Ըստ «Financial Times»-ի` Ռուսաստանում Օլիմպիական գործիչներին աշխատանքից ազատելը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի որդեգրած ղեկավարման նոր ոճի ամենաթարմ դրսեւորումներից է: Նախագահության երկու տարիների ընթացքում Մեդվեդեւը աշխատանքից ազատել է չորս նահանգապետերի, Ոստիկանության 18 գեներալների եւ 20 չինովնիկների, ինչպես նաեւ՝ տասնյակ մանր պաշտոնյաների: Վանկուվերի ձմեռային Օլիմպիական խաղերից հետո Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ նման ձախողման համար պատասխանատու բոլոր գործիչները պետք է հրաժարական տան:
Օրերս հրաժարական տվեց Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահը: Ինչպես գրում է «Financial Times»-ը, Մեդվեդեւի մոտեցումը տարբերվում է Պուտինի քաղաքականությունից, որը, չնայած կոշտ գործչի համբավին, մեղմանում էր, երբ հերթը հասնում էր աշխատանքից ազատելուն: Նախագահության 8 տարիների ընթացքում Ռուսաստանի ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինը գրեթե ոչ մեկի չի ազատել աշխատանքից` ոչ «Կուրսկ» սուզանավի, ոչ Բեսլանի ողբերգությունից հետո: Բացի այդ, ըստ պարբերականի` Պուտինը հարցազրույցների ընթացքում բազմիցս ընդգծել է, որ չինովնիկներին աշխատանքից ազատելու եւ նրանց փոխարեն նորերին նշանակելու քաղաքականությունը հաճախ հանգեցնում է «նույն կամ նույնիսկ ավելի վատ արդյունքների»: