասխանում էին մրցույթի բոլոր նոմինացիաներին, բայց քանի որ յուրաքանչյուր նոմինացիայի համար պետք է վճարեի որոշակի գումար, ես նախընտրեցի ստանալ միայն «Լավագույն հավաքածու» նոմինացիան»,- ասում է Մհեր Թովմասյանը: Ցանկացած նավ պատրաստելուց առաջ նա պարտադիր ուսումնասիրում է տվյալ նավի պատմությունը, սխեման: «Ես սովորաբար գունավոր չեմ ներկում նավերը, որովհետեւ տպավորություն կստեղծվի, թե դրանք նոր են, այնինչ իմ պատրաստած նավերը հիմնականում պատմական են, ու ջուրն արդեն թափել է դրանց գույները: Անգլիայում մրցույթի ժամանակ նկատեցի, որ ներկայացված պետությունները հիմնականում ներկել էին իրենց նավերը, դրանք մի տեսակ խաղալիքի տպավորություն էին թողնում: Ի դեպ, ուշագրավ էր, որ նույնն էլ նկատեց ժյուրին` խրախուսելով նավերի պատրաստման իմ մոտեցումները»,- նշում է զրուցակիցս: Նավերի պատրաստման բնափայտի ընտրության հարցում նա անդավաճան է: Նավի դետալների համար ընտրում է տանձենի, իսկ հիմքի համար` սոճենի: «Նավերը հիմնականում պատրաստում եմ գիշերները: Այնքան բարդ ու լարված աշխատանք է… Աշխատում եմ բժշկական գործիքներով, որոնք շատ թանկ են: Բավական է կողքից մի շշուկ լինի, որ ամբողջ նավս փչանա: Իսկ ամենակարեւորը՝ նավ պատրաստելիս պիտի լավ տրամադրություն ունենաս, եթե` ոչ, հաստատ չի ստացվի»,- ասում է Մհեր Թովմասյանը` վերհիշելով Խորհրդային Միության ժամանակների Երեւանն ու տրամվայների մեծ աղմուկը: «Էն ժամանակ տրամվայներն էնքան շատ էին խանգարում ինձ: Հենց ուզում էի նավի մի դետալը դնել, մեկ էլ տրամվայի ձայնն էր լսվում… Ու վերջ… չէր ստացվում»,- մի տեսակ կարոտով ասում է մասնագիտությամբ բիոֆիզիկոս զրուցակիցս` անդրադառնալով բոլորին հետաքրքրող այն հարցին, թե, ի վերջո, ինչպես է նրան հաջողվում նավերը տեղավորել շշերի մեջ: «Նրանց թվում է, թե այստեղ ինչ-որ գաղտնիք կա: Մինչդեռ իրականում ես այն պատրաստում եմ, հետո քանդում ու տեղավորում շշերի մեջ: Ու հենց շշերի մեջ էլ սկսում եմ աշխատել»,- պատասխանում է հայաստանցիներին հանրահայտ Մոխը: «Կեղծանունս երկար պատմություն ունի: Դեռեւս դպրոցական տարիներին էին ինձ Մոխ ասում: Էն ժամանակ ես ինչ-որ բան նկարելիս` մոխ էի նկարում: Իսկ մոխը ռուսերենից թարգմանաբար նշանակում է՝ քարաքոս: Ես միշտ ասում էի` մոխն է եղել աշխարհի սկիզբը»,- ծիծաղելով պատմում է Մհեր Թովմասյանը, ում անվամբ էլ մինչ օրս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Յախտա» ակումբը հայտնի է իբրեւ «մոխանոց»: Իսկ «մոխանոցը» հիմնվել է դեռեւս 1970-ական թթ.։ Մհեր Թովմասյանն այդ ժամանակ էլ Հայաստանում հիմք դրեց առագաստանավային սպորտաձեւին: Ավելին` նրա օտարերկրյա մարզիկները ԽՍՀՄ-ում անցկացված առագաստանավային սպորտաձեւի մրցույթներում գրավում էին առաջին տեղերը: «Այդ մարզիկներն ազգությամբ հայ չէին, բայց ներկայացնում էին Հայաստանը»,- նկատում է Առագաստանավային սպորտաձեւի ակումբի նախագահ, Վիցերսերֆինգի ուսուցման կենտրոնի տնօրեն Մհեր Թովմասյանը: Ի դեպ, ըստ նրա, վիցերսերֆինգի նկատմամբ հետաքրքրությունն օրեցօր աճում է: Նրա հավաստմամբ` այսօր տարօրինակ չէ նաեւ այն, որ այդ սպորտաձեւով հետաքրքրվում են անգամ մանուկները, որոնք, արդեն 3 ամառ է, հաճախում են վիցերսերֆինգի ուսումնական կենտրոն: «Մենք փորձում ենք ընդգրկել նաեւ մանկատան երեխաներին»,- նշում է նա` ցույց տալով նաեւ մանկատան երեխաներից ստացած նամակները: «Շատերն այսօր զարմանում են, որ Հայաստանում առագաստանավային սպորտաձեւը մեծ հեռանկարներ ունի: Բայց դա ամենեւին էլ զարմանալի չէ: Ավելին` մեր Սեւանն ամենահարմարն է առագաստանավային սպորտաձեւի համար, քանի որ ջուրը քաղցր է: Մինչդեռ ծովերի աղային բարձր հատկություններ ունեցող ջուրը կպչում է ամբողջ մարմնիդ ու դժվարացնում մարզումը»,- վստահեցնում է Մ. Թովմասյանը, ում Ռուսաստանում շատ հաճախ շփոթում են ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի հետ: Մոխն էլ, նման դեպքերում, ստիպված է լինում Նիկիտա Միխալկովի անվամբ ստորագրություններ բաժանել: «Նախկինում ավելի շատ էինք նման, իսկ հիմա` էդքան էլ չէ»,- ժպտալով հավելում է նա: Սենյակի մի անկյունում անկարելի է չնկատել կիթառը, հնչյունային սարքը եւ միկրոֆոնը: Մ. Թովմասյանը շուրջ 50 երգերի հեղինակ է: Նույնիսկ մասնակցել էր Հայաստանի օրհներգի մրցույթին: Ի դեպ, նրա գրած երգը դարձել է առագաստանավային սպորտաձեւի հիմնը: Առաջիկայում նա պատրաստվում է ձայնասկավառակ թողարկել, որից 6 երգերն արդեն ձայնագրել է: Երգահանը նաեւ մեծ դժգոհությամբ նկատում է, թե հաճախ ինչպես են որոշակի հայտնիություն ունեցող մարդիկ, լսելով իր երգերը, գողանում դրանք` անմիջապես նույն մոտիվներով երգեր գրելով: Միայն թե հույս ունի, որ ձայնասկավառակը թողարկելուց հետո իր հեղինակային իրավունքները լիովին պաշտպանված կլինեն: «Գիտե՞ս, ամենակարեւորն ինչն է: Երբ մարդ մի բան է անում, պետք է որակով անի»,- նշում է նա` հիշելով նաեւ տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպք, երբ որդու (տղան օպերային երգիչ է) ուսուցչի` Տիգրան Լեւոնյանի տարեդարձի կապակցությամբ շշի մեջ պատրաստեց «Օթելլոյից» մի տեսարան: «Պատկերացնում եք` Օթելլոյին ու Դեզդեմոնային՝ շշի մեջ: Ես ինքս էլ չէի սպասում այդ արդյունքին: Բայց, իսկապես, շատ հետաքրքիր էր: Նույնիսկ լույսեր էի դրել շշի ներսում, որ բեմի լուսարձակների տպավորություն թողնեին: Միայն թե հիմա հետաքրքիր է` արդյոք պահպանվե՞լ է դա: Կուզեի տեսնել, որովհետեւ կարծում եմ` լույսերն արդեն մարել են: Իսկ լույսերը միայն ես կարող եմ փոխել»,- վերհիշում է զրուցակիցս, ով իր բազմակողմանի հմտություններով, հետաքրքրություններով, մասնագիտություններով հանդերձ` պարզապես լավ մարդ է: Եվ դա, թերեւս, ամենակարեւորն է: